Ո՞նց կարելի է հայ ժողովրդին զրկել իրար գրկելու ջերմությունից

Ո՞նց կարելի է հայ ժողովրդին զրկել իրար գրկելու ջերմությունից

Հարցազրույց ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի հետ


- Պարոն Չալիկյան, երկրում 3 ամսից ավելի է, ինչ համաճարակային իրավիճակ է, արտակարգ դրություն, նախօրեին էլ վարչապետը հայտարարեց, որ դժոխքի միջով ենք անցնում, եւ շուրջ 200 մարդ սպասում է իր հերթին, անգամ մի քաղաքացի մահացել է, որովհետեւ ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել։ Սա նշանակում է, որ իրավիճակը դո՞ւրս է եկել վերահսկողությունից, եւ պետության հակահամաճարակային միջոցառումները տապալվա՞ծ են։

- Ինձ մտահոգում է շատ ավելի կարեւոր խնդիր․ ամբողջ աշխարհում այդ բացիլները պակասում են, իսկ մեզ մոտ շատանում են։ Հետո․ ես այդ թվերին առանձնապես չեմ վստահում, այնպիսի տպավորություն է, որ հիվանդներ են փնտրվում, որպեսզի աղետը մեծացվի։ Ինձ համար ավելի մեծ աղետ է մարդկանց սարսափի մեջ պահելը, ես վստահ եմ՝ երբ մարդը մտնում է կռվի մեջ ցանկացած խնդրի հետ, արդեն դատապարտված է։ Մարդը ցանկացած խնդիր հաղթահարելու համար պետք է այդ խնդրին հակադրի համարժեք լույսը։ Իսկ ի՞նչ լույս, ի՞նչ ոգեղեն լիցքեր են փոխանցվում այս օրերին, որոնց պարագայում վիրուսներն անզոր են։ Ամենամեծ վիրուսը հենց այդ գիտակցությունը չունենալն է եւ մարդկանց տագնապի մեջ պահելը։ Մենք հեղափոխության առաջին օրվանից կռվում ենք հնի դեմ, բայց ո՞ւր է նորը։ Այդ նորը չլինելու խնդիրն է, որ մեր տագնապը մեծացնում է, դա ամենակարեւոր խնդիրն է ինձ համար։

- Բայց այնպես էլ չէ, որ խնդիր չկա, հիվանդներ չկան, եւ կա միայն տագնապ։ Մենք տեսնում ենք, որ այսօր կա թե՛ բուժհաստատությունների, թե՛ բուժանձնակազմի պակաս։

- Առաջին հերթին գիտակցության պակաս կա, այդ ամենը շատանում է նրանից, որ մենք ստեղծված իրավիճակին որեւէ համարժեք, առողջ ծրագիր չենք հակադրում։ Չի կարելի անընդհատ միջնադարի հետ կռիվ տալ, արդյունքում հայտնվում ենք միջնադարում, իսկ վիրուսը հավաքվում է այստեղ, որովհետեւ շատ պարարտ հող է գտել, եւ ոչ մի լուսավոր գաղափար, քաղաքակրթական այս ճգնաժամը ճեղքող որեւէ լույս չկա, իսկ եթե չկա այդ լույսը, բնականաբար, վիրուսները պետք է շատանան։ Ես այս հարցին ավելի շատ հոգեւոր դաշտից եմ նայում, որովհետեւ ամեն խնդիր նախ լուծվում է հոգեւոր դաշտում։ Իսկ ո՞ւր են այսօր առողջ մտածողությունը, առողջ գաղափարները, որի դեպքում վիրուսն անզոր է։ Մենք դարձել ենք վատատեսության կղզյակ այս մոլորակի վրա, էլ չասեմ, որ ես կասկածում եմ այդ թվերին։

