Երկրապահն ընդդեմ երկիր պահողների

Երկրապահն ընդդեմ երկիր պահողների

Նախկինները բարի պտուղ չէին՝ եթե այդպես չլիներ, ապա ինձ նմանները փողոցներում չէին մաշի իրենց տարիները: Ու 2018-ին էլ Սերժը համատարած չէր մերժվի: Սակայն նախկինները կարմիր գծեր ունեին, որ փորձում էին երբևիցե չհատել: Առաջինը հայրենասիրությունն էր, երկրորդը մեր զինվորի կյանքը: Եվ չնայած թե՛ մեկը և թե՛երկրորդը մեկնաբանվում էին իրենց փչացածության շրջանակում, դրանք մնում էին գերակա արժեքների շարքում: Թեկուզ գերակա արժեք ընկալվեր, օրինակ, բանակի հաշվին «ընտանիք պահելը»: Վերջինիս հետ միևնույն շարքում գտնվելը, բնականաբար, խեղաթյուրում էր թե՛ «հայրենասիրություն» և թե՛ «զինվորի կյանք» արժեքների իմաստը: Սակայն դրանք, այնուամենայնիվ, պահպանում էին իրենց որոշակի ինքնուրույնություն ու արժեքայնությունը:

Ժողովրդավարության բաստիոնի անվան ներքո Հայաստանում հաստատված բռնապետական անձնիշխանության գործունեությունը զրոյացրեց թե՛ առաջին և թե՛երկրորդ արժեքը: Արցախյան երրորդ պատերազմում խայտառակ պարտությունն ու դրա պատասխանատվությունն այլոց վրա բարդելու փորձերը զրոյացման առաջին երկու արարներն էին: Հաջորդ երկու արարներն Արցախը (կներեք՝ Լեռնային Ղարաբաղը) սկզբում Ադրբեջանի մաս համարելն էր ու այնուհետև այն հայաթափելուն նպաստելը: Այդ գործընթացներով վերջ դրվեց ոչ միայն կարմիր գծերի գոյությանը, այլև, ընդհանրապես, արժեքային համակարգին: Ինչին նպաստեց նաև սեփական իշխանության պահպանումը որպես «բարձրագույն արժեք» ընկալելը: Ինչը, բնականաբար, պետք է տեղի ունենար առաջին հերթին հայրենիքի, իմա՝ հայրենասիրության հաշվին: 

Նման մտքերի մեջ ընկա, երբ իմացա Տավուշում ինչ-որ երկրապահի կողմից իր ավտոմեքենան միջպետական ճանապարհը փակած մարդկանց վրա քշելու մասին: Ենթադրում եմ, որ վարորդը մարդկանց վնասելու մտադրություն չուներ: Նա, ընդամենը, փորձում էր բողոքավորներին վախեցնել և բացել տալ ճանապարհը: Սակայն իրադրության ողջ ողբերգականությունը և, միաժամանակ, զավեշտը կայանում էր նրանում, որ դա արվում էր ոչ թե ոստիկանական մեքենայի, այլ երկրապահի կողմից: «Հասկանում ես, Կառլ»՝ կասեին ոմանք: Իսկ երկիր պահելուն կոչված կազմակերպության անդամի կողմից երկիր պահող գյուղացու վրա մեքենա քշելն ամենամեծ բարոյական հանցագործությունն էր, որ կարող էր տեղի ունենալ միայն կեղծ ժողովրդավարության և հակահայկական իշխանության պարագայում: Այն իշխանության ներքո, որ փորձում է երկրի տարածքների ու անվտանգության հաշվին հաստատել խախուտ  խաղաղություն: Ու ըստ այդմ՝ խախուտ անվտանգություն: 

Սա այն դեպքն էր, երբ ասվում է, որ գերեզմանում գտնվող Սպարապետի մարմինը մի քանի անգամ շուռ է եկել: Սպարապետի, քանի որ հենց ինքն է ստեղծել այդ կառույցը, որպեսզի պաշտպաներ երկիրը և ոչ թե թե երկիրը մաս առ մաս թշնամուն հանձնող իշխանության անվտանգությունը: Այն իշխանավորի, որի կարծիքով այդ գործընթացը «մի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանությունը բոլոր առումներով»: Դա էլ, իհարկե, ծուռ հայելիների թագավորության արտացոլումն է մեր երկրում: Իսկ իրական հայրենասիրություն էլ բնորոշվում է որպես այնպիսի ուժերի հատկանիշ, որոնք «չեն ուզում, որ Հայաստանի ինքնիշխանությունը զարգանա»:

Ոմանք, իհարկե, կարող են ասել, որ երկրապահի դեգրադացման հիմքը դրվեց հենց Սպարապետի կողմից՝ երբ այդ ուժն օգտագործվեց ներքաղաքական կյանքում: Դրան կարելի է համաձայնել, սակայն այն, այնուամենայնիվ, պահպանեց իր առաքելությունը մինչև Հայաստանում «թավշյա» կամ ավելի ճիշտ՝ արհավիրքային, արկածախնդրության կյանքի կոչվելը: Եվ դեգրադացումն էլ ամբողջացավ հենց ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի շնորհիվ և նրա իշխանության օրոք:

Հ. Գ. Նախկինների ժամանակաշրջանը՝ երբ պաշտպանված էր Արցախն ու անվտանգային սպառնալիքներից զերծ ՀՀ-ն, թե՛ Նիկոլի և թե՛ նրան ընդդիմադիր արևմտամետների կողմից բնութագրվում է որպես ֆորպոստային տրամաբանությամբ պետականության զարգացում: Իսկ արևմտյան կոպեկներով և հրահանգներով առաջնորդվելը, երբ «գերակա արժեքի» է վերածվում պարտվողականությունն ու հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնելը, ներկայացվում է որպես միջազգային ու տարածաշրջանային հեղինակության բարձրացում: Եվ երկիրը պահելուն կոչված երկրապահն էլ աջակցում է այդպիսի «զարգացմանը»: