«Ի հեճուկս թշնամու», խրախճանքը դեռ շարունակվում էր

 «Ի հեճուկս թշնամու», խրախճանքը դեռ շարունակվում էր

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջապես, երեկ գիշերը հայության մի զգալի հատված առաջին անգամ «լիարժեք հագեցրեց» 32 տարվա անկախության ընթացքում ամբարած իր «երջանկության ծարավը...» 32 տարի շարունակ հայի այդ հատվածը, կարծես, սպասում էր հենց այս Նոր տարվա «բաղձալի» գիշերվան... Սպասում էր, որպեսզի, «ի հեճուկս թշնամիների», մոտ չորս ժամ տևած հախուռն հրավառությամբ ցուցադրեր սեփական հոգու անմիտ խրախճանքը...

Թե որքանով նրան հաջողվեց դա ցույց տալ «հասցեատիրոջը», դժվար է ասել... Բայց, որ հայի մտածող հատվածը ցավով հետևեց այդ «ինքնաբուխ» երջանկության խելագար ընթացքին, դրանում, գրեթե, կասկած չունեմ...

Հ.Գ․ Իդեպ, քիչ առաջ, երբ Եռաբլուրում էի, քաղաքի տարբեր մասերից լսվում էին պայթուններ... հրավառության պայթուններ... Ասել է թե՝ «ի հեճուկս թշնամու», խրախճանքը դեռ շարունակվում էր...»։