- Ի՞նչ իմաստով եք կասկածում ներկայացված թվերին։

- Ասում են՝ այս տարի մահացություններն ավելի քիչ են, քան անցյալ տարի, բոլորն այդ վիրուսից են մահանում․․․, չի կարելի մարդկանց այդքան ահաբեկել, եթե անգամ դա այդպես է։ Ամեն օր ասվում է, որ այսքան մարդ հիվանդացավ, այսքան մարդ մահացավ, իսկ ո՞ւր են լավ լուրերը, ոչ ոք չի՞ ծնվում այս մոլորակի վրա, ոչ մի լուսավոր բան տեղի չի՞ ունենում։ Այսինքն՝ անընդհատ չի կարելի մեր ոգեղեն դաշտը պղծել նեգատիվ լիցքերով, մենք սեւ քառակուսի ենք ստեղծում մեր հոգեւոր դաշտում։ Իհարկե, հիվանդությունը վտանգավոր է, ամեն ինչ պետք է անել դրա համար, բայց դա մարդու խնդիրն է, մարդու խնդիր ասելով՝ ես նկատի ունեմ այն, որ եթե մենք մարդուն սիրում ենք, նրան փորձում ենք լավատեսություն ներշնչել, պատկերը կտրուկ փոխվում է․․․ վախկոտ մարդն է պատերազմում զոհվում, մենք այսօր «պատերազմի դաշտում» դասալիք ենք դառնում մեր լուսավոր գաղափարներին։ Այդպես չի կարելի։

- Հանրությունն ունի՞ Ձեր ասածի գիտակցությունը։ Վարչապետը հանրային վերահսկողության շարժում է սկսել, դա որքանո՞վ է արդյունավետ եւ ինչքանո՞վ կօգնի հաղթահարել այս վիրուսը։

- Մենք այս պահին պայքարում ենք վիրուսի օգտին եւ նրա բարիկադի վրա ենք կանգնած, պետք է դրա դիմաց ստեղծել առողջության բարիկադը։ Եթե հակադրություն կա, դա իշխանությունն է հակադրում, իսկ ժողովրդի մեջ առողջ բնազդներ կան, ավելին ասեմ՝ իմ ծանոթների մեծ մասը հեգնանքով է վերաբերվում այդ դիմակներին, որովհետեւ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է ասում, որ առողջ մարդու համար դիմակը վնաս է, բայց մենք Պապից ավելի կաթոլիկ ենք եւ սիրում ենք ամեն հիվանդություն շալակել եւ մեզ հետ կրել, որովհետեւ լավ ենք զգում զոհի կարգավիճակում։

- Չե՞ք կարծում, որ սա իսկապես այն դեպքն է, որ շատերը վիրուսի պատճառով հայտնվել են այդ զոհի կարգավիճակում։ Գուցե իշխանությունները չափից դուրս լավատեսություն, իսկ իրականում՝ անլրջություն դրսեւորեցին առաջին ամիսներին՝ ասելով, թե կորոնավիրուսն ում շունն է, կամ՝ դիմակները, մեծ հաշվով, չեն պաշտպանում մեզ։

- Ես հակառակ կարծիքին եմ՝ իրենց լրջությունը բերեց այս վիճակին։ Ցանկացած ճշմարտության մեջ լույս է թաքնված, իսկ ինչո՞ւ այս կորոնայի մեջ չեն տեսնում նրա հակակշիռ լույսը։ Ամեն ինչ ներդաշնակ է տիեզերքում, եթե այս աղետը կա, անկախ նրանից՝ արհեստական է կամ թե ինչ նպատակ է հետապնդում, փաստացի, ինքն այսօր կա, եւ շատերն այսօր ուզում են դրա նեգատիվ ազդեցությունից օգտվել, բայց բնության մեջ ամեն երեույթ ներդաշնակ է, այսինքն՝ բացասականի կողքին կա նաեւ դրականը, որի մասին մենք չենք մտածում եւ որի շուրջ չենք գործում։ Հին աշխարհը մեռել է, եւ սա ապտակ է, որպեսզի մարդն ուշքի գա, իսկ մենք «քրիստոնեաբար» մեր այտն ենք պարզում ու ասում ենք՝ մյուս այտին էլ ապտակեք, բայց հետո մեր գլխին էլ կտան։ Այս կորոնավիրուսը նաեւ քաղաքակրթական ապտակ է, եւ մենք պետք է կարողանանք սթափվել ու տեսնել մեր իրական երկիրը, ինքնությունը․ այդտեղ են առողջության եւ հոգեւոր լիցքերը։

