Ինչ է կատարվում այս պահին Արցախում

Ինչ է կատարվում այս պահին Արցախում

Առավոտյան հայտնի դարձավ, որ մի խումբ ադրբեջանցիներ Շուշիի հատվածում փակել են Ստեփանակերտ- Գորիս ճանապարհը։ Քիչ առաջ մեզ հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ քաղաքացիական անձինք են փակողները՝ շուրջ 40 հոգի․

«Դեռևս հայտնի չէ, թե ինչ են ուզում, որովհետև այդ պատճառաբանությունը, որ իրենք բերում են, անհեթեթ պատճառաբանություն է, թե իբր բնապահպանական աշխատանքներ կատարելու նպատակ ունեն, դե բնականաբար չի կարող այդպիսի բան լինել։ Շուշիի հատվածում մոտ 30-40 հոգի՝ քաղաքացիական հագուստներով, ամենայն հավանականությամբ այդտեղ աշխատողներն են, բանվորները, ճանապարհը փակել են, բնականաբար հրահանգ ունեն, նման բաները պատահական չի լինում, բայց որևէ պահանջ իրենք, ըստ իս, չեն կարող արտահայտել, պահանջները ավելի վերևներում կձևակերպեն։ Հիմա խաղաղապահներն ու մեր կողմից էլ ներկայացուցիչներ բանակցում են ճանապարհը բացելու համար, դեռևս արդյունք չկա»,- պատասխանեց Հակոբյանը։

Նրան հարցրինք՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ճանապարհը փակելուն զուգահեռ շփման գծում զինտեխնիկա, զորքեր են կուտակում․

«Այդ լարվածութունը դեռ օգոստոսից էր, երբ ասում են, որ շփման գծի երկայնքով լարվածություն կա,կամ հարաբերական կայություն է, դա հենց այդ նշանակում, թե այս ընթացքում էլի ավելացել են, հնարավոր է, փորձում են դիրքավորվել»։

Քիչ առաջ ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որ դիմել են խաղաղապահներին «ժամանակավորապես օկուպացված տարածքներում օգտակար հանածոների ապօրինի շահագործումը կանխելու համար, և խումբ են ցանկանում ուղարկել՝ մոնիթորինգ և հետաքննություն իրականացնելու համար»։ Անդրադառնալով այս հայտարարությանը, Հակոբյանն ասաց․

«Այդպիսի հայտարարություններ պատերազմից անմիջապես հետո իրենք անում էին, որ հայկական կողմը դեռ պիտի փոխհատուցի այն վնասները, որոնք իբրև իրենք կրել են՝ այդ օգտակար հանածոների օգտագործման հետևանքով։ Իրենք այս ձևով փորձում են ցույց տալ, թե իբրև մենք ապրում ենք իրենց տարածքում և իրենք հիմա թույլ չեն տալիս, որ օգտագործենք այդ հանածոները։ Այն ինչ հիմա տեղի է ունենում, նախերգանքն է միանշանակ։ Նույն ձևով մարտ ամսին գազի պատմությունն էր, նույն սցենարն է»,- ասաց Հակոբյանը։