Քաղաքականություն

Ինչու է ՄԻՊ-ն այդ հարցը լուծելու համար դիմում միջազգային հանրությանը

Ինչու է ՄԻՊ-ն այդ հարցը լուծելու համար դիմում միջազգային հանրությանը

Արդեն 11-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի միջանցքը՝ Արցախի 120 հազար բնակչի թողնելով շրջափակման մեջ։ Ադրբեջանի այս գործողություններն աշխարհին հենց ադրբեջանական աչքերով էլ հասու են դառնում, քանի որ այդ տարածքում տեսանկարահանման եւ իրավիճակը լուսաբանելու մենաշնորհն ադրբեջանցի լրագրողներին է տրված, հայ լրագրողների մուտքը Լաչինի միջանցք խստիվ արգելված է, եւ հայ հասարակությունը զրկված է տեղի ունեցողի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։ 

«Հրապարակի» հետ զրույցում «Նյուդեյ» լրատվականի լրագրող Անի Գեւորգյանն ասաց, որ վերջերս իրեն արգելել են մուտք գործել Արցախ․«Ինձ չեն թողել Տեղ համայնքի անցակետից այն կողմ անցնեմ, նշել են, որ ռուս խաղաղապահները դեմ են, որ լրագրողներն անցնեն։ Բնակիչների մի խումբ փորձում էր գնալ դեպի Արցախ ու պահանջում էր, որ մեզ էլ իրենց հետ թողնեն, բայց այդ պահին չթողեցին»։ Այսինքն, շարքային քաղաքացիներին թողնում են, լրագրողներին՝ ոչ։ Ակնհայտորեն այն նպատակով, որ միայն ադրբեջանական պահանջներն ու տեսակետն աշխարհին հասնի։

Անի Գեւորգյանին հարցրինք՝ Հայաստանի իշխանություններից որեւէ մեկը, ՏԻՄ որեւէ ներկայացուցիչ կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից փորձե՞լ է բանակցել, որ հայ լրագրողներին թողնեն անցնել Հայաստան-Արցախ սահմանը։ «Որեւէ մեկը չի փորձել բանակցել, որ մեզ թողնեն, ու խնդիրն այն է, որ այս օրերին Ադրբեջանը միակողմանի տեղեկատվություն է տարածում հենց Լաչինի միջանցքից, եւ լրագրողներն ընդհանրապես հնարավորություն չունեն նորմալ աշխատելու՝ չնայած նրան, որ արցախցիները եւս այդ պահանջը դնում են։ Ես տեղյակ չեմ՝ այս խնդրի մասին ՄԻՊ-ը բարձրաձայնել է, թե ոչ, եթե բարձրաձայնած լիներ, կիմանայինք, կամ գուցե մեր աչքից է վրիպել, բայց ես տեսել եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ այս խնդրի մասին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է բարձրաձայնել»,- պատասխանեց լրագրողը։ Ի դեպ, հենց երեկ ՀՀ ՄԻՊ-ն այդ մասին մի անհասցե ու անորոշ միտք է արտաբերել, որից չի հասկացվում, թե նա ում է մեղադրում այն բանում, որ հայ լրագրողները տեղում չեն կարողանում լուսաբանել միջանցքը փակելու իրադարձությունները։

Անի Գեւորգյանի համար տարակուսելի է նաեւ ռուս խաղաղապահների կեցվածքը․ նրանք հայ լրագրողներին աշխատել թույլ չեն տալիս, բայց ադրբեջանցի լրագրողների նույնիսկ ծաղրուծանակն են հանդուրժում։ «Կարծում եմ՝ լրագրողների հարցը եւս պետք է բանակցություններում դրվեր, լրագրողները եւս պետք է հնարավորություն ունենան լուսաբանելու, որովհետեւ ստացվում է, որ այդտեղ կանգնած ռուս խաղաղապահներին ադրբեջանցի լրագրողներն անգամ ծաղրում են, նրանք լուսաբանելու հնարավորություն ստանում են, իսկ մենք չունենք հնարավորություն։ Ստացվում է՝ ամեն անգամ մեզ ասվում է, որ չի կարելի ռուս խաղաղապահների հենակետ նկարել, խաղաղապահ նկարել, եղել է նաեւ, որ էլի մեկ անգամ ինձ Արցախ չեն թողել ռուս խաղաղապահները, բայց հանդուրժում են ադրբեջանցի լրագրողների ծաղրուծանակը՝ բոլորս տեսել ենք, թե ինչպես են խոսափողը պարզում խաղաղապահներին, ծաղրում նրանց»,- ասաց Գեւորգյանը։ 

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ «Թվապատում» կոչվող միջոցառման ժամանակ է խոսել այս թեմայով, ասել է, որ կեղծ բնապահպանների ակցիան ուղիղ լուսաբանվում է ադրբեջանական կառավարական մեդիաների կողմից, իսկ հայաստանյան ու միջազգային մեդիաների հասանելիությունը սահմանափակված է։ «Ինչո՞ւ թույլ չի տրվում, որ որեւէ անկախ լրագրող հասանելիություն ունենա տարածքին»,- հարց է բարձրացրել ՄԻՊ-ը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փորձեցինք ճշտել, թե ով է ՄԻՊ-ի բարձրացրած հարցի հասցեատերը, ում է նա դա ուղղում։ Գրասենյակից տարօրինակ պատասխան տվեցին, որ հարցի հասցեատերը միջազգային հանրությունն է։ 

Քանի որ Լաչինի միջանցքի արգելափակումն ու Արցախի շրջափակումը մեծ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներ են, այդ թեմայի լուսաբանումն իրենից հանրային շահ է ներկայացնում եւ անմիջականորեն աղերսվում ՀՀ քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու, խոսքի ազատության իրավունքի, կյանքի եւ այլ իրավունքների հետ։ ՄԻՊ աշխատակազմից փորձեցինք ճշտել, թե ինչ գործողություններ է ձեռնարկում ՄԻՊ-ը քաղաքացիների այդ իրավունքները պաշտպանելու եւ հայաստանյան ԶԼՄ-ների մուտքը Լաչինի միջանցքի տարածք ապահովելու ուղղությամբ։

ՄԻՊ աշխատասենյակից պատասխանել են, որ Քրիստինե Գրիգորյանը միջազգային հանրության մոտ բարձրաձայնում է հարցը․ «Հենց սա էլ անում է ՄԻՊ-ը՝ անկախ լրագրողների հասանելիության հարցը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մոտ բարձրացնելով»։ Այդպես էլ չնշելով, թե որ միջազգային ատյաններն ու իրավապաշտպան կառույցներն են արգելում մեր լրագրողներին՝ հասնել դեպքի վայր, եւ ինչ կարող են անել նրանք, ըստ Քրիստինե Գրիգորյանի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image