- Օրինակ, Իտալիան կամ Չինաստանը կարողացան վիրուսի պիկը հաղթահարել եւ կայունացնել վիճակը երկրում այդ հոգեւոր լիցքերի՞ շնորհիվ։

- Այսօր նույն Չինաստանում կամ հարեւան Վրաստանում մարդ չի մահանում ոչ թե նրա համար, որ ճիշտ պայքարեցին, գոնե ես այդպես չեմ ընկալում, այլ որ մենք ուղղակի սխալ պայքարեցինք, եթե մենք ոչինչ չանեինք, ավելի ճիշտ կլիներ։ Մենք ամեն տարի այս էտապներն անցել ենք, այս վիուսը միշտ էլ եղել է, բայց այս տարի տրվեցինք այս դավադիր ծրագրին, որպեսզի վախի միջոցով մեր այս լուսավոր հավատն էլ վերջանա։ Մենք մեր հոգեբանությամբ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, հայերը միշտ սիրում են աշխարհի զոհասեղանին լինել։ Ո՞նց կարելի է հայ ժողովրդին զրկել իրար գրկելու ջերմությունից, դա ավելի մեծ վիրուս է, հավատացեք, որովհետեւ վիրուսը սիրում է տագնապ, վախ, իսկ ջերմությունից, սիրուց փախնում է։

- Այսինքն, Ձեր կարծիքով, վիրուս չկա՞․․․

- Վիրուս միշտ էլ կա, ո՞նց կարող է չլինել, բայց եկեք տեսնենք նաեւ նրա հակադիր լույսը։ Ամեն երեւույթի լույսն էլ պետք է տեսնել, դրա մեջ երկիր կայացնելու մի հզոր ապտակ, պատվեր կա, իսկ մենք վերցրեցինք այդ պրոբլեմը եւ մինչեւ այսօր քարշ ենք տալիս, մենք սիրում ենք խաչը քարշ տալ։ Եվ դրա մեղավորներից մեկը ես ինձ եմ համարում, որովհետեւ հոգեւոր դաշտ, արվեստ չունենք, որ տիեզերքից եկած իմպուլսները մարդը զգա ու ապրի այսօրվա մեջ։ Մենք երկինքը փակել ենք եւ ամեն ինչ նյութական ճանապարհով փորձում ենք լուծել, բայց այդպես չի ստացվի։ Ամեն ճշմարիտ երեւույթ նախ հոգեւոր դաշտում է կայանում, ի՞նչ հոգեւոր պատվեր ենք տվել, ի՞նչ երկիր ենք կառուցում։ Այդ ոգեղեն լիցքերը մենք փակել ենք, իսկ այդ լիցքերն առաջին հերթին հաղորդում է մշակույթը։ Եթե մենք չունենք քիչ թե շատ արժանավայել թատրոն, երաժշտություն, հեռուստատեսություն, վիրուսը կշատանա, ու, ցավոք, մենք չունենք այդ գիտակցությունը։ Արվեստի, լույսի ընկալումը պետք է բոլորի մոտ լինի, առաջին հերթին՝ երկրի ղեկավարների, որպեսզի նրանք մարդկանց դեպի լույսն առաջնորդեն, որովհետեւ վիրուսները միայն խավարում են բազմանում, իսկ մենք լույս չենք տալիս որեւէ ոլորտի։