Այդ հարցը այդպես էլ գաղտնիք մնաց․ այդ ինչպես այդպես ստացվեց

Այդ հարցը այդպես էլ գաղտնիք մնաց․ այդ ինչպես այդպես ստացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, հիշեցնենք,  հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: 

Քիչ առաջ Չալաբյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մարտիրոսյանին։

«Մի հարց կա, որը փաստորեն չպարզաբանվեց ու բոլորիս համար գաղտնիք մնաց, թե ինչպես է սույն գործը մակագրվել հենց Ձեզ։ Դուք՝ որպես դատավոր գործունեության ընթացքում քննել եք քաղաքական գործեր, ընդ որում, քաղաքական գործեր ասելով նկատի ունեմ օրվա քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքական գործեր, որոնցով կայացրել եք խնդրահարույց դատական ակտեր, որոնք ՄԻԵԴ-ի վճիռների հիման վրա՝ ճանաչվել են ոչ իրավաչափ, արձանագրվել է Ձեր կողմից դատապարտված անձանց իրավունքների խախտում»,- պնդեցին Չալաբյանի պաշտպանները։ Մարտիրոսյանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։