Ավելորդները
Նիկոլ, մի պարզ հարց տամ: Ի՞նչ կանեիր, եթե «նախկինները» քեզ, կնոջդ եւ 4 երեխաներիդ տնից հանեին ու փողոց նետեին: Չեմ ասում՝ գազանաբար, այլ հանգիստ, օրենքի տառին համապատասխան ներխուժեին քո տուն: Հավանաբար, մարդկային ականջներն ի զորու չէին լինի դիմանալու քո ղժղժոցին, այնպես չէ՞: Իսկ սա ի՞նչ է, մի ամբողջ ոստիկանություն ես ուղարկել մարդկանց վրա, որ տներից հանեն: Տունն էլ տուն լինի… ՊՆ կիսափլված նախկին շենք, որտեղ մարդիկ մի կերպ բնավորվել՝ գոյություններն են քարշ տալիս: Այդ խեղճերից ում հետ խոսել եմ, ասում են՝ փափուկ բարձ են դնում գլխներիս տակ, խոստանում բնակվարձի փոխհատուցում ու չգիտեմ ինչ: Ստում են, խաբում, որ դուրս գանք… Սա ի՞նչ է, Նիկոլ, ուրիշ զբաղմունք չունե՞ք, որ ընկել եք այդ մարդկանց հետեւից: ՀՀ քաղաքացիներ չե՞ն նրանք, ամեն մեկը մի վարչապետ չի՞, թե՞ որ թիկունքներին ոստիկանություն, ԱԱԾ ու բանակ չունեն, կարող ես նրանց հետ վարվել՝ ինչպես կամենաս: Արգելակներիդ տեղը լրիվ մոռացել ես, պարոն Փաշինյան: Վաղն էլ, ի՞նչ, գալու ես մեր շենքի բնակիչների՞ն հանես: Դո՞ւ ես այդ մարդկանց թույլ տվել ապրել ՊՆ նախկին շենքում, որ հիմա հանում ես, լցնում փողոց: Մեջդ այ էսքան մարդկություն չկա, ճիշտ եմ ասում:
Իսկ հիմա ուշադիր լսիր՝ ինչ եմ ասում․ քարը փեշիցդ թափիր եւ ՀՀ քաղաքացիներին հանգիստ թող: Իսկ եթե փասափուսեդ հավաքես ու ընդհանրապես հեռանաս, ավելի լավ: Վրաստանի օրինակն աչքիդ առաջ է: Ուշադիր ուսումնասիրիր: Ռուս-վրացական պատերազմից հետո դեռ ոչ մի փախստական կամ անտուն մարդ իր տնից չի վտարվել: Վրաստանի՝ իրար հաջորդած կառավարությունները մինչ օրս այնպիսի հրեշավոր բան չեն ծրագրել, ինչ ծրագրել եւ անում ես դու: Տունը, իմացիր, վերջին բանն է, որ մարդուն կապում է իր հայրենիքի հետ: Խլիր նրանից այդ տունը, նրան դարձրու բոմժ, եւ նա կասի՝ թքեմ քեզ վրա էլ, քո ղեկավարած պետության վրա էլ, էս երկրի վրա էլ, որ հայրենիք է կոչվում: 5 հազար ընտանիքից խլեցիր ամենաթանկ բանը՝ զավակների կյանքը: Խաբեցիր, ֆռռացրիր՝ մեղավոր չեմ, պատասխանատու եմ՝ ֆլան, ֆստան: Անգամ այդ ծանր կորուստը ներեցին քեզ, ճիվաղ, մարդասպան, հուդա, դավաճան, կապիտուլյանտ, ստոր, խաբեբա, տիրան… Տան, օջախի, ընտանիքի, երազանքների կորուստը քեզ չի ներելու ոչ ոք:
Պետական գերագույն շահի համա՞ր է արվում այս ամենը: Իսկ դուք գիտե՞ք, թե որն է պետության գերագույն շահը: Դա պետության եւ նրա քաղաքացու անվտանգությունն է՝ առաջին եւ ամենաառաջին հերթին: Բա գնացեք թշնամուն մեր պետության սուվերեն տարածքից հանեք:
Ո՞ւմ եք սպասում, այդ ի՞նչ կարեւոր գործեր ունեք, չլինի՞ դրանցից մեկն էլ ՊՆ նախկին շենքի բնակիչներին փողոց նետելն է: Դե հա, մեկ էլ շատ կարեւոր էր, որ ձեր էկոնոմիկայի նախարարը, եքա բոյն առած, գնա Ֆրանսիա, որ մի կազմակերպություն գտնի (անունն էլ չի կարողանում նորմալ արտաբերել), որ այդ կազմակերպությունը գա, Արագածի գլխին սպորտբազա բացի ու հայերին դահուկ քշել սովորեցնի: Ում պատմես՝ չի հավատա: Դուք չէի՞ք ասում, որ ձյունապատ գագաթները մեզ պետք չեն: Արդեն հասկացե՞լ եք, որ ձյունապատ լեռները կարող են օգուտ բերել, որ դրանք խմելու ջուր են, արոտավայր են, տուրիզմ են, վերջապես՝ տարածք ու հայրենիք են: Հիմա վարչապետն է ասում, որ ՀՀ քաղաքացիները մեզ պետք չեն, ու փողոց նետում նրանց, ովքեր իրենց գանգատներով ու պահանջներով լրացուցիչ բեռ են պետության համար: Մինչդեռ մեր պետության անտանելի բեռն այսօր կառավարությունն է, որ ոչ մի խնդիր չի կարողանում կարգավորել եւ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերն ու օտարերկրյա ֆինանսական կենտրոնների ստացած պարտքերը լափելով ու պարգեւավճարներ բաժանելով է զբաղված: Փորձի համար ձեր էկոնոմիկայի նախարարին մի ամիս պարգեւավճար մի տվեք, տեսեք, թե ինչ տեղի կունենա: Եկել եք, մարդուն տնից հանում եք, հույսի վերջին շողը մարում եք եւ դեռ ուզում եք չբողոքի՞:
Էսքան էլ անիմաստ գրեցի… Բայց մի հարց էլ պարզաբանենք: Դուք, ինչ է, կարծում եք՝ ՀՀ իշխանությունները չգիտե՞ն, որ ՊՆ նախկին շենքի բնակիչներին վտարելը սովորական շանտղություն է: Իհարկե, գիտեն, երբ մի բան գլուխ բերելու համար սրանք այսքան ոստիկան են ոտքի հանում, ուրեմն հերթական շանտղությունն են անում:
Կարծիքներ