ՀՀ-ում փող են տպում, որ Արցախում շինարարություն իրականացնեն

ՀՀ-ում փող են տպում, որ Արցախում շինարարություն իրականացնեն

Արցախի Հանրապետության կառավարությունը մոտ 150 մլրդ դրամ վարկ է վերցրել ՀՀ Կենտրոնական բանկից: Այս վարկը մտցվեց Արցախի բյուջե, եւ այս գումարով ԼՂՀ-ում բնակարանային շինարարություն է իրականացվում: Մեր տեղեկություններով, միայն Ստեփանակերտում կառուցվում է 580 շենք: Այս մասին Արցախի ֆինանսական շրջանակներին մոտ աղբյուրը մեզ հայտնել էր դեռեւս ընտրություններից առաջ: 

Այն ժամանակ տեղեկությունը փորձեցինք ճշտել Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակից: Մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքեց տեղեկությունը․ «Տեղեկացնեմ, որ Հայաստանի ԿԲ-ից Արցախում շինարարության համար գումար չի ներգրավվել»: Նա նաեւ հրապարակված տվյալներ բերեց, որոնց համաձայն՝ Հադրութ եւ Շուշի քաղաքների տեղահանված բնակիչների համար կառուցվում է ավելի քան 1000 բնակարան Արցախում, հազարավոր բնակարաններ՝ Ստեփանակերտի տարբեր փողոցներում: Ֆինանսների նախարարությունից էլ չժխտեցին, որ գումար է հատկացվել, սակայն նշեցին, որ խոսքը վարկի մասին չէ: 

Թե ինչ գումարի մասին է խոսքը, պարզաբանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ ընտրությունների հաջորդ օրը, Հանրապետության հրապարակում կազմակերպված միտինգի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանի կառավարությունը, սփյուռքը Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր Արցախում՝ բնակարանաշինության, ենթակառուցվածքների կառուցման... Դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած: Խոսքը վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացված ներդրումներին»: 
Պետք է հաշվի առնել, որ Արցախի բնակշինարարության ծրագրերի իրական ֆինանսավորողը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ՝ հայ ժողովուրդը:

Հայաստանի բնակչությունն է 100 հազար անտուն մնացածներին բնակարաններով ապահովողը, քանի որ աննախադեպ այդ միջոցները, որոնք գերազանցում են, ինչպես նշեց Փաշինյանը, 1990 թվականից Արցախում կատարված բոլոր ներդրումները, ապահովված չեն վալյուտայով, դրանք տպել են որպես թուղթ եւ ուղարկել Արցախ: Հայաստանում դրա հաշվին բարձր գնաճ է արձանագրվում, որովհետեւ փողի թղթային զանգվածը, դրամի քանակը շրջանառության մեջ ավելացել է: Իսկ սա նշանակում է, որ իրականում Հայաստանի բնակիչները, քաղաքացիներն են իրենց գրպանից արցախցիների համար տներ կառուցում՝ էմիսիայով պայմանավորված ինֆլյացիայի զոհ դառնալով: Իսկ Փաշինյանն այս հարցում գլուխ գովելու տեղ չունի: Ավելին, նա կարող էր մեր փողերն ավելի հեռատեսորեն եւ արդյունավետ ծախսել, օրինակ՝ ոչ թե Արցախում տներ կառուցելով, որոնց ճակատագիրը, հաշվի առնելով տխուր քաղաքագիտական կանխատեսումները, այնքան էլ պարզ չէ, այլ ամրապնդելով Հայաստանի հարավային սահմանը:

Հենց այնտեղ՝ Սյունիքում է պետք բնակեցնել անտուն մնացած արցախցիներին՝ անառիկ, խիտ բնակեցված ու ավելի ապահով դարձնելով մեր երկրի հարավը: Բայց մեր կառավարությունը նման ծրագրեր չունի: