Սյունիքի Ագարակ քաղաքում անորոշ ժամանակով ջուր չի լինի․ բնակիչները բողոքում  են

Սյունիքի Ագարակ քաղաքում անորոշ ժամանակով ջուր չի լինի․ բնակիչները բողոքում  են

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում ամենօրյա ռեժիմով ջրանջատումներ են։ Այս մասին «Հրապարակ»-ին են ահազանգում մի խումբ ագարակցիներ եւ բողոքում, որ հատկապես շաբաթ-կիրակի օրերին ջուր չունեն, այն էլ եղանակային շոգ պայմաններում։

Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Անտոնյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ջրանջատումներն այս քաղաքում ամենօրյա դարձել, նա մեզ պատասխանեց, որ պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, բոլոր հարցերով իրենց դիմենք, սակայն նշեց, որ Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են ջրանջատումների մասին։
Ագարակցիները հակադարձում են Անտոնյանի խոսքին՝ նշելով, որ ֆբ-յան էջում այդ մասին կարդում են այն ժամանակ, երբ «ջրերը կտրած են» լինում արդեն։

Քաղաքապետարանի ՖԲ էջի հերթական ջրանջատման գրառման տակ կարդում ենք մի մեկնաբանություն, որն, ըստ հեղինակ՝ի, արված է բազմաթիվ սպաների ընտանիքների անուններից․ «Ոչ գիտենք՝ ջուր ա գալիս, ոչ գիտենք ջուր չի գալիս, ոչ կտրելու ժամանակ տեղյակ եք պահում,ոչ մաքուր ջուր տեսանք մի անգամ: Մինչև ե՞րբ, ձե՞ռ եք առնում: Դրսից սպաները, զինվորականները գալիս են ձեր ու ձեր երեխեքի համար ծառայում են ու փոխարենը ոչ մի բանի ձեր կողմից չեն արժանանում, գոնե մինիմալ բաներով ապահովեք: Մեռանք ջուր առնելով, Ագարակի խանութները ջրի բիզնես են անում: Վերջը աֆիցերը տուն է գալիս՝ հոգնած, ջարդված մի կաթիլ ջուր չլինի՞՝ լողանա գոնե: Կամ երեխա լողացնենք,լվացք անենք։ Օրվա մեջ մի թիքա տալիս եք բարակ, որ ոչ լվացքի մեքենա է միանում,ոչ բաղնիք կարաս մտնես: Վերջը մինչև ե՞րբ: Երբ զանգում ես, թե մաքրման աշխատանքներ ենք անում: Նախ ասեմ որ մի օր չեղավ մաքուր ջուր խմենք, պարտեզից սկսած բաչոկներով ջուր ենք կրում, ինչքան կարանք առնենք թե պարտեզի,թե տան համար, հերիք ա արդեն: Լուծեք այդ խնդիրը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այգիներն եք ջրում:Չեք կարողանում լուծեք, ի զորու չեք,ուրեմն թող նենց մարդ գա, որ կարողանա նենց ջրի կայաններ դնել տա, որ ջուրը եղած վախտն էլ մաքուր գա, ոչ թե ցեխաջուր:Հազարից մեկ էլ, որ երեխեքին մանկապարտեզում հանկարծ ջուր տային կամ տունը խմեին, այդ ջրից ամբողջ գիշեր փորլուծություն է մոտները: Երեխեքը ամբողջ օրը խաղում են դուրսը, փոշոտ գալիս չկարողանաս երեխայիդ լողացնես նոր քնացնես: Ամոթ ունեցեք»։

«Վեոլիա ջրից» էլ խնդրի հետ կապված հայտարարություն են տարածել․ «Մաքրման կայանում տարվող աշխատանքներով մայիսի 28-ին ժամը 20:00-ից անորոշ ժամանակով կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը»։