Հակակոռուպցիոն պայքար կոռուպցիոն գործունեությամբ 

Հակակոռուպցիոն պայքար կոռուպցիոն գործունեությամբ 

Օրերս Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշում է ընդունել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Դա այն խորհուրդն է, որի նախագահ է նշանակվել (իբրև թե Ազգային ժողովի կողմից ընտրվել) Գագիկ Ջհանգիրյանը՝ չունենալով դրա իրավունքը: Իսկ նշանակվել է, բնականաբար, ժողովրդից իշխանության մանդատ ստացած Փաշինյան Նիկոլի կողմից: Ինչ մնում է որոշմանը, ապա դրա կայացման  հիմքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունն է պաշտոնի հետ անհամատեղելի՝ դատավորի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքը: Պարզվել է, որ 2020-ի մայիսին դատավորը գնել է ինչ-որ ընկերության ինչ-որ բաժնեմաս՝ մեկ օր անց հանձնելով հավատարմագրային կառավարման: Հենց դա էլ հանձնաժողովի կողմից դիտարկվել է որպես ձեռնարկատիրական գործունեություն:

Բայց պարզվել է նաև, որ ծնունդով գավառեցի դատավորը արտահերթ խորհրդարանական ընտրությանն իր ծննդավայրում աջակցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող «Հայաստան» դաշինքին: Եվ այդ պատճառով էլ հայտնվել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի սև ցուցակում: Հիշո՞ւմ եք Արցախ այցելած օտարերկրացիներին ադրբեջանական սև ցուցակում ներառելու երևույթը: Նման են, չէ՞, իրար՝ ընդամենը մեկ ձևական տարբերությամբ. Ադրբեջանի կողմից կազմված ցուցակը պաշտոնական է և հրապարակային, իսկ Նիկոլինը՝ ոչ պաշտոնական և ոչ հրապարակային:

Ինչևէ, շարունակենք դատավորի լիազորությունները դադարեցնելու թեման: Փաստորեն առկա է մի երևույթ, երբ իր քաղաքական հակառակորդին որևէ ձևով աջակցած դատավորը՝ թեկուզ զուտ օրինականության շրջանակում, վերածվում է ոչ վստահելիի և ենթարկվում է վեթինգի: Իսկ ի՞նչ էր նախապես ենթադրում վեթինգ (անգլերեն՝ զտում) հասկացությունը: Այն իրավական հակակոռուպցիոն գործիք է, որով պետք է ստուգվեր այս կամ այն դատավորի բարեվարքությունը, այսինքն՝ նրա վարքագծի համապատասխանությունը օրենքին տառին և ոգուն:

Համոզված եմ, որ վերաքննիչ դատարանի դատավորի կարգավիճակին հասած անձնավորությունն այնքան խելացի է, որ օրենքի խախտում թույլ չէր տա: Ինչը նշանակում է, որ հակակոռուպցիոն գործընթացի՝ վեթինգի զոհ է դառնում բացարձակ անմեղ դատավորը: Ինչ է սա՝ եթե ոչ քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսևորում: Պատկերացնում եք՝ հակակոռուպցիոն իրավական գործիքով կոռուպցիոն գործողության իրականացում իշխանության կողմից: Եվ դա այսպես կոչված ժողովրդի իշխանության պայմաններում: Եթե մեծ ցանկություն ունենամ ենթադրելու, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրա մասին տեղյակ չէ, ապա ի պաշտոնե այդ հարցերին առնչվող ավելի ցածր կարգի չինովնիկները հստատ գիտեն, թե ինչն ինչոց է: 

Ահա թե ինչպես է դատական համակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարում ժողովրդի «փրկիչ» և միաժամանակ օրինավորության ու արդարության «ասպետ» Փաշինյան Նիկոլը: