Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը գերիների վերադարձի ծրագիր է առաջարկել կառավարությանը

Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցությունը գերիների վերադարձի ծրագիր է առաջարկել կառավարությանը

Մայիսի 25-ին Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն տարածեց «Ազատական» կուսակցության կազմում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ 

Այժմ Սամվել Բաբայանը գլխավորում է ցուցակն ու կուսակցության վարչապետի թեկնածուն է։

Կուսակցության կառավարման խորհրդի քարտուղար Արամ Ղլեչյանը, ով ժամանակին նաև դատարանում Բաբայանի շահերն էր ներկայացնում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, «ով որ կհետապնդի ազգային շահ»։   

- Պարո՛ն Ղլեչյան, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին։ Պարոն Բաբայանն իր վերջերս կատարած հայտարարությունով ասաց, որ մասնակցում եք, որ արյունահեղություն չլինի, բախումներ չլինեն։ Իշխանության գալու հնարավորություններ ունե՞ք, նպատակ ունե՞ք։

- Նախ սկսեմ նրանից, որ մենք մեր մասնակցությունը որևէ պարագայում չենք դիտարկում որպես իշխանության գալ, մենք դա դիտարկում ենք ժողովրդին ծառայել։ Ծառայել մեր երկրին, ծառայել այն գաղափարին, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա կայացած, հզոր, պետություն։ Պարոն Բաբայանը շատ տեղին է նշել՝ ինչու ենք մասնակցում այս գործընթացին․ որ ձևավորենք այն այլընտրանքային ուժը, որ կարողանա միավորել բոլոր հակամարտող կողմերին։ Մենք Հայաստանի հանրապետության ներսում թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ։ Մենք պիտի հիմա միավորվենք, համախմբվենք․ մեր հաջությունների գրավականը դա է։ Պետք է դադարեցնենք հասարակությունը բաժանել «սևերի» ու «սպիտակների»։ Պիտի մեր հայրենակիցների հետ աշխատենք, նրանց հետ պիտի ծառայենք և մեր երկիրը զարգացնենք։ Մենք հատուկ կարևորում ենք անվտանգության համապարփակ համակարգի ձևավորումը և ՀՀ տնտեսական զարգացումը։ Այս առումով մենք պետք է վերարժևորենք առկա ռազմաքաղաքական, միջազգային, տնտեսական համագործակցության բոլոր առկա հարթակները, նրանց նոր լիցք ու արդյունավետություն հաղորդենք։ Իսկ անհրաժեշտության դեպքում փնտրենք և ստեղծենք նոր արդյունավետ հարթակներ։ Բոլոր պարագաներում Հայաստանի Հանրապետության զարգացումը հնարավոր է միայն հզոր բանակի առկայության դեպքում։ Եթե ունենանք հզոր բանակ, մեզ հետ տարածաշրջանում հաշվի կնստեն, մեր կարծիքը կարժևորվի։ Մնացած բոլոր դեպքերում թե՛ դիվանագիտությունը կտուժի, թե՛ տնտեսությունը չի զարգանա։ Սա է մեր տեսլականը։ Մենք պատկերացնում ենք, որ միայն այս ուղով ընթանալու պարագայում ենք կարող արդյունավետ ծառայել մեր ժողովրդին և զարգացնել մեր հայրենիքը։ 

- Դուք նշեցիք, որ միավորող դեր եք ուզում ստանձնել։ Ենթադրենք՝ հասնի այնպիսի վիճակի, որ օրինակ՝ կոալիցիա կազմեք․ կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, կամ ուրվագծվող ընդդիմադիր ուժերի հետ՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներ, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններ։ Հարցումների համաձայն՝ համեմատաբար բարձր վարկանիշ ունեցող կամ շատ քվե ստացող կուսակցությունները կամ քաղաքական ուժերն են։ Նրանց բոլորի հետ պատրա՞ստ եք համագործակցել և հնավորության դեպքում կոալիցիա կազմել։

- Գիտե՞ք, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, ով որ կհետապնդի ազգային շահ։ Հայատանի Հանրապետությունում այդ տարանջատումները սխալ են։ Դա կործանարար հետևանքների է բերում։ Մենք ունենք մեկ հիմնական ծրագիր՝ զարգացնել մեր երկիրը, ստեղծել հզոր բանակ, ստեղծել հզոր տնտեսություն, ստեղծել նոր առողջապահական համակարգ, նոր կրթական համակարգ։ Եթե այդ դրույթների շուրջ ցանկացած հայ մեզ հետ համակարծիք է, մենք պատրաստ ենք իր հետ միավորել մեր ջանքերը մեկ նպատակի համար՝ զարգացնել մեր երկիրը։

- Իսկ պատերազմի հետևանքների պատճառն ի՞նչն էր, որ այսպես ողբերգական եղավ թե՛ Արցախի համար, թե՛ մեր ժողովրդի համար։

- Մեր խորհրդի անդամ հանդիսացող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և համայն հայությանը շատ հայտնի պարոն Բաբայանը դրա վերաբերյալ իր մասնագիտական կարծիքն արտահայտել է։ Եվ բնականաբար մենք ամբողջ կուսակցությամբ կիսում ենք այդ կարծիքը։ Բանն այն է, որ բանակը տարիներ շարունակ պատշաճ ուշադրության կենտրոնում չի եղել։ Դրա արդյունքում այն հիմնական կառույցները, որ պիտի գործեին բանակում, արդյունավետ չեն գործել։ Բանակի հրամանատարական կազմը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, բավարար պատրաստվածություն, և արդյունքում բանակն ուղղակի չի ղեկավարվել։ Դա է պարտության հիմնական պատճառը։

- Իսկ քաղաքական ղեկավարությունը պատասխանատո՞ւ չէ։

- Հայաստանի Հանրապետությունում չկա մեկը, ով իր մեղքի բաժինը չունի։ Բոլորս մեղավոր ենք, առաջին հերթին բոլորս մեղավոր ենք մեր անտարբերությամբ։

- Հայտնի խոսք կա՝ եթե դիվանագիտությունը չի աշխատում, զենքերն են աշխատում, կամ ռազմական ուժն է աշխատում։ Այստեղ նաև 3 տարվա դիվանագիտության խնդիրը չե՞ք տեսնում։

- Ոչ, պետք է սկզբունքորեն հակառակ տեսանկյունից մոտենալ։ Դիվանագիտությունն ուժեղ է, երբ թիկունքում կանգնած է հզոր բանակ։ Որևէ գերտերություն չի հաջողի իր դիվանագիտության մեջ, եթե թիկունքում չլինի իր հզոր բանակը։ Մենք այս պահին չունենք այդ բանակը, բնականաբար դիվանագիտությունը նույնպես անզոր է լինելու։ Միայն ուժեղներին են հարգում, միայն ուժեղների հետ են հաշվի նստում։ Մեր առաջարկությունը ժողովրդին՝ «Եկեք ուժեղանանք»։ Դառնանք այն ուժեղ ազգը, հզոր բանակով պետությունը, որն իր պայմանները կթելադրի ամբողջ աշխարհին։

- Ըստ Ձեզ՝ գերիների վերադարձն ինչպե՞ս է հնարավոր կազմակերպել։ Արդեն 6-7 ամիս գերիների վերադարձն ամբողջապես այդպես էլ չի իրականացվում, և այս խնդիրը մնում է։

- Ցավոք, այս խնդիրն իսկապես կա, բայց դրա լուծման բանալին ևս նույնն է։ Մենք պետք է սեղմ ժամկետներում ձևավորենք այն հզոր ուժը, որի հետ Ադրբեջանի Հանրապետությունը ստիպված կլինի հաշվի նստել։

- Տեսե՛ք, կարծիք կա, որ մենք էլ գերեվարենք ադրբեջանցի զինվորների ու փոխանակենք։ Այս մասով ի՞նչ կասեք։

- Մենք ունենք մշակված ծրագիր, որը ներկայացված է ՀՀ կառավարությանը։ Այն ճանապարհային քարտեզը, այն գործողությունների հաջորդականությունը, որը կարելի է իրականացնել, բերելու է արդյունավետ հետևանքների։ Բայց եթե մենք հիմա շատ դետալացված դրա մասին խոսենք, կվտանգենք այդ ամբողջ ծրագիրը։ Ես միայն կարող եմ վստահեցնել, որ աշխտանք այդ ուղղությամբ կատարվում է։ Դրա արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունն ամողջապես մեր ներկայացրած առաջարկը կյանքի կոչի։ Եթե մենք ժողովրդի վստահության քվեն ստանանք, վստահ եմ, ինքներս դա կիրագործենք։ Չենք սպասի՝ ուրիշը դա իրականացնի։

