Նիկոլի վերջին շանսը

Նիկոլի վերջին շանսը

Ապրիլի 5-ի հանրահավաքի մասին շատ է գրվում։ Հանրահավաքի մեջ լուսավոր ու օգտակար բան եմ տեսնում։ Սա վերջին շանսն է, հնարավորությունը, որ տրվում է Հայաստանին, կառչելու անդունդը նետված պարանից ու դուրս գալու օրհասական աղետից։  Սա Նիկոլ Փաշինյանի վերջին շանսն է՝  ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը վկայակոչել,  որ ինքը բախվել է Արցախի ու Հայաստանի ժողովրդի դիմադրությանն ու առաջ գնալ չի կարող։

Նիկոլ Փաշինյանն առ այսօր միջազգային հանրության, թշնամու բերանում լեզու է դրել, որ այն ինչ ինքն է անում, դա Հայաստանի ժողովուրդն է ուզում։ Լեզու է դրել, որ Հայաստանի ժողովուրդը ինքն է։ Առ այսօր դա փորձում է համոզել ֆեյքահպատակ իր մասսայի միջոցով։ Հանրահավաքը ոչ թե նրան, այլ Հայաստանը ստորացումից, անարժանապատիվ խաղաղությունից փրկելու միակ ելքն է։ Եվ ով փորձում է դա աթոռակռիվ անվանել, աթոռը պիտի նրա գլխին կոտրել։ Նիկոլն այնպես է ավերել ամեն ինչ, որ հազիվ թե աթոռակռվի  գայթակղության տարր լինի։ Սա ազգի արժանապատվությունը վերականգնելու միակ միջոցն է։

Աշխարհն այսօր մեր մասին մտածում է, որպես հայրենիքը ծախողների, որպես կեղծ խաղաղության օրակարգով ինքնախաբվողների զանգված․  պետք է կարողանալ ցույց տալ, որ ազգը միասնական է, ազգը դեմ է իր հողերը վաճառքի հանելուն ու վաճառքի հանողին։  

Աշխարհը հազիվ գտել է հեքիաթի այն անխելք մարդուն, ով իր երկրի իրական խաղաղությունը թողած գնում է խաղաղության հետևից։ Ի վերջո աշխարհը մտածում է, որ բոլորը նիկոլ են՝ բառի փոխաբերական իմաստով և հուժկու հանրահավաքով պիտի կարողանալ վկլայել, որ Հայաստանը դեմ է սեփական տարածքները աճուրդի հանելու մտքից։ Հայաստանը, դեմ է մեր տարածքները աճուրդ հանողին։