«Հրապարակ». Հայաստանին սպառնում է Սիրիայի սցենարը

«Հրապարակ». Հայաստանին սպառնում է Սիրիայի սցենարը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ամփոփիչ ասուլիս տվեց, որից կրկին հասկացվեց, որ իրենց իշխանության խոստացած խաղաղության դարաշրջանը հիմնովին փուչիկ էր կամ սոսկ ՔՊ-ականների նվիրական երազանքը, որն Ալիեւը չի պատրաստվում իրականություն դարձնել, քանի որ իր երազանքն է՝ ամբողջ Հայաստանն ունենալ, եւ նա քանիցս հայտարարել է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է, հայերս էլ տարբեր ժամանակներում զավթել ենք իրենց պատմական հողերը։ Արարատ Միրզոյանը բազում թվարկումներ արեց, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է առանց գերիների վերադարձի եւ այլ նախապայմանների ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց Ադրբեջանը պատրաստ չէ դրան, իսկ տարվա սկզբին Ալիեւն իր հայտարարություններով գլխիվայր շրջել է բանակցային պատկերը, ավելին՝ Միրզոյանը սահմանին նոր էսկալացիայի վտանգ է տեսնում։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացի, նաեւ հրաժարվել էր խաղաղության պայմանագիրը միջազգային երաշխիքներով ամրագրելու Երեւանի պահանջից, խոսել էր նոր սահմանների, նոր քարտեզների մասին՝ 1940-60-ական թվականների՝ պնդելով, թե այդ ժամանակ են ադրբեջանական հողերը տրվել Հայաստանին, Երեւանը Իրեւան էր կոչել, Ջերմուկը` Իստիսու եւ այլ անհեթեթություններ դուրս տվել։ Սակայն Արարատ Միրզոյանն այլ բան է ասում` նա իր ասուլիսում վստահեցրեց․ «Ադրբեջանն առաջարկել է օգտագործել 1974-1990թթ. քարտեզները: Որոշ ուսումնասիրությունից հետո հայկական կողմը ենթադրել է, որ դրանք կարող են կիրառելի լինել, բայց Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից է ետընթաց նկատվում»,- ասաց նա։

«Եթե այս իշխանություններին թվում էր, թե Արցախի հանձնումով կարող են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ պահպանելով ՀՀ սուվերեն տարածքը, չարաչար սխալվում են»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը՝ ընդգծելով, որ այս սցենարին աջակցող Արեւմուտքը եւս այսօր ի վիճակի չէ ազդել Ալիեւի վրա, վերջինս ավելի մեծ նկրտումներ ունի եւ այդ պատճառով է մերժում եվրոպական հարթակները: «Իսկ թե ինչ է ուզում Ալիեւը, դա էլ շատ պարզ է, նա կյանքի է կոչում Ադրբեջանի պետական քաղաքականությունը»,- ասում է քաղաքագետը՝ վկայակոչելով 1998 թվականին հայր Ալիեւի կողմից հաստատված 5 էջանոց փաստաթուղթը՝ «Ադրբեջանի նախագահի հրամանագիրը հայերի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ» անվանումով: «Այդ փաստաթղթում պարզ շարադրված է, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին, որ 200 տարի է՝ հայերն իրականացնում են ցեղասպանություն՝ չունենալով պետություն, օգտագործել են ռուսներին եւ իրենց պետությունն են կառուցել ադրբեջանական հողերի վրա։ Ալիեւը հիմա իրականացնում է Արեւմտյան Ադրբեջանի գաղափարը՝ Զանգեզուրի հարցն են բարձրացնում, Երեւանի խանության խնդիրը, որ իրենք Իրեւանի խանության իրավահաջորդն են»։

Զոլյանի կարծիքով, Իրանը, կարելի է ասել, միակ պետությունն է, որն այս պահին լուրջ խոչընդոտ է հանդիսանում Ադրբեջանի պետական քաղաքականության իրականացման հարցում․ «Եվ ինչ-որ չափով նաեւ Ռուսաստանն է դեմ այդ գաղափարին, որը, սակայն, առայժմ փորձագետների մակարդակով է միայն դրսեւորում: Որ այդ բոլոր տարածքները եղել են Իրանի տարածքներ, զավթել է Ռուսաստանը, եւ ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը պատրաստ չեն, որ այդ տարածքներն անցնեն Թուրքիային` մոտավորապես այսպիսի կոնսենսուս կա: Այսինքն, ոչ թե մեր շահն են պահում, այլ՝ իրենց։ Թուրքիան, կամա թե ակամա, պետք է հաշվի նստի այդ իրողության հետ, եւ հիմա, տեսեք՝ ձեւավորվում է նոր «3+3» ձեւաչափ, բայց իրականում դրանք երեքն են, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ միավոր են, Վրաստանը չի մասնակցում, այսինքն՝ մոտավորապես Սիրիայի հարցով ձեւավորված ձեւաչափն է՝ Իրան-Թուրքիա-Ռուսաստան, եւ, փաստորեն, ադրբեջանական  ծրագրի խոչընդոտն Իրանն է, ինչ-որ չափով՝ նաեւ Ռուսաստանը, որն Ադրբեջանին օգտագործելու տնտեսական եւ քաղաքական սերտ կապեր ունի: Թուրքիան, բազմաթիվ տարաձայնություններ ունենալով Ռուսաստանի հետ, ինչ-ինչ հարցերում բոլոր դեպքերում համաձայնության է գալիս խնդիրների շուրջ, այսինքն, կարող է ոչ թե Ալիեւի գաղափարի լիակատար իրագործում լինի՝ «ազատագրել» Արեւմտյան Ադրբեջանը, այլեւ ուղղակի տրոհեն երեք պետությունների միջեւ»։

Մեր ճշտող հարցին՝ ուզում եք ասել, որ Հայաստանը տրոհեն Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի միջե՞ւ, Զոլյանը պատասխանեց․ «Դիտարկենք Սիրիան, այնտեղ որեւէ մեկը չի ասել, որ տվյալ տարածքներն անցել են Թուրքիային, եւ կան տարածքներ, որտեղ Իրանն է, բայց կան շատ տարածքներ, որոնք հսկվում են թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի կողմից, եւ ինչ-որ տարածք, որ հենց կառավարվում է Սիրիայի կողմից, ու այդ պետությունն էլ պաշտոնապես գոյություն ունի իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի պարագայում ավելի հավանական է Սիրիայի սցենարը, ոչ թե Ադրբեջանի կողմից ամբողջական կլանում: Ի դեպ, Ադրբեջան ասելով նկատի ունենք Ադրբեջան եւ Թուրքիա»։

Նա ընդգծեց, որ Ալիեւը ոչ մի անգամ չի հայտարարել, թե ճանաչում է Հայաստանի 29 հազար 800 ք/կմ-ն, ինչը եւս վկայում է Ալիեւի մեծ նկրտումների մասին․ «Թե ինչու Փաշինյանը գնաց մտավ Ալմա-Աթայի դաշտ եւ բոլորին, այդ թվում՝ ադրբեջանցիներին փորձեց համոզել, թե Արցախը դեռ այն ժամանակ են ճանաչել Ադրբեջանի մաս, դա միայն իրեն է հայտնի, որովհետեւ դրանից հետո ադրբեջանական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին եւ պատասխան են նրան, որ եթե դու կարծում ես, թե Հայաստանն Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, դա քո գործն է, բայց մենք դրանով չենք բավարարվի, մենք այլ պահանջներ ենք ներկայացնելու, եւ ներկայացնում են, իսկ Փաշինյանը դրանք ընդամենը վերարտադրում է»։