Մենք մեր տեսածը չենք հանրայնացնում, զրույցներ ենք ունենում տեղի իշխանությունների հետ
Լեռնային Ղարաբաղը հայաթափված է, 100 հազարից ավելի մարդ բռնի տեղահանված է, Արցախի նախկին նախագահները, պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու մի խումբ հայ զինվորականներ` գերի են տարվել: Ի՞նչ աշխատանքներ է այս օրերին տանում Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը, այցելե՞լ է արդյոք հայ ռազմագերիներին, նրանց առողջությունը, կենսապայմաններն ինչպիսին են Բաքվի բանտերում, այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ:
- «Կարմիր խաչն» այս օրերին այցելե՞լ է հայ ռազմագերիներին: Ինչպես գիտենք` Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները ևս գերության մեջ են հայտնվել, նաև կան գերեվարված զինվորականներ:
- Առհասարակ մեր կազմակերպության հանձնագրի շրջանակներում բնականաբար նախատեսված է ձերբակալված անձանց տեսակցելը: Բնակաբար այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, հետևում ենք այդ հարցին և նաև որոշակի դիմումներ ենք ընտանիքներից ստանում ու փորձում ենք գնալ առաջ: Այս պահին այլ մեկնաբանություն չունեմ:
- «Կարմիր խաչը» զբաղվում է նաեւ իրավակա՞ն հարցերով:
- Ոչ: Մենք իրավական հարցերով չենք զբաղվում, կարևորն այն է, որ միջազգային մարդասիրական իրավունքներով աշխատել` որպես չեզոք միջնորդ, նաև զբաղվել ձերբակալվածներին տեսակցելու հարցերով, սակայն դա չի նշանակում, որ մենք ուղիղ ներգրավվածություն ունենք իրավական գործընթացներում: Մենք անկախ կազմակերպություն ենք, ուստի զերծ ենք մնում իրավական պրոցեսներին ներգրավվելուց, վկայություններ տալուց: Մենք իշխանությունների հետ երկխոսություն ենք տանում, որպեսզի կարողանանք միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո տեսակցել ձերբակալվածներին, իմանալ նրանց որպիսությունը, մեր տեսակցությունների շրջանակներում նաև հնարավորություն տալ, որպեսզի այդ մարդիկ կարողանան կապը պահել իրենց ընտանիքների հետ:
- Օրինակ, երբ տեսակցում է «Կարմիր խաչը» ձերբակալվածներին, ռազմագերիներին և տեսնում, որ նրանք բռնության են ենթարկվել, կապտուկներ, մարմնական վնասվածքներ ունեն, ի՞նչ քայլեր է ձեռնարկում, ո՞ւմ է դիմում` խնդիրը բարձրաձայնելու համար:
- Իհարկե: Նախ սկսենք նրանից, որ ձերբակալված մարդիկ պարտադիր չէ, որ ռազմագերի լինեն: Ռազմագերին հատուկ կարգավիճակ է, որը կարգավորվում է Ժնևի երրորդ կոնվենցիայով: Առևանգում բառը ևս միջազգային մարդասիրական իրավունքի հետ կապ չունի: Ձերբակալվածներով, պահվող անձանցով ենք զբաղվում: Ցանկացած հարց, որ մեր աշխատակիցների տեսակցության ընթացքում առաջանում է` պահման պայմանների, առողջական վիճակի հետ կապված, տեսակցությունների իմաստն է, որպեսզի կարողանանք տեսնել և գնահատել: Սակայն մենք մեր տեսածը չենք հանրայնացնում: Ունենում ենք համապատասխան զրույցներ տեղի իշխանությունների հետ, որպեսզի կարողանանք հարցը պահել ուշադրության կենտրոնում, որոշակի բարելավումներ արձանագրելու համար:
- Այսինքն` խնդիրը նկատելով տեղի իշխանություններին եք դիմում, նրանց, ովքեր իրականացրել են այդ խոշտանգումները եւ իրավունքի ոտնահարումները:
- Այո, դա միայն իրենց հետ է որոշվում:
- Իսկ միջազգային այլ կառույցների հետ, մարդու իրավունքների մասով, չե՞ք համագործակցում:
- Մենք անկախ ենք: Մարդու իրավունքների մասին չենք խոսում: Մեր հիմնական գործառույցը երկխոսությունն է` անմիջապես խախտողների հետ: Եթե փոփոխություններ չենք նկատում այդ առումով մենք կարող ենք ընտրել երկխոսության երրորդ կողմին, որը կարող է հնարավոր ազդեցություն ունենալ տվյալ երկրի իշխանությունների վրա:
- Օրինակ` ո՞վ կարող է լինել երրորդ կողմը:
- Դա կարող է լինել մեկ այլ երկրի ներկայացուցիչ, կարող է նաև լինել այլ քաղաքական ուժ: Մեզ համար կոնֆիդենցիալությունն է այս առումով կարևոր, որպեսզի որևէ կերպ չլինեն խանգարող հայտարարություններ: Մեր ուշադրության կենտրոնում մարդն է, ի վերջո: Պաշտպանության նկատառումները մեզ համար առաջնային են:
- Ադրբեջանի հետ ձեր աշխատանքն ինչպե՞ս է ստացվում առհասարակ:
- Չեմ կարող մեկնաբանել մեր և որևէ իշխանության աշխատանքի որակը, արձագանքը:
Կարծիքներ