Ինչ է կատարվում բանակում․ Զբաղվեք ՝ կոչ իշխանություններին

Ինչ է կատարվում բանակում․ Զբաղվեք ՝ կոչ իշխանություններին

Վերջին երկու շաբաթում բանակում անհայտ հանգամանքներում մահացել է 8 զինվոր։ Մարդիկ ահավոր զայրացած ու անհանգստացած են այս վիճակագրությունից, և երեկվանից ողջ համացանցը հեղեղված է իշխանություններին կոչով՝ պարզել,թե ինչ է կատարվում բանակում։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան․ «8-րդ զոհը երկու շաբաթում: Փոխանակ թափ տային բանակը, մինչև վերջ բացահայտեին իրենց էլիտար զորամասն ու այնտեղ տիրող բարքերը, ասում են տենց բան չկա, հանրությանը մատուցում են հերթական դիակները՝ ինքնասպանություններ որակումով: Սա դիմադրություն է, ընդգծված դիմադրություն, ուզում են ասել չի փոխվելու ոչինչ և չերազեք անգամ: Այսքան մահերի պարագայում ձերբակալվում են միայն շարքայիններ, դատվում են շարքայիններ, մեր բանակը պատասխանատուներ չունի: և այդպիսի գիտակցություն չունի»։

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի․«Սևի և սպիտակի պատերազմի զոհերը էս չքնաղ երեխեքն են: Երկու կողմերն էլ հիվանդ, մարդասպան: Երկու կողմերն էլ իրենց ամբիցիաներից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեն մտածում: 2008 ից նույն պատերազմն է շարունակվում: Եվ իրենց` « ես ճիշտ էի նա սխալ, թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» ներկայացման զոհերը ժողովուրդն է, էս մատղաշ կյանքերը: Ահա ժողովրդի հայրերի զավակ խժռելով երկար ապրելու գաղտնիքը: Վերջապես չեկավ այն օրը, երբ գիտակից ժողովուրդը էս ստահակներին ծնկի բերեր ինչպես հարկն է, բոլորին, բոլորին, ջահել կյանքերի հաշվին ինքնահաստատվող պարազիտներ` բոլորիդ, բոլորիդ>։

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան․«Այ մարդ էդ հանրաքվեն պատմությունն ընդհատեք՝ զբաղվեք բանակով, էս ի՞նչ վիճակ է։ Արդեն 15 օրում 8 մահացության դեպք»։

Նորայր Նորիկյան, փաստաբան․«Զինված ուժերում տեղի ունեցող այս աղետալի դեպքերի մեղավորների թվում նաև այն բոլոր անձինք են ու կազմակերպությունները, ովքեր տարիներ շարունակ էժանագին դիֆերամբներ են ձոնել զինված ուժերի և նրա ղեկավարության նկատմամբ, ովքեր պարտակել ու թաքցրել են բանակի թերությունները, ովքեր խուսափել են խոսել բանակում առկա խնդիրների մասին: Այս աղետի դեմն առնելու համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն՝ բանակում որակապես այլ մթնոլորտ ստեղծելու համար: Ես չգիտեմ, թե քանի ողբերգական դեպք պետք է արձանագրվի, որ որոշ գեներալներ ուղղակի աստիճանազրկվեն ու ենթարկվեն պատասխանատվության: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ առաջիկա օրերի ընթացքում փակ նամակ եմ ուղարկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ զինված ուժերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու ուղիների մասին՝ կոնկրետ առաջարկներով…»։