5 գիտնականով կարող են դադարեցնել ցանկացած դատավորի լիազորություններ․ Ռուբեն Վարդազարյան

5 գիտնականով կարող են դադարեցնել ցանկացած դատավորի լիազորություններ․ Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ-ին տալ հնարավորություն նիստեր անցկացնել խորհդի անդամների կեսից ավելիի ներկայությամբ. «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանի ու Վահագն Հովակիմյանի առաջարկն է այն դեպքերի համար, երբ ԲԴԽ-ն հանդես է գալու որպես դատարան: Օրենքի նախագիծն ԱԺ լիագումար այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։

Գործող կարգավորմամբ, որպես դատարան հանդես գալու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, ունի 10 անդամ: Ստացվում է՝ քվորում ապահովելու համար առնվազն 7 անդամի ներկայություն է հարկավոր, իսկ առաջարկվող նախագծով՝ բավարար կլինի 6 անդամի ներկայություն:

Փոփոխություն կլինի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը քննելու, լիազորությունները դադարեցնելու կամ քրեական հետապնդումը թույլատրելու ԲԴԽ-ի որոշումների ընդունման ընթացակարգում: Փոփոխությամբ առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդին թույլ տալ որոշումներ ընդունել առնվազն 6 անդամի ներկայության և 5 միանման քվեարկության պարագայում:

Գործող կազմի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի  լիազորություններն այժմ կասեցված են, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդունված նախագծին՝ նշեց, որ դրան շատ բացասական է վերաբերվում․ «Չեմ ուզում որեւէ այլ կերպ մեկնաբանել, բացի ասելուց, որ շատ բացասական եմ վերաբերվում, քանի որ դաշտը մինչեւ վերջ չեմ ուսումնասիրել։ Երկու օր ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու համար»։

Ըստ Վարդազարյանի՝ նախկինում դատավորի լիազորությունները կասեցնելու համար ԲԴԽ ստեղծման օրվանից մինչեւ այս պահը անդամների 7 ձայնն էր պահանջվում․ «Սա շատ բացասական եմ գնահատում, վստահ եմ՝ հետեւանքները լինելու են խիստ բացասական»։

Հարցին, թե ինչո՞ւ է այս ամենն արվում, ԲԴԽ նախագահը պատասխանեց․ «Արվում է այս ամենն, որպեսզի դատավորներին պահեն պասիվ մթնոլորտում, որ ցանկացած դեպքում 5 գիտնականով կարող են դադարեցնել ցանկացած դատավորի լիազորությունները։ Դատական իշխանությունը հնազանդ պահելու համար է արվում սա։ Համենայն դեպս, այդ 5 գիտնականները, որոնք այդ պահին հանձնարարություն կստանան որեւէ դատավորի լիազորությունները դադարեցնելու, մեկ օրվա ընթացքում մեկ քվեարկությամբ, կարող են դա իրականացնել։ Դատավոր անդամներ էլ կան, բայց 5 ձայն միշտ ունեն գիտնականները, որոնք ընտրված են ԱԺ-ի կողմից, այսինքն՝ քաղաքական մարմնի կողմից, հետեւաբար՝ այդ որոշումները չեմ բացառում, որ լինեն բացառապես քաղաքական։ ԲԴԽ որոշումները, քանի որ չեն բողոքարկվում, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, նշանակում է այն, ինչ որ ասացի»։