Դու սիրելու բա՞ն ես, որ Ռուսաստանը քեզ սիրի․․․․

Դու սիրելու բա՞ն ես, որ Ռուսաստանը քեզ սիրի․․․․

Որ Փաշինյանը ծրագրով է եկել, կասկածից դուրս է, երբ համադրվում են փաստերը։  2018-ին հենց նստեց ցանցաճոճին, Խաչատուրովին հիշեց, որ ՀԱՊԿ քարտուղար էր։ Խաչատուրովը  մեղադրվեց ոչ ավել, ոչ պակաս  սահմանադրական կարգի տապալման մեջ։ Ասուլիսի ժամանակ Նիկոլը  որ անմեղ հայացքով չի՜ ասում՝ ես Ռուսաստանին ի՞նչ եմ արել, որ ինձ չի սիրում, ընդամենը մնում է ասել՝ դու սիրելու բա՞ն ես, որ Ռուսաստանը քեզ սիրի։ Ի դեպ, Փաշինյանին ավելի հոգեհարազատ է տիկ- տոկ- յան լեզուն, այդ հարթակում նա քննարկում է անգամ երկրի անվտանգության հարցերը։ Դա է պատճառը, որ նրան դիմում եմ իր հարազատ  լեզվով։  Մեջբերումը բառացի չէ, իմաստային է։

Ինչևէ, ՀԱՊԿ-ին այլ բան չէր մնում անելու, քան 2018-ի նոյեմբերին Խաչատուրովին ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Փաշինյանը կառավարման աթոռ վերցնելու  առաջին օրվանից է «ատամ ցույց տվել ՀԱՊԿ-ին» ու հիմա մի ողջ ժողովրդի ուզում է իր մագնիսական թուլացած  դաշտով համոզի, որ ախր ինքը ի՞նչ կարող էր անել Ռուսաստանին։ Սա ես ընդամենը մի դեպք եմ հիշեցնում։ 2018-ից հետո խուրձով դեպքեր դուք կհիշեք։ Նման կրկնվող դեպքերն  են պատճառը, որ Ռուսաստանը հայ ժողովրդին ու Նիկոլին առանձնացնում է։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում, ու դա ակնհայտ է։ Որ հայ ժողովուրդը դա գլխի է ընկել, Փաշինյանի վարկանիշի ահագնացող անկումն է վկայում։ Եվ հենց այդ առումով են նրան ու հայ ժողովրդին առանձնացնում։ Հետո ընկավ Խաչատուրովի տղայի հետևից։ Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել, թե ինչու է հետապնդման ենթարկվել որդին։

2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական բախումների ժամանակ Գրիգորին  հաջողությամբ կանխել է ադրբեջանական առաջխաղացումը Տավուշի մարզում։ Սարդարապատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Խաչատուրովն արժանացել է «Մարտական խաչ» առաջին շքանշանով՝ մարտերում ունեցած դերի համար։ 2021 թվականին գեներալ Խաչատուրովը մեկն էր այն 40 սպաներից, ովքեր ստորագրեցին Հայաստանի ռազմական հուշագիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ։ Հիմա պա՞րզ է նրա հետապնդման պատճառը։ Նիկոլը վրեժխնդիր է լինում գեներալից՝  Տավուշի առաջխաղացում թույլ չտալու և իր հրաժարականը պահանջելու համար։ Սա ուղղակի հիշեցում է, որ Տավուշի գյուղերի հարցը նրա օրակարգում նոր չէ ու չի ներել գեներալին։  Իր սիրած եվրոպական երկրներում շատ խիստ է, երբ գործատուն վրեժխնդիր է լինում ենթակայից։