Երբեմն լինում է, որ մարդիկ թաքցնում են, որ ջերմություն ունեն

Երբեմն լինում է, որ մարդիկ թաքցնում են, որ ջերմություն ունեն

Այս օրերին ողջ համաշխարհային հանրության ուշադրությունը, այդ թվում՝ հայաստանյան, կենտրոնացած է կորոնավիրուսի համաճարակի տարածման վրա։ Եվ միանգամայն բնական է, որ մարդիկ ուզում են լիարժեք տեղեկացված լինել, ու այս սեւեռուն ուշադրությունը ոչ միայն ճշգրիտ, այլ նաեւ երբեմն խուճապային տեղեկությունների տարածման պատճառ է դառնում։ Ասենք, օրինակ, մարդիկ խոսում են, որ հիվանդների քանակը թաքցնում են։ Կամ՝ բժիշկները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում՝ վախենալով վարակվելուց, կամ՝ հազարավոր հիվանդներ կան տարբեր հիվանդանոցներում, որոնք վարակում են առողջներին։ Զրուցեցինք «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։

- Տիկին Ստեփանյան, տեղեկություն ունենք, որ ինչ-որ բժիշկներ հրաժարվում են սպասարկել կանչերը, բուժօգնություն ցույց տալ՝ զուտ կորոնավիրուսով պայմանավորված․ վախենում են վարակվելուց։

- Մեզ մոտ նման բան չկա, չի եղել։

- Շտապօգնության կայանի ծանրաբեռնվածությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման նոր դեպքերից հետո աճե՞լ է։

- Չէ, հակառակը, եթե համեմատում ենք հունվար-փետրվար ամիսների հետ, կանչերի թիվը պակասել է՝ հասնելով մինչեւ 700-750-ի։ Մինչ այդ օրական սպասարկել ենք 950 կանչ։

- Իսկ կորոնավիրուսով պայմանավորված՝ տագնապային զանգեր ու կանչեր լինո՞ւմ են, երբ, օրինակ, մարդիկ անհանգստանում են, բայց՝ անտեղի։

- Չէ, խուճապային բաներ չկան, շնչառական վարակներ, հակառակը, մարդիկ երբեմն թաքցնում են․․․ եթե ունենում են բարձր ջերմություն, հազ։ Բայց եղել են դեպքեր, երբ առանց ջերմության ինքնաթիռից իջել են, հետո մի քանի ժամ հետո մեզ կանչել են, երբ տանը տեսել են, որ ունեն ջերմություն։

- Երեկ վարչապետն էլ էր ասում՝ մի թաքցրեք, երբ ջերմություն եք ունենում․ փաստորեն, կան նման դեպքեր։

- Ճիշտ է ասում՝ մի թաքցրեք, որովհետեւ եղել են դեպքեր, երբ առանց ջերմության են եղել, հետո մեզ կանչել են՝ արդեն տանն ունենալով ջերմություն, բայց ի սկզբանե, երբ իրենց հարց է տրվում, չեն ասում։ Կամ ոչ միշտ են հստակ պատասխանում հարցերին։

- Իսկ  շտապօգնության աշխատանքում ի՞նչ է փոխվել, էլ ավելի արտակարգ ռեժիմո՞վ եք աշխատում։

- Չէ, մեր աշխատանքում ոչինչ չի փոխվել, մենք միշտ աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Էնպես չէ, որ հունվար-փետրվարին չենք ունեցել լարված իրավիճակ։ H1 N1, թոքաբորբներն էին ավելանում։ Նորից եմ ասում՝ մենք միշտ աշխատում ենք արտակարգ ռեժիմով։

- Իսկ նախարարությունն այս՝ կորոնավիրուսի պայմաններում Ձեզ ինչ-որ լրացուցիչ ցուցումներ տվե՞լ է։ Կամ ո՞ր դեպքերում եք առաջարկում գնալ եւ ստուգվել կորոնավիրուսի դեմ։

- Եթե դրա կարիքը կա, հիվանդները մտնում են ռիսկի խմբի մեջ, հիվանդը տեղափոխվում է ինֆեկցիոն հիվանդանոց՝ ախտորոշվելու, այնուհետեւ մնացած գործողություններն իրականացնելու, երբ հաստատվում է կամ չի հաստատվում։

- Նման տեսարանները, երբ բժիշկները դիմակներով մեկուսացնում են մարդկանց, անսովոր են։ Մարդիկ վախենո՞ւմ են։

- Ես գտնում եմ, որ ոչ մի խուճապի պատճառ չկա, յուրաքանչյուր մարդ պետք է անպայման բոլոր կանոնները պահպանի։ Այսինքն, այդ բոլոր միջոցառումները, որի մասին խոսում են՝ ձեռքերի մշակում, լվանալ եւ այլն, այդ բոլոր միջոցառումները, որոնք նշել է առողջապահության նախարարությունը։

ՀԳ․ Տեղեկացանք, որ մի դեպք է եղել Հրազդանում՝ բժիշկները հրաժարվել են գնալ Ծաղկաձոր՝ բուժօգնություն ցուցաբերելու, սակայն հիմնարկի ղեկավարի՝ աշխատանքից հեռացնելու սպառնալիքից հետո բժիշկները «հիշել են» Հիպոկրատի երդման մասին։