Վարչախումբը ոտուձեռ է ընկել
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր մի գրառման մեջ (մինչ այդ՝ նաեւ խորհրդարանում) հեգնել է ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ «Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ»,- գրել է նա: Նկատենք, որ տիկին Զոհրաբյանի վերոբերյալ «կանխատեսման» իրականություն դառնալու հավանականությունը փոքր չէ, եթե ներկա որակն ու մակարդակն ունի օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը։ Հանուն այն բանի, որ կյանքի կոչվեն իրենց երբեմն ապազգային, ապաբարոյական, ապօրինի եւ հակաիրավական մտասեւեռումները, որոնք բնականորեն ակտիվացել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում, նրանք արդեն ի վիճակի են օրենքի հանդերձ հագցնել ցանկացած անմտության, ցանկացած անհեթեթության, ցանկացած դավաճանության։
Փաստորեն, նախօրեին այդպիսի մի հանդերձի «չափափորձումն» էր (примерка)։ Եվ պատվիրատուները՝ կառավարությունն ու վարչապետը, պետք է որ գոհ մնացած լինեն այդ «չափուձեւից», մանավանդ որ այն ավելի շատ «չափալախի» էր նման․ չափալախ՝ տրամաբանությանը, օրինականությանը, բարոյականությանը։ Իսկ պատվիրատուները, ինչպես հայտնի է, չափալախ սիրում են։ (Բնականաբար՝ տալ, ոչ թե ստանալ): Եվ Ազգային ժողովի՝ իրար հետեւից հերթով ընդունվող վիճահարույց օրենքները գալիս են հաստատելու, որ, չբավարարվելով ասֆալտին փռելու, պատերին ծեփելու իրական ու առօրյա դրսեւորումներով, վարչախումբն անցել է միաժամանակ նաեւ օրենքը, իրավունքն ու բարոյականությունն ասֆալտին փռելու, պատերին ծեփելու թավշյա գործին։ Օրենքը, իրավունքն ու բարոյականությունը ՉԵՂԱՐԿԵԼՈՒ գործին։ Վախենամ՝ շուտով «կվնգստա» նաեւ սահմանադրությունը։
Վերոհիշյալ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտարարված հանրաքվեն չեղարկելու մասին օրենք ընդունելու ԱԺ իրավասությունը փաստարկել է մի քանի ամիս առաջ հաջողությամբ գլուխ բերված, բայց միանգամայն «հակառակ»՝ հանրաքվե հայտարարելու ԱԺ «իրավասությամբ»։ Այսինքն՝ եթե կարելի է հանրաքվե հայտարարելու մասին օրենք ընդունել, նույն հիմքով կարելի է նաեւ չեղարկել։ Փիլիսոփայության մեջ սա կոչվում է սոփեստություն, իսկ ժողովուրդն ավելի պատկերավոր է ձեւակերպել՝ աղվեսը պոչն է վկա բերում։ Ակնհայտ է, որ վարչախումբն ընկել է օրենքի՝ իր իսկ փորած փոսը եւ հետընթաց շարժումով փորձում է դուրս գալ՝ մոռացած, որ իմաստուն մեր ժողովուրդն այդ աննախանձելի իրավիճակն էլ է կանխատեսել՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու։
Բայց մենք կհասկանայինք իշխող խմբակցության այս մտասեւեռումը, եթե իսկապես էշից իջնելու «այիբը» բխեր այն մտահոգությունից, թե արտակարգ դրության հավանական երկարացումների պայմաններում անհրաժեշտություն է ծագել չեղարկելու հանրաքվեն՝ հանուն հանրային առողջության եւ անվտանգության։ Կհավատայինք նաեւ Վահագն Հովակիմյանի մյուս մեկնաբանություններին, մեր նախկին գործընկերոջ խաթեր՝ նույնիսկ կջանայինք հասկանա՛լ իր բանավոր խոսքը, թե բա՝ օրենսդրական բացեր կան, եւ դրանք պետք է փակել։ Սակայն իրողությունն այն է, որ վարչախումբը ոտուձեռ է ընկել ո՛չ ի սեր օրինականության, իրեն կոտորում է ո՛չ հանուն օրենսդրական բարեփոխումների․ նրան հուզող միակ բանը հանրաքվեով հավանականորեն երեւակվող այն քաղաքական իրավիճակի կասեցումն է, երբ հստակ կառերեսվեին դառը իրականության հետ՝ տեսնելով իրենց վարկանիշի գահավիժումը։ Հենց այստեղ է, որ օրենքը, փոխանակ ամրապնդվի բարոյականությամբ (ինչպես իրավունքի հիմքում ընկած պիտի լինի արդարությունը), ընդհակառակը՝ դառնում է անբարոյականության սպասավորը։ Որովհետեւ բարոյականության հետ աղերս չունի այն գործելակերպը, երբ սեփական քաղաքական ապագայի կարիքներով փորձում ես վերաձեւել օրենքն ու օրենսդրությունը՝ ոտնատակ տալով նաեւ սովորական տրամաբանությունը։
Բայց սա առաջին դեպքը չէ, երբ իշխող քաղաքական ուժի կողմից քամահրվում են բարոյականության տարրական նորմերը, ոտնատակ է արվում արդարությունը՝ ի վերջո հանգեցնելով օրենսդրության ոլորտում հենց տրամաբանության ու բարոյականության չեղարկման։ Եվ բնավ զարմանալի չէ, որ դրանք չեղարկվում-անհետանում են նաեւ այդպիսի օրենքներից «բխող» իրավական քայլերում ու գործողություններում։
Իսկ իշխող քաղաքական ուժի քայլերում ու գործողություններում տրամաբանության, առավել եւս՝ բարոյականության բացակայությունը մենք տեսնում ենք ամեն օր։
Թե մինչեւ ո՛ւր կհասնեն երիտասարդ իմքայլականների օրենսդրական արկածախնդրությունները՝ դժվար է ասել։ Բայց արժե հիշել ժողովրդական եւս մի դարձված, որին կարող է հանգել ապօրինությունների հակված ցանկացած քաղաքական ուժ - էշ նահատակ։ Եվ մեծագույն վտանգն այն է, որ այդպիսին կարող է դառնալ ոչ միայն այդ քաղաքական ուժը, այլեւ նրան իշխանության բերած ժողովուրդը։
Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