Վերընթերցենք քանքարների առակը

Վերընթերցենք քանքարների առակը

Երբ Հիսուս Քրիստոսը Ձիթենյաց սարի վրա իր աշակերտներին ուսուցանեց իր երկրորդ Գալուստի մասին, Նա պատմեց քանքարների առակը։

Մատթեոս 25․14-30

«Նոյնպէս, ﬕ մարդ, հեռու երկիր գնալիս, կանչեց իր ծառաներին և իր ունեցուածքը նրանց տուեց. Մէկին տուեց հինգ քանքար, ﬕւսին՝ երկու և ﬕ ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին ըստ իր կարողութեան. և գնաց։ Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց և հինգ ևս շահեց։ Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկու ևս շահեց։ Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց և իր տիրոջ դրամը թաքցրեց։ 

Շատ ժամանակ անց, այն ծառաների տէրը եկաւ և նրանց հետ հաշիւ տեսաւ։ 
Ով հինգ քանքար էր առել, մօտենալով՝ հինգ քանքար ևս տուեց ու ասաց. «Տէ՛ր, հինգ քանքար տուիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար ևս շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 

Առակի խորհուրդն առաջին ծառայի դեպքում. «Եթե մենք հավատարմորեն օգտագործում ենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ, մենք կարող ենք իրականացնել մեր աստվածային ներուժը և ստանալ հավերժական կյանք»։

Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. «Տէ՛ր, ինձ երկու քանքար տուիր, ահաւասիկ երկու այլ քանքար ևս, որ դրանց վրայ շահեցի»։ Իր տէրը նրան ասաց. «Ապրե՛ս, բարի՛ և հաւատարի՛մ ծառայ, որովհետև այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կը կարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ»։ 

Առակի խորհուրդն երկրորդ ծառայի դեպքում. «Տերը մեզ կօրհնի, եթե մենք հավատարմորեն օգտագործենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Նա տվել է մեզ՝ անկախ նրանից, թե քանիսն են դրանք և որոնք են դրանք»։

Մօտեցաւ նաև նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. «Տէ՛ր, գիտէի, որ դու ﬕ խիստ մարդ ես, հնձում ես, ինչ որ չես սերմանել, և հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. վախեցայ. գնացի և թաքցրի քո այս քանքարը հողի մէջ։ Արդ, ահա՛ւասիկ, քոնը՝ քեզ»։ Տէրը պատասխան տուեց և ասաց նրան. «Չա՛ր և ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, և հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, և ես, գալով, տոկոսով ﬕասին պահանջէի այն, ինչ որ իﬓ է։ Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը և տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. քանի որ՝ ով ունի, նրան պիտի տրուի և ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի։ Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»։

Առակի խորհուրդն Արցախի առնչությամբ

1994 թվականին, Արցախի ազատագրումից 26 տարի տարի անց, չնայած նշանակալի սոցիալ-տնտեսական առաջընթացին, այդուհանդերձ, այն չի կարող համարվել համարժեք՝ ռազմաքաղաքական, թեկուզև խախուտ, նվաճմանը: Խախուտ, որովհետև չարվեց այն, ինչ արել է 5 քանքար ստացած ծառան: Տնտեսությունը մի կողմ, իսկ ի՞նչ է տեղի ունեցել ժողովրդագրական բնագավառում): 1989 թվականին Արցախի հայ բնակչության թիվը կազմել է 145.5 հազար մարդ, ադրբեջանցիներին՝ 37.3 հազար: Ներկայում ԱՀ-ի բնակչության թիվը գնահատվում է 120 հազար մարդ:

Նշված առակի խորհուրդը, պարզեցված, այն է, որ 2019-2020 թվականներին, նախքան պատերազմի սկսվելը, Արցախի բնակչությունը պետք է կազմեր առնվազն 300 հազար մարդ: Նկատի ունենալով նաև Արդրբեջանից հայ փախստականների թվականակը, այդ թիվը, տեսականորեն, պետք է կազմեր 500-600 հազար մարդ, ինչը նշանակում է նաև համապատասխան տնտեսական ներուժի առկայություն: Ենթադրաբար, այդ գործոնները կարող էին նշանակալի նվազեցնել, եթե ոչ չեզոքացնել, պատերազմի հավանականությունը: Իսկ սկսվելու դեպքում՝ բոլորովին այլ արդյունքներ կլինեին: 
Հիմա, «Տերն» եկել ու ոչ միայն ասում է, թե «դու պէտք է իմ այդ դրամը տոկոսով ﬕասին վերադարձնես, այլև՝ դուրս գաս արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց և ատաﬓերի կրճտում»…

Առակի խորհուրդն Հայաստանի առնչությամբ

Հայաստանի պարագայում էլ տեղին է անդրադառնալ ժողովրդագրական վիճակին: ՀԽՍՀ բնակչությունը 1989 թվականին կազմել է 3.3 մլն. մարդ: Անշուշտ, 1926 թվականի 881.3 հազարից դա ավելի է 4 անգամ: Բայց, դա այն կրկնապատկում-քառապատկումը չէ, ինչի մասին ասվում է առակում: Ինչևէ: 2020 թվականին ՀՀ բնակչությունը կազմել է 2.9 մլն մարդ, այսինքն՝ 400 հազարով պակաս: 

Տնտեսության առումով էլ առանձնապես էական չեն կարող համարվել նվաճումները: Այստեղ անիմաստ է մանրազնին անդրադարձը: Եթե ցանկանում ենք ոչ միայն դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից, ապա պետք է հասկանանք, որ ««Տերը» թակում է նաև ՀՀ-ի դուռը»: Հետևաբար՝ ինչ-որ քայլեր պետք է անել: Դրանցից կարող է լինել համատարած ուսումնասիրությունը և ըստ առակում նշվող երեք հատկանիշների՝ սեփականատերերի խմբավորումը, եզրակացություններ անելը: Լուծումներից կարող են լինել պետության փայամասնակցությունը կամ «չա՛ր և ծո՛յլ ծառաների» ունեզրկումը՝ «Տիրոջ» ասած «տոկոսներով» հանդերձ:

Պատերազմի մեջ գտնվող երկրում չէր կարելի պետական ունեցվածքի սեփականաշնորհումից հետո երկրի տեխնոլոգիական առաջընթացի ապահովման փոխարեն՝ առուվաճառքից ստացված միջոցներով ցոփ ու շռայլ կյանք վարել: Ընդամենը պետք էր «հավատարմորեն օգտագործել մեզ տրված շնորհներն ու ունակությունները»:

Ստացվել է այնպես, որ ունևորների մի որոշ հատված չի փայլում նաև համեստությամբ: Որովհետև նրանք երկվա աղքատներն են, դեռ մի 50 տարի այդպես է լինելու: Թող լինի: 
Անհասկանալի է, որ նրանցից ու նաև բարձր պաշտոններ զբաղեցրածներից շատերն իրենց առողջական վիճակին հետևելը վստահում են բացառապես արտասահմանյան բուժհաստատություններին, ավելին, չգիտես ինչու, նրանք կամ նրանց զավակները ծննդաբերում են արտասահմանում (հավանաբար՝ քաղաքացիություն ստանալու ակնկալիքով): Կրկին՝ լավ, բարի ծնունդ: 

Թվում է նպատակահարմար, որպեսզի յուրաքանչյուր ոք՝ նշված անձանցից, ով մեկնում է արտասահման բուժվելու, ֆինանսավորի սոցիալապես խոցելի ևս մեկին: Նույնը ծնունդի, ինչպես նաև Մալդիվներում կամ այլ էկզոտիկ վայրերում հանգստանալու պարագայում: Այդ դեպքում ինստագրամյան կամ ֆեսբուքյան լուսանկարներն ու գրառումները չեն վրդովվեցնի հասարակությանը, չեն բարդույթավորի շատերին: Ընդհանրապես՝ հաշվի առնելով երկրի համբավը և նկատի ունենալով, որ հայ բժիշկները ոչնչով չեն զիջում արտասահմանցիներին, լավ կլինի բուժվել և ծննդաբերել հայրենքում:   

Հ.Գ. Ասվածը չի նշանակում, թե լավ ապրելը վատ բան է: Ուղղակի, ոմանք ոչնչի առաջ չեն կանգնում շատ լավ ապրելու համար, ինչը, ի վերջո, «դուրս է գալիս մի ամբողջ ժողովրդի քթից»: Նրանց ինքանակամ զղջալու ժամկետն արդեն սպառվել է, անհրաժեշտ է պարտադրել, որ զղջան: Այլընտրանքն արժանապատիվ կամ ընդհանրապես պետություն չունենալն է:

Գագիկ Վարդանյան