Ամենալավը Նիկոլը գիտի իր վարկանիշի չափը․․․

Ամենալավը Նիկոլը գիտի իր վարկանիշի չափը․․․

Մեր մեծերից միշտ լսել եմ, դուք էլ լսած կլինեք, որ տարիներով ստեղծած անունդ, հեղինակությունդ կարող ես մի վայրկյանում ջուրը գցել, կորցնել։ Հետո մի ողջ կյանք է պետք, երբեմն պատմական մի ողջ շրջան, որպեսզի կարողանաս «կոտրած անունդ, հեղինակությունդ» վերականգնել։ Կարող է թվալ, որ դա շարքային քաղաքացիներին է վերաբերվում, բայց վստահորեն ասում եմ, նույնը՝ ավելի արտահայտված, պատմությամբ ճշտված, վերաբերվում է երկրի ղեկավարներին։ Այս ֆոնի վրա չափազանց պրիմիտիվ ու ծիծաղելի է թվում, երբ Արցախը հանձնած, Հայաստանը հերձած, պատերազմում խայտառակ պարտություն կրած ու կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացումից են խոսում։ Ինչ որ ընկերության հարցում են հրապարակում, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 67 տոկոս է, որը մի փոքր ավելի բարձր է նախորդ հարցման արդյունքներից: Սույն ընկերությունն ավելի ճիշտ կանի իր վարկանիշի մասին մտածի, որ իր մի հայտարարությամբ զրոյացրեց։

Խորքայինը բոլորս հասկանում ենք, թե ինչու այդպես «շտապ» պետք է բարձրացնել խաղաղության պայմանագիրը գլխի տակ քնողի վարկանիշը։ Բայց հարցը դա չէ։ Ո՞ր մի տրամաբանությամբ կարող է մի ողջ ազգի ճակատագիրը սև թղթի վրա գրողի վարկանիշը բարձրանալ։ Ի՞նչը փոխվեց։ Արցախը հե՞տ բերեցինք, Հայաստանի սահմաններից թշնամուն դու՞րս հանեցինք․․․

Հարյուրավոր պատմական թվարկումներ կարող եմ անել, որոնք ազգին կանգնեցրել են անդնդի եզրին։ Ո՞ր մեկը չեզոքացվեց։ Ամոթ է այդքան տարրական բանը չհասկանալը՝ կոտրված անունը, որը հիմա վարկանիշ են ասում, նրա փշուրները, հնարավոր չէ հավաքել։ Եթե առաջ մարդիկ խաբվում էին ընկերությունների հարցումով, հիմա շատ լավ գիտեն դրանց քաղաքական պատվերն ու գինը։ Դժվար բան չէ, մտեք ցանկացած վայր, ուր ձեզ վստահում են և փորձեք խոսել այս իշխանության, Նիկոլ Փաշինյանի մասին և զարհուրած դուրս կգաք։ Զարհուրա՜ծ։

Ամենալավը Նիկոլ Փաշինյանը գիտի իր վարկանիշի չափը։ Ասելուն չնայեք, գործելու՜ն նայեք։ Վերջին անգամ ե՞րբ եք տեսել նրան իր հպարտ ժողովրդի մեջ շրջագայելուց։ Ազա՜տ, անկաշկաա՜նդ, 2018-ի սիրող հայացքներով շրջապատված․․․ Էլ հնարավոր չէ հետ բերել 2018-ի սերը, հեղինակությունը, անունը․․․ Ժողովրդի առաջ կանգնած է մի ուրիշ մարդ, ով վարկանիշ է նկարում, որ կարողանա ազատ ձեռքերով հանձնի մեր երկիրը։