Թագավորն ապրած կենա․․․

Թագավորն ապրած կենա․․․

Ավինյանն ասում է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավարտական երեկոն  առաջին անգամ իր պատմության ընթացքում անցավ պաշտոնական հագուստով։ Ուշադրություն դարձրեք ազգային բառին։ Այդ բառի բովանդակությունը քանի որ ամբողջովին վերացել է, ու ազգն է խոսում, ընդվզում, որ ազգային, հոգևոր արժեքներից ոչինչ չի մնացել, վերջերս ազգային արժեքների դեմ պայքարող իշխանությունը սկսել է  հեռուստատեսային իր ալիքներով ու այլ միջոցներով ազգային կինոներ ու հաղորդումներ ցուցադրել, անգամ ազգային հագուստներ են հագնում, որ ցույց տան, որ իրենց ուշքը գնում է ազգայինի համար։ Բայց հո բոլորս ենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր սրբության սրբոց ազգային դրոշի կամ մյուս սիմվոլների  հետ։ 

Երևի պոլիտեխնիկական համալսարանը պաշտոնյաների հագուկապից հետո դարձել է ազգային պոլիտեխնիկական համալսարան ու դա պետք է ներառվի որպես  վարչապետի 6666 փաստ։ Այնուամենայնիվ այդ հագուստների մեջ չգիտեմ պաշտոնյաները  ինչի են նմանվում, որ սոցիալական ցանցերում չես կարողանում համոզել, որ դա ֆոտոշոփ չէ։ 
Ըստ իս պաշտոնյաներն այս հագուստի մեջ նմանվում են անցյալ դարի նազիր- վեզիրներին, որոնք  խոնարհաբար դիմում են՝ թագավորն ապրած կենա։ Թարսի պես էլ թագավորը «մերկ է» կամ կներեք, թագավորական շորեր չի հագել,  ու այս ամենը նմանվում է մի խեղկատակության, որտեղ առանց թագավորի բոլորը «թագավորն ապրած կենա են ասում»: Թագավորին վայել համազգեստ է պետք։ Թե չէ նրանք նազիր- վեզիրների պես շքեղ հագնվել ու «վրեն մի քիչ նեղ կոստյումով մարդու» շուրջն են ֆռֆռում։ Ու չես հասկանում՝ եկել են ավարտական երեկոյի՞, թե՞ կառնավալի։