Վայքի համայնքապետի նկատմամբ վարույթ է հարուցվել

Վայքի համայնքապետի նկատմամբ վարույթ է հարուցվել

Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման և վերջինիս գործողություններում շահերի բախման իրավիճակի առկայության վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), 2022 թվականի օգոստոսի 11-ին «Հետք» լրատվական կայքի՝ «Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցել է վարույթ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և վերջինիս գործողություններում շահերի բախման իրավիճակի առկայության հիմքով։

Վարույթի արդյունքում Հանձնաժողովը գործում առկա փաստական հանգամանքների և ապացույցների քննությամբ եզրակացրել է Մխիթար Մաթևոսյանի կողմից անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտման, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի առկայության մասին։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Հանձնաժողովի՝ 2024 թվականի մարտի 11-ի թիվ 02/2022-2024-Ա/Վ եզրակացությունը, սույն թվականի մարտի 13-ին դիմել է Վայք համայնքի ավագանուն՝ անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի լիազորությունների դադարեցման հարցը քննության առնելու նպատակով:

Վայք համայնքի ավագանին, քննարկելով Հանձնաժողովի գրությամբ ներկայացված հարցը, սույն թվականի մարտի 20-ին տեղեկացրել է, որ համայնքի ղեկավարի կողմից անհամատեղելիության պահանջի խախտում իր կողմից չի արձանագրել։ Ապա, ի պատասխան Հանձնաժողովի՝ մարտի 25-ի գրության՝ առ այն, որ համայնքի ղեկավարի անհամատեղելիության պահանջի խախտում արձանագրելու բացառիկ իրավասությունն օրենքով վերապահված է Հանձնաժողովին՝ համայնքի ավագանին հայտնել է, որ համայքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնեական լիազորությունների դադարեցման հարց չի դիտարկում։ Վերոգրյալի արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ Մխիթար Մաթևոսյանը փաստացի շարունակում է պաշտոնավարել՝ անհամատեղելիության պահանջի խախտման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության առկայության պարագայում:

Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից օրենքով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:

Հարկ է նաև նշել, որ նույն գործի քննության շրջանակներում Հանձնաժողովը, հիմք ընդունելով Հանձնաժողովի թիվ 02/2022-2024-Ա/Վ եզրակացությամբ հաստատված՝ շահերի բախման իրավիճակի առկայության փաստը, 2024 թվականի մարտի 25-ին դիմել է նաև Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանին՝ Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման և շահերի բախման վերաբերյալ հրապարակային պարզաբանում ներկայացնելու պահանջով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով