Ալիեւը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետի մասին

Ալիեւը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ կարելի է համարել այն, որ Երեւանն ընդունել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հինգ կետանոց պայմանները։

«Ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման արդյունքները դրական են։ Ես հայտարարել եմ դա հանրությանն ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բաց կերպով խոսել է հարաբերությունների նորմալացման եւ Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջադրած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Կարծում եմ, որ դա դրական մեկնաբանություն է»,- ասել է Ալիեւը՝ ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ այժմ, պաշտոնական հայտարարություններից հետո, Բաքուն եւ Երեւանը պետք է ապացուցեն իրենց մտադրությունների լրջությունը սեղանի շուրջ։ Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, որ պատրաստ է սկսել սահմանային հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, ինչպես նաեւ խաղաղության համաձայնագրի նախապատրաստության աշխատանքային խմբերի ձեւավորումը։ Ալիեւը կարծում է, որ կարեւոր է, որպեսզի դրական առաջընթացը շարունակվի եւ երկու կողմերն էլ պահպանեն համաձայնագիրը։