- Իսկ Արցախի հարցում ի՞նչ է պետք անել։ Արդեն Արցախի մեծ մասն ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել պատերազմի հետևանքով։ Եվ նախկինում բանակցություններին հիմնականը «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևն էր։ Հիմա մենք չունենք այդ տարածքները, ի՞նչ ենք անելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։

- Մենք առաջնահերթ պետք է ապահովենք թե՛ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը, թե՛ բավարար ռազմական և ռազմաքաղաքական հենք ստեղծենք, որպեսզի դրանով ապահովենք Արցախի հայության խնդիրների լուծումը և իրավունքի պաշտպանությունը։ Մենք չենք կարող որևէ կերպ այսօր մեր պայմանները թելադրել, քանի դեռ ինքներս չունենք այն հզոր ազդեցության գործիքը, որպիսին կարող է հանդիսանալ մեր մարտունակ, արհեստավարժ բանակը։ Էլի մեր խնդիրների լուծումը հանգում է մեկ կետի՝ մենք պետք է ստեղծենք հզոր բանակ։

- Մի քանի օր առաջ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը պահանջ է դրել հանձնել Տավուշից հատվածներ, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։ Եվ նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Իլհամ Ալիևն էլ բազմիցս հայտարարել է։ Սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերը ե՞րբ պետք է լուծվեն, ի՞նչ պայմաններում, արդյո՞ք հիմա պետք է այս հարցերը լուծվեն՝ հաշվի առնելով Հայաստանի այս թույլ վիճակը։

- Ոչ, այս փուլում դա չի կարելի լուծել։ Այս փուլում այդ խնդիրների լուծումը կարող է ավելի ծանր քաղաքական, դիվանագիտական խնդիրների առաջ բերել Հայաստանին։ Մենք, էլի եմ կրկնում, ունենք հիմնական երկու կարևորագույն հարցեր, որոնց ուղղությամբ պետք է օրուգիշեր աշխատենք։ Ստեղծել հզոր բանակ, ստեղծել կայուն, հզոր տնտեսություն։ Այս երկու հանգամանքներով են պայմանավորված մեր հետագա հաջողությունները։ Սկսեցինք այդ ամբողջը զարգացնել, հընթացս կյանքի կկոչենք մեր մնացած բոլոր խնդիրների լուծումը, եթե ոչ, դոփելու ենք տեղում։

- Իսկ արտաքին հարաբերություններին եթե անդրադառնանք։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով ի՞նչ դիտարկումներ ունեք, ի՞նչ փոփոխություններ պետք է լինեն։ Եվ ո՞ր պետություններն եք համարում Հայաստանի առանցքային գործընկերները, և ո՞ւմ հետ է պետք աշխատանքներ տանել, որ Հայաստանի դիվանագիտական դաշտն ավելի ամրանա։

- Հայաստանն այսօր դաշնակցային հարաբերություններիի մեջ է գտնվում Ռուսաստանի Դաշնության հետ, նաև՝ ՀԱՊԿ շրջանակներում։ ՌԴ-ն մեր հիմնական ռազմավարական դաշնակիցն է։ Այդ հարաբերությունները պետք է զարգանան, դրանց պետք է հաղորդվի նոր լիցք, և բարձրացվի դրանց արդյունավետությունը։ Ինչու չէ, հընթացս պետք է նոր հարթակներն ձևավորվեն, նոր ռազմաքաղաքական ավելի արդյունավետ փոխգործակցություն ձևավորվի, որը մեզ համար պետք է հանգեցնի մեկ նպատակի՝ ապահովել մեր ազգային շահը։

- Ի՞սկ Ֆրանսիա, Ամերիկա, Իրան, Չինաստան, Եվրամիություն․ այս պետությունների հետ համագործակցության մասով ի՞նչ կասեք։

- Պետք է համագործակցենք բոլոր բարեկամ երկրների հետ, ովքեր փոքր-ինչ պատրաստակամ են աջակցել մեզ։

- Իսկ պատերազմի ընթացքում գո՞հ եք Հայաստանին Ռուսաստանի աջակցությունից։

- Ես դժգոհ եմ մեր բանակի վիճակից։ Թույլին ոչ ոք չի օգնում։ Ուժեղներին օգնում են բոլորը։ Առաջնահերթ մենք պետք է ձգտենք դառնալ ուժեղ, որից հետո, կարծում եմ, մեզ օգնելու ցանկություն ունեցողների շարքը շատ կերկարի։