2002 թվականին Ա1 +-ը փակելն էլ էին ինչ-որ կերպ արդարացնում

2002 թվականին Ա1 +-ը փակելն էլ էին ինչ-որ կերպ արդարացնում

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկություն և հաղթողի ընտրություն։ Մրցույթին մասնակցում էին «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Քվեարկության արդյունքում Հանրային հեռուստաընկերությունը 78 միավորով հաղթեց մրցույթում, Հ2-ը ստացավ 55 միավոր, ինչը բոլորովին էլ անսպասելի չէր։ Մենք զրուցել ենք ՀՌՀ անդամ, նախկին պատգամավոր, դերասան Արթուր Մանուկյանի հետ:

- Մրցույթում հաղթեց Հ1-ը: Քաղաքական որոշում է ընդունվե՞լ….

- Իհարկե` ոչ: Հանձնաժողովի նախագահն արդեն իսկ իր խոսքում նշեց ամեն բան:

- Ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր լրատվամիջոցները` թիվիներն այսչափ ճնշված են, իսկ իշխանամետ հեռուստաընկերություններ եթեր են հեռարձակում սարսափելի գռեհիկ, անորակ հեռուստասերիալներ: ՀՌՀ-ն ի՞նչ է անում այս ուղղությամբ:

- Մեր գործառույթները սահմանված են օրենքով:

- Օրենքը թույլ տալի՞ս է բռնության տեսարաններով սերիալներ եթեր հեռարձակել:

- Ցուցադրում են և դրա համար ստանում են նկատողություն, իսկ ի՞նչ գիտեք, որ անպատիժ են մնում: Նրանք տուգանվում են:

- Բայց Հ2-ին եք լիցենզիայից զրկում, նրանք շարունակում են ցուցադրել ինչ ցանկանում են:

- Լիցենզիայից զրկելու համար շատ լուրջ հիմքեր են հարկավոր: Խախտումներ անելու համար տուգանվում են բոլորը: Երբևէ ոչ մեկին պետք չէ կացնահարել, սակայն տուգանվում են բոլորը: Սահմանվում են տուգանքներ և եթե խնդիրը չի լուծվում, այդ ժամանակ էլ լիցենզիայից զրկվում են:

- Եթե Ձեր լեզվով ասած` նախկիններն այսպես վարվեին, ընդդիմադիր հեռուստաընկերություն փակեին, փոխարենը երկու լիցենզիա տրամադրեին Հ1-ին, որը բոլոր ժամանակների իշխանական քարոզչամեքենան է, ինչպե՞ս կարձագանքեիք:

- Ընդդիմադիր հեռուստաալիքը օրենքի սահմաններից դուրս է եկել և ստացվել է այսպես: Այդ մասին մենք բազմաթիվ փաստարկներ ենք բերել: Սա մերկապարանոց որոշում չէ: Մենք թվանշան ենք դրել, արդյունքում Հ2-ը քիչ ձայներ է ստացել:

- Իսկ Դուք պատահմամբ չե՞ք հետևում Գնել Սարգսյան անուն-ազգանունով «հեռուստամեկնաբանի» հաղորդումներին, չե՞ք արձանագրում, թե ինչպես է ատելության խոսք տարածում:

- Բոլորն էլ պատժվում են, այդ թվում Ձեր նշած անձը: Ո՞վ ասաց, որ մենք խրախուսում ենք նրան: Բոլոր ատելության խոսք տարածողներն էլ պատժվում են, անկախ այն բանից, իշխանություն են, թե ընդդիմություն:

- Փաստն այն է, որ իշխանությանը սպասարկող լրատվամիջոցներին ամեն բան կարելի է, իսկ ընդդիմադիրներին` ոչ:

- Հ1-ը առավել գերհագեցած տեխնիկա ունի, որը չենք կարող համեմատել Հ2-ի հետ: Ի՞նչ կապ ունեն քաղաքական հայացքներն այս ամենի հետ: Դուք օբյեկտիվ չեք: