Փաշինյանը հերթական լայվով նախանշում է իր առաջիկա անելիքը, եւ դա Հայաստանի տնտեսության զարգացումը չէ, երկրում իր իսկ կողմից խրախուսվող հանրային թշնամության եւ անհանդուրժողականության հաղթահարումը չէ, Հայաստանի հարաբերությունների կարգավորումը չէ՝ իր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ, այլ բռնաճնշումների եւ ունեզրկման քաղաքականությունը շարունակելու մասին հայտարարություն է` էլ ավելի մեծ թափով եւ ջանասիրությամբ: Հայաստանում այլեւս չեն լինելու հարուստներ եւ աղքատներ, չի լինելու միջին խավ, լինելու են համատարած աղքատություն եւ նրանց վրա իշխող մի խումբ մարդիկ՝ իր գլխավորությամբ: «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը, սրանք պետք ա հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլեւս ընտրակաշառք բաժանել: Սա ա քաղաքական օրակարգը, եւ էս առումով հեղափոխությունն այլեւս չի կարող լինել թավշյա»,- իր լավում ասել է Փաշինյանը:
Այսպես կոչված, պատերազմի եռագլուխ կուսակցությանն ունեզրկելու ցանկությունն ունի մի քանի պատճառ: Ահա դրանցից ամենակարեւորները:
1. Փաշինյանը տեսավ, որ հայ հասարակության առնվազն կեսը, իսկ իրականում՝ անհամեմատ ավելի մեծ մասը, վստահության քվեն տվեց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցություններին, չլինեին իր կողմից կազմակերպված ընտրակեղծիքները եւ բռնաճնշումները, նրանք ստացել էին մեծամասնություն եւ ձեւավորել էին կառավարություն: Երբ Փաշինյանը խոսում է նրանց ունեզրկելու մտադրության մասին՝ ասելով, որ նրանք այլեւս մտքով չանցկացնեն ընտրակաշառք բաժանել, նկատի ունի հետագա քաղաքական պրոցեսներին նրանց, այդ թվում ընտրություններին մասնակցելուց, իրեն եւ իր խունտային դիմադրելու հնարավորությունից զրկելը, այդ թվում եւ՝ ֆինանսական:
2. Փաշինյանը գիտի, որ իր գործունեության արդյունքում Հայաստանը մատնվել է տնտեսական աղետի, դրա հետեւանքները դեռեւս ակնառու չեն, բայց շատ շուտով ավելի ու ավելի ակնհայտ կդառնան, հարյուր հազարավոր մարդիկ զրկվելու են աշխատանքից, եկամտից եւ ապրելու տարրական հնարավորությունից: Ինքն անընդունակ է լուծել այդ մարդկանց խնդիրները, ընդհակառակը՝ խնդիրների աղբյուրը հենց ինքն է: Բայց կարող է այդ հարյուր հազարավոր մարդկանց համար սփոփանքի աղբյուր ստեղծել՝ աղքատացնել նաեւ այլ մարդկանց, ովքեր դեռ ոտքի վրա են: Ուրախացեք, որ միայն դուք չեք աղքատ, աղքատությունը համատարած է. ահա նրա հիմնական անելիքը: Փաշինյանը չի կարող այնքան փող խլխլ Կարապետյանից, Քոչարյանից կամ Ծառուկյանից, որ դրանով կարողանա փոխհատուցել աղքատացող գյուղացիներին, արտահանողներին, վերամշակողներին։ Բացի դա, ինչո՞ւ պետք է իր խլած փողն ուրիշին տա, եթե կարող է պահել իրեն: Բայց մտածում է, որ մարդիկ կարող են բավարարված լինել ուրիշների աղքատացմամբ` «ընկերովի մահը հարսանիք է» տրամաբանությամբ:
3. Կարապետյանը, Քոչարյանը, Ծառուկյանը ոչ միայն Փաշինյանի քաղաքական հակառակորդներն են, այլեւ՝ Հայաստանի թուրքացման օրակարգի հակառակորդները, դրա դեմ դիմադրության եւ պայքարի կազմակերպիչները: Քանի դեռ նրանք կան եւ գործունեություն են ծավալում, Հայաստանի թուրքացման օրակարգի առաջմղումը հանդիպելու է կոշտ դիմադրության: Հայտարարելով նրանց ունեզրկելու իր մտադրության մասին՝ նա Ադրբեջանին եւ Թուրքիային ասում է, որ ինքը շարունակում է հետեւողական լինել Հայաստանի թուրքացման հարցում, ոչնչացնում է այդ օրակարգի հակառակորդներին, եւ ոչ մի շեղում այդ օրակարգից չի լինելու:
4. Կարապետյանը, Քոչարյանը եւ Ծառուկյանը նախընտրական շրջանում հանդես էին գալիս Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռություն պահելու, Հայաստանը հակառուսական հարթակ չդարձնելու եւ Հայաստանը ԵԱՏՄ անդամի կարգավիճակից չզրկելու դրույթներով: Հայտարարելով նրանց ունեզրկելու մտադրության մասին՝ Փաշինյանը հայտարարում է, որ շարունակում է հակառուսական քաղաքական կուրսը եւ Հայաստանը հակառուսական հարթակ, Ռուսաստանի թշնամի դարձնելու քաղաքական գիծը: Նա, ըստ էության, ոչնչացնում է Հայաստանում Ռուսաստանի բարեկամ քաղաքական գործիչներին եւ նրանց կողմից ղեկավարվող քաղաքական ուժերին:
Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո Հայաստան է գալիս Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, իր հակահայկական հայտարարություններով հայտնի Հիքմեթ Հաջիեւը, իսկ նույն օրը Լուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարական խորհրդի նիստին՝ այնտեղից սպառնալիքներ եւ հաթաթաներ հնչեցնելով Ռուսաստանի հասցեին:
Այս ամենը ցույց է տալիս, որ բալանսիրովշչիկը վերջնականապես կորցրել է հավասարակշռությունը եւ ուղիղ անցում է կատարում դեպի Հայաստանի թուրքացում, եվրոպական փաթեթավորմամբ ծրագրի իրականացում: Բնական է, որ նման պայմաններում դրա դեմ հանդես եկողները պետք է հայտարարվեն թշնամիներ, ովքեր ենթակա են ունեզրկման եւ ոչնչացման: