Ջուլֆալակյանի հետ զրո քննարկում ենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Ջուլֆալակյանի հետ զրո քննարկում ենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում այս ամիսների ընթացքում։ Եթե Ջուլֆալակյանը ունեցել է մտահոգություն այս կամ այն ոլորտների կամ խնդիրների հետ կապված, թող բարձրաձայներ, մենք կոնկրետ մտահոգությունների հետ կապված կարձագանքեինք ու շտկումներ կանեինք։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի պատգամավորական մանդատը վայր դնելու գործընթացի մասով հարցին։

Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ մանդատը վայր է դնում, պատճառը Հարությունյանի հետ ունեցած աշխատանքային անհամաձայնություններն են։

«Մենք քննարկում չենք ունեցել, էս հարցերը չեն բարձրաձայնվել, ես խմբակցության հետ հանդիպում եմ ունեցել մոտավորապես 1,5 ամիս առաջ, այնտեղ ևս այս ամենից չի խոսվել, ուստի հիմա այդ ընդհանրական հայտարարությանը չեմ ուզում անդրադառնալ»,- ասաց Հարությունյանը։

Ընդդիմության քննադատություններին եւ նրա հրաժարականի պահանջի մասով հարցապնդմամբ ԱԺ դիմելուն անդրադառնալով՝ Հարությունյանը նշեց, որ հարցապնդման ժամանակ անպայման բոլոր հարցերին հատ-հատ անդրադառնալու է։