Բնույթով՝ Նիկոլ

Բնույթով՝ Նիկոլ

Նախկինների վերադարձով ժողովրդին վախեցնել Փաշինյանին այլեւս չի հաջողվում: «Խոտակերներն» ակնհայտ պակասել են, իսկ նրանց տեղը լցրել են «գիշակերները», որոնք պատրաստ են Փաշինյանին պատառոտել ամեն հերթական ստից կամ Միքայել Մինասյանի «Շաբաթ իրիկուն» հերթական թողարկումից հետո: Փաշինյանը վախենում է նույնիսկ արձագանքել: 

Երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց մեղադրել ժողովրդին՝ «արա, էս ի՞նչ բառադի եք դուք, խանգարում եք, որ իշխանությունը հաղթահարի կորոնավիրուսը»: Այդ պահից սկսած՝ որոշակի ակտիվություն նկատվեց «անասնաֆերմայում», ընդ որում՝ մեծ թվով «խոտակերներ» դարձան «գիշակեր» ու ավելի կատաղի, քան բնածին «գիշակերները»: Անասնաֆերման, փաստորեն, այդ ստին էլ չհավատաց, թեեւ, եթե իմ կարծիքը կարեւոր է, կարող եմ ասել, որ դա հեղափոխության առաջնորդի եզակի հայտարարությունն է, որ մոտ է իրականությանը. այո, մեր ժողովուրդը «բառադի է»: Կարող եմ նույնիսկ ապացուցել, որ դա այդպես է: Ասացեք, խնդրեմ, ո՞վ կարող էր այսպիսի բառադի իշխանություն ընտրել, եթե ոչ բառադի ժողովուրդը: Այստեղ բոլոր հարցերը փակվում են այլեւս, եւ անիմաստ է բողոքելը, թե մենք ի՞նչ անեինք, մեզ խաբեցին, գեղեցիկ խոստումներ տվեցին, եկան իշխանության: Այո, ես էլ եմ հիշում, որ այդպես եղավ բանը:

Ավելին՝ դեռ Սերժն էլ ասաց՝ Նիկոլը ճիշտ է, ես սխալվեցի: Եվ դուք, իմ հոգու բառադիներ, որ 10 տարի շարունակ Սերժ Սարգսյան ու ՀՀԿ էիք ընտրում, բոլուկով վազեցիք Նիկոլի հետեւից: Խոստովանեք՝ այսպե՞ս եղավ, թե՞ ոչ: Շատ լավ: Իսկ ինչո՞ւ ձեր մեջ կասկածներ չառաջացան, երբ տեսաք, որ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի տասովչիկները, որոնք 10 տարի շարունակ Սերժի ու ՀՀԿ-ի շտաբներ էին աշխատեցնում, ձեզնից մի ոտ շուտ անցան հեղափոխության կողմը: Ի դեպ, ուշ չէ, այսօր էլ կարող եք խորհել այդ գեղեցիկ վերհուշի շուրջ, բայց այդ հարցի պատասխանը կստանաք միայն այն ժամանակ, երբ խոսեն Միհրան Պողոսյանը, Թոխմախի Մհերը, Լֆիկ Սամոն, ինչու ոչ՝ նաեւ Գագիկ Ծառուկյանը, որին այսօր իշխանական եւ իշխանամետ լրատվամիջոցները վախեցնում են՝ գրելով, թե նա բոլոր իշխանությունների ժամանակ «մսացուի» դերում է եղել… Իսկ վախեցնում են, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն Նիկոլի եւ մնացած տասովչիկների, լուրջ կուսակցության ղեկավար է եւ ունի հեղափոխական զոմբիներից հազար անգամ խելացի ընտրազանգված:

Այսօր Ծառուկյանի վերջին խիզախումների մասին չենք խոսի, կորոնավիրուսի ճիրաններում հայտնված մեր հպարտ քաղաքացիների հետ կուզենայի պարզել՝ ինչի՞ արդյունք կամ ծնունդ էր Միքայել Մինասյանի «Շաբաթ իրիկուն» հաղորդաշարը: Այս հարցը պետք է պարզաբանել, որովհետեւ Փաշինյանի ճամբարից փոքր կալիբրի առանձին ստախոսներ լուրեր են տարածում, թե Մինասյանը համաճարակային իրավիճակն օգտագործում է Փաշինյանին թախտից գցելու համար: Բառադի մարդկանց բառադի խոսակցություն, որին դեռ բառադի հավատացողներ էլ կլինեն: Մինչեւ իր հեռուստահաղորդաշարն սկսելը Միքայել Մինասյանը մամուլում էր հանդես գալիս հոդվածներով եւ քննադատում Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը: Այդ ժամանակ մենք նույնիսկ չգիտեինք, որ Չինաստանից կորոնավիրուս է սկսվելու: Այսօր էլ, երբ նա արդեն «հեռուստաաստղ» է, «հեռուստահաղորդավար» եւ տաղանդավոր, ուզում եմ ընդգծել՝ տաղանդավոր մոնո «շոումեն», երբեք կորոնավիրուսն իր հաղորդումների առանցք չի դարձնում եւ պարոն վարչապետին ու նրա գործընկեր-ախպերությանը չի քննադատում միայն այն բանի համար, որ անճարակ գտնվեցին համաճարակի դեմ: Համաճարակի թեման, իհարկե, չի շրջանցվում (ВОЗ-ի տղա եւ այլն), բայց այն երբեք «Շաբաթ իրիկունի» գլխավոր թեման չէ: Միքայել Մինասյանն ավելի շատ զբաղված է Նիկոլ Փաշինյանի իրական կերպարը մեզ ներկայացնելու եւ հեղափոխական էյֆորիայից մեզ հանելու գործով: Նա խնդիր է դրել՝ մեզ Նիկոլ Փաշինյանի իրականությունից մեկ այլ իրականություն, գուցե իր իրականություն տեղափոխելու, եւ այդ խնդիրը, կարծես, լուծում է, չասեմ՝ մեծ հաջողությամբ, բայց բավականին ջանադրորեն: Կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ ո՞վ է մեղավոր: Մինչեւ այսօր եղե՞լ է մի հեռուստահաղորդաշար, որ իր միսիան կատարելուց հետո, կամ նույնիսկ ավելի շուտ, չի դադարել: Այդպես էլ Միքայել Մինասյանի եթերները մի օր վերջ կունենան կամ կփոխվեն հաղորդավարի եւ ասելիքի առումով:

Այսքան երկար խոսեցի Միքայել Մինասյանի մասին, որպեսզի, սիրելի ընթերցող, դու ինձ բացատրես, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի փորձում հերքել կամ հակադարձել իր թիվ մեկ հակառակորդ Սերժ Սարգսյանի փեսային: Ի դեպ՝ վերջինս քննադատության շեմն այնքան է բարձրացրել, