Դատարանը Բաքոյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից ու փոխհատուցում վճարել

Դատարանը Բաքոյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից ու փոխհատուցում վճարել

Քաղաքացիական դատարանը փետրվարի 28-ին բավարարել է Լեհստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցն՝ ընդդեմ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ վերջինիս պարտավորեցնելով Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ՔՊ-ականներ Ռուստամ Բաքոյանն ու Արթուր Հովհաննիսյանը փողոցային վարքագիծ էին դրսևորել՝ էդգար Ղազարյանին վիրավորելով, տեղ- տեղ նաև սպառնալիքներ տեղալով։ Դատարանը իր վճռում նշել է․

«Ռուստամ Զուրբայի Բաքոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար հրապարակային հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք...», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսու՞մ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար։

1․2․ Ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով:
2․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանաքի համար ոչ նյութական վնասի հատուցում»։

Դատական ակտը կայացրել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը։