Տեղական արտադրության թեստերը շատ ավելի էժան կլինեն

Տեղական արտադրության թեստերը շատ ավելի էժան կլինեն

Մենք գրել էինք, որ օրերս ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտելու է թեստերի մշակման գործընթացը եւ դրանց առաջին խմբաքանակն ուղարկելու է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն իր հերթին պետք է ստուգի դրանք եւ ուղարկի լաբորատորիաներ՝ մասսայական օգտագործման։ Երեկ տեղեկացանք, որ կենտրոնն արդեն իրականացնում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մշակած թեստերի փորձարկումները։ ՀՎԿԿ է ուղարկվել 300 թեստ․ այս մասին մեզ հայտնեց Միկրոկենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Արտավազդ Վանյանի գլխավորած կենտրոնը, նրա խոսքով, դեռ եզրակացություն չի տվել։ Պարոն Առաքելյանին հարցրինք՝ հիմա, երբ մշակումներն արդեն արվել ու ուղարկվել են, որքա՞ն է կազմել թեստերի ինքնարժեքը։

Ինստիտուտի տնօրենն այս անգամ էլ խուսափեց կոնկրետ թիվ նշելուց՝ ասելով, որ չի ուզում դեռ պատասխանել, իսկ ճշտող հարցին, թե 25-30 հազա՞ր, ասաց․ «Շատ ավելի էժան»։ Հիշեցնենք, որ Արսեն Առաքելյանը նախկինում հարցին, թե իրենց լաբորատոր փորձարկումներով որքան է սխալականությունը, ասել էր․ «Սխալականություն չկա, նույն տվյալներն են, որոնք կան ԱՆ-ի կողմից ախտորոշման համար օգտագործվող թեստերի պարագայում»։ Հիշեցնենք նաեւ, որ ծրագրում են արտադրել օրական 1000-2000 թեստ: Ու քանի որ թեստերը երկրում սպառվում են, եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ շատ քիչ են թեստավորում, ուստի թեստերի արտադրության հարցը մեզանում դարձել է օրախնդիր։