Որո՞նք են սահմանները

Որո՞նք են սահմանները

Մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խոսում է սահմանների ճշգրտումից՝ դեմարկացիայից և դելիմիտացիայից: Ռուսաստանը խոսում է նույն երևույթի մասին: Արևմուտքը ևս խոսում է դրա մասին: Ադրբեջանի նախագահը ոչ միայն խոսում, այլև պահանջում է հնարավորինս արագ կատարել սահմանների ճշգրտումը: Այդքանը հասկացանք: Անցնենք հիմավորումներին: Ռուսաստանը պահանջում է սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, որպեսզի, իր ասելով, հասկանա, թե ադրբեջանական հերթական ագրեսիան հանուն սահմանների ճշգրտման համար էր, թե այն ներխուժում էր ՀՀ սուվերեն տարածք:

Նույնը պահանջում է Արևմուտքի ինչ-որ մասը՝ չնայած ընդունում է, որ ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, ներթափանցել են ՀՀ սուվերեն տարածք: Ինչը նշանակում է, որ նրանք խախտել են ՀՀ սահմանները: Բայց այստեղ հարց է առաջանում՝ եթե պարզ չեն սահմանները, ապա ինչպես են դրանք խախտվել մեր թշնամու կողմից: Դա՝ մեկ, և երկու. եթե Ադրբեջանի նախագահը չի ճանաչում ՀՀ և Ադրբեջանի սահմանները, ապա ինչ հիմքով է պատերազմից անմիջապես հետո Նիկոլից որպես նվեր ստացել Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը: Թե՞ այն ժամանակ ինքը ճանաչում էր Գուգլի կողմից գծված սահմանը, քանի որ դա իրեն ձեռնտու էր, իսկ հիմա արդեն ձեռնտու չէ: Փաշինյանի առումով նույն հարցը չեմ դնում՝ երևի ինքն էլ չգիտե, թե ինչն է ձեռնտու Հայաստանին: Թե ինչն է ձեռնտու անձամբ իրեն ու իր ընտանիքին՝ ինքը դա հրաշալի է իմանում, բայց չշփոթենք իրեն ու Հայաստանը: Դրանք գտնվում են տարբեր հարթություններում և իրար հետ չեն հատվում:

Վերադառնանք Արևմուտքի կողմից ՀՀ սահմանները ճանաչելու կամ չճանաչելու հարցին: Չնայած դա առայժմ առկախված է, սակայն այնտեղ որոշել են դիտորդների խումբ ուղարկել, որպեսզի արձանագրվի, թե որ երկիրն է սրում իրադրությունը սահմանային գոտում: Դրանք մնալու են երկու ամիս և ինչ-որ պարբերականությամբ անմիջականորեն Բրյուսելին են հաղորդելու իրենց դիտարկումները: Բայց Իլհամը միամիտ չէ. հա՛մ չի կրակի մեր դիրքերի ուղղությամբ, հա՛մ էլ իր դիրքերից դեպի երկրի խորքը կկրակի՝ եթե ցանկանա մեզ մեղադրել սահմանային անդորրը խախտելու մեջ: Ինչ մնում է այդ հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին այդ կառույցի դիտորդների տեղակայման ձգձգումը հիմնավորվում էր, ըստ ռուսական մամուլի, այն հանգամանքով, որ «դիտորդների համար տեղեր որոշելն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է. պետությունների սահմանները սահմանազատված չեն, և բառացիորեն յուրաքանչյուր հատված կարող է վիճարկվել, այդ թվում՝ ուղղակի առճակատման ընթացքում»:

Եթե այդպիսին է իրականությունը, ապա որտե՞ղ են կանգնելու արևմտյան դիտորդները: Ինչը նշանակում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում ՌԴ-ն փորձում է խուսանավել Հայաստանի և Ադրբեջանի, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև: Որովհետև, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, Թուրքիայի նախագահը ոչ թե թշնամացավ Վլ. Պուտինի հետ՝ ինչպես ՆԱՏՕ-ական ողջ Արևմուտքը, այլ սկսեց խաղալ երկու դարպասով՝ հարաբերությունները պահպանելով թե՛ մեկի և թե՛ մյուսի հետ: Իսկ այսօր, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում,  Թուրքիան օդի և ջրի նման անհրաժեշտ է Ռուսաստանին: Դա է, որ չեն ընկալում նրանք, ովքեր փորձում են մեր երկիրը թշնամացնել Ռուսաստանի հետ: Իսկ դա, ինչպես բազմիցս է ասվել, հղի է ծանր հետևանքներով հենց մեզ և ոչ թե Ռուսաստանի համար: