Գերմանիայի կառավարության խոսնակը պատասխանել է «Հրապարակի» հարցին․ Ինչու է հեռացվել Շոլցի ելույթի հատվածը

Գերմանիայի կառավարության խոսնակը պատասխանել է «Հրապարակի» հարցին․ Ինչու է հեռացվել Շոլցի ելույթի հատվածը

Մենք երեկ նամակ-հարցում էինք ուղարկել Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջին եւ այսօր արդեն ստացել ենք պատասխանը։ Զարմանալիորեն օպերատիվ արձագանքը վկայում է այն մասին, որ պետական համակարգերը հստակ աշխատում են։ Մեր հարցը վերաբերում էր Օլաֆ Շոլցի ելույթի տեքստից Արցախի ինքնորոշման իրավունքին վերաբերող հատվածը ջնջելուն։ Ձեզ ենք ներկայացնում մեր հարցը եւ Գերմանիայի կառավարությունից ստացված պատասխանը։

«Գերմանիայի հարգելի կառավարություն 
Կանցլեր Օ․Շոլցի գրասենյակ 

Ինչպես գիտեք, 2023 թ․ մարտի 2-ին Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին, համատեղ մամուլի ասուլիսում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորումից, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։ 

Ասվածն արձանագրված է ասուլիսին ներկա լրատվամիջոցների կողմից, առկա են համապատասխան տեսանյութեր։ 
Ավելի ուշ, կանցլերի կայքից հեռացվեց պարոն Շոլցի խոսքի այն հատվածը, որը վերաբերում էր ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքին։ 
Խնդրում եմ, պարզաբանել, թե ինչու՞ է պաշտոնական տեքստից հանվել վերոնշյալ հատվածը։ 
Կանխավ շնորհակալ եմ՝ Արա Ալոյան 
«Հրապարակ» օրաթերթի լրագրող-վերլուծաբան 
Հայաստանի հանրապետություն, Երևան 
06/03/2023 թ․»։ 

Ահա պատասխանը․

«Հարգելի Արա Ալոյան, շատ շնորհակալ եմ ձեր հարցման համար: 
Որպես «կառավարության խոսնակ» (անանուն) կարող եմ ձեզ պատասխանել հետևյալ կերպ. 

Կանցլեր Շոլցի և վարչապետ Փաշինյանի բանակցությունների նկատմամբ հետաքրքրվածության պատճառով կառավարության մամուլի քարտուղարի տեղակալ Վոլֆգանգ Բյուխները ուրբաթ օրը՝ մարտի 3-ին, կառավարության մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ ներկայացրեց Գերմանիայի կառավարության դիրքորոշումը (Հատված կառավարության ասուլիսից. ցավոք միայն գերմաներեն): 

Երեկ դաշնային կանցլերը լավ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Տարածաշրջանից մեզ խնդրեցին կրկին այստեղ ներկայացնել Դաշնային կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։  Ես ուզում եմ դա անել։ Դաշնային կառավարության դիրքորոշումը չի փոխվել. 

Գերմանիան հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Գերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել վեճը խաղաղ ճանապարհով։ Սա ներառում է՝ հարգել Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը։ Դաշնային կառավարության համար կարևոր է, որ երկու երկրների բոլոր բնակիչների մարդու իրավունքները և փոքրամասնությունների իրավունքները պահպանվեն միջազգային չափանիշներին և ստանձնած պարտավորություններին համապատասխան: Դաշնային կառավարությունը վճռականորեն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին։ Խնդրում ենք հասկանալ, որ մենք չենք մեկնաբանում հետագա ներքին ընթացակարգերը»: 

ՀԳ Այս պատասխանից եւս կարելի է հասկանալ, որ կանցլերի հայտարարությունից հետո ճնշումներ են գործադրվել նրա նկատմամբ։ Դժվար է ասել ում կողմից՝ Հայաստանի վարչապետի, թե՞ Ադրբեջանի կամ Թուրքիայի։ Եւ պատասխանում արդեն առաջին պլան է բերված Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները եւ հատուկ շեշտված է փոքրամասնությունների իրավունքների պահպանումը միջազգային չափանիշներին համապատասխան։ Ի դեպ, Գերմանիայի կառավարության խոսնակը չի հերքել, որ տեքստից հանվել է նշված մասը եւ հղում անելով ներքին ընթացակարգերին հրաժարվել է մեկնաբանել կատարվածը։