Հեղափոխություն Նիկոլ Փաշինյանի դեմ

Հեղափոխություն Նիկոլ Փաշինյանի դեմ

2018 թ․-ի հեղափոխությունից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն այս կամ այն գործընթացը նախաձեռնելիս հաճախ փորձում է ամենն այդ ներկայացնել որպես հեղափոխության երկրորդ փուլ։ Օրինակ՝ տարբեր ժամանակներում այդ կարգավիճակում են դիտարկվել տնտեսական հեղափոխություն հորջորջվող տնտեսական աճը, դատական համակարգի դեմ կազմակերպված էքսպանսիան և այսպես շարունակ։ Այսինքն, ամեն նոր բան մոգոնելիս դա հռչակվում է որպես հեղափոխության տրամաբանական շարունակություն։ 

Սա իհարկե պարզ բառախաղ է կամ էլ անզուսպ դեմագոգիա, ինչի հետևանքով պղծվում և արժեզրկվում է ոչ միայն 2018-ի շարժումը, այլ նաև հենց ինքնին հեղափոխություն եզրույթը։ 

Իմ դիտարկմամբ 2018-ի շարժումն արդեն վաղուց ավարտվել է։ Իսկ եթե ավելի կոնկրետ այն ընդհատվեց այն պահից սկսած, երբ իր առանցքային նպատակը դարձրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու մտահաղացումը։ Այսպիսով, հեղափոխությունն այլևս չի կարող որևէ շարունակություն և զարգացում ունենալ, դրա վերջնասահմանը կամ էլ հնարավոր առավելագույնը պարզ մարդափոխությունն էր։ 

Բայց եթե 2018-ի գործընթացն ավարտվել է, ապա ամենևին էլ պետք չի ենթադրել, թե չի կարող սկսել մի նոր շարժում, որը ըստ էության դառնալու է հենց հեղափոխության երկրորդ փուլը։ Այսինքն, ընդհատված հեղափոխության հավանական շարունակությունը լինելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ՝ նրա դեմ։ 

Առաջին հայացքից սա անհավական թվացող խելահեղություն է, բայց իրականում ամենևին էլ պետք չի բացառել համանման ընթացքի հնարավորությունը, քանի որ ռեֆորմների բացակայությունն ու իրականության քարացումը որպես կանոն հանգեցնում են պայթյունի։ Այս պահի տվյալներով Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է Կերենսկու տխրահռչակ ճակատագրին արժանանալու համար։ Այն նույն Կերենսկու, որը Փետրվարյան հեղափոխության արդյունքում եկավ իշխանության, բայց լինելով կամազուրկ և անվճռական մեկը, որոշ ժամանակ անց ստիպված էր փախչել՝ իշխանությունը զիջելով բոլշևիկներին։  Վերջիններս էլ մի լեգենդ հորինեցին, որի համաձայն փախուստի պահին պարոն Կերենսկին կանացի շորերով է եղել։ Այսինքն Կերենսկու և ժամանակավոր կառավարության հեռացումով նշանավորվեց հեղափոխության երկրորդ փուլը, որը հաճախ Հոկտեմբերյան հեղաշրջում են անվանում։ 

Ի դեպ մինչ բոլշևիկների կողմից իշխանության զավթումը, շատերը համոզված էին, թե՝ վերջ, ամեն ինչ ավարտված է։ Բայց ո՛չ, հեղափոխությունները հենց այնպես չեն ավարտվում, քանի որ արժեզրկված փետրվարին պետք է միշտ հաջորդի մարտնչող հոկտեմբերը։ Սա պարզունակ մի դաս է, որը մեզ սովորեցնում է Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը։ Ավելորդ չի լինի, եթե նշենք, որ 1789 թ․-ին բռնկված հեղափոխական այդ հրդեհը նույնպես զարգացել է մի քանի փուլերով։ 

Իհարկե ամենևին էլ չեմ պնդում, թե կանխատեսվող զարգացումներն այս բացարձակ ճշմարտության կարգավիճակ ունեն և ենթակա են անպայման իրականացման։ Երիցս ո՛չ։ Ընդամենը փորձում եմ տեղ հասցնել այն պարզ միտքը, որ մեր միջավայրում նույնպես հեղափոխականության երկփուլ ընթացքի նախանշաններ են երևում։ Նշաններ, որոնք չեն նկատվում կամ էլ մեծամտության դիրքերից արհամարհվում են կառավարող թիմի կողմից։ Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը չի հավատում, որ իրեն կարող են հեռացնել փողոցային պայքարի միջոցով, նույնիսկ ծաղրում է ընդդիմադիրների հանրահավաքներ կազմակերպելու ցանկությունը։ Միշտ էլ այդպես է լինում, չէ՞ որ սոցիալական բունտերը անհավատալի և առաջին հայացքից անհեռանկար երևույթներ են։ Ինձնից գնում է միայն զգուշացնելը, քանի որ չեմ ուզում հոդված գրել վարչապետ Փաշինյանի փախուստի մասին, այն էլ կանացի շորերով։ Մեր ակնկալածն ամենևին էլ հայկական Կերենսկին չէր։