Ավելի քան 20 հազար մահ եւ 530 հազար վարակակիր ԱՄՆ-ում

Ավելի քան 20 հազար մահ եւ 530 հազար վարակակիր ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 հազարը, դա ավելին է, քան աշխարհի որեւէ այլ երկրում: Նախկինում մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել էր Իտալիայում, բայց այժմ Եվրոպայում իրավիճակը սկսում է կայունանալ:

Ջոնս Հոփկինսի համալսարանից ստացված վերջին տվյալների համաձայն ՝ ԱՄՆ-ում Covid-19 -ից մահացությունների ընդհանուր թիվը կազմել է 20.6 հազար, միաժամանակ վիրուսն ախտորոշվել է ավելի քան 530 հազար մարդու մոտ: Մեկ օր առաջ ԱՄՆ-ը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացավ ավելի քան երկու հազար մարդ: Իսկ, ընդհանրապես, ամբողջ աշխարհում, կիրակի առավոտվա տվյալներով Covid-19- ով վարակվել է 1 մլն. 784 հազար մարդ, մոտ 110 հազար մարդ էլ մահացել է:

Շաբաթ օրը ԱՄՆ բոլոր նահանգները համաճարակի պատճառով արտակարգ դրություն էին հայտարարել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում կորոնավիրուսից մահերն այնքան շատ են եղել, որ քաղաքում սկսել են եղբայրական գերեզմաններ փորել:

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, գործում են խիստ սահմանափակումներ, իսկ տնտեսական իրավիճակի ընդհանուր վատթարացման պատճառով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առնվազն 16 միլիոն ամերիկացի կորցրել է իր աշխատանքը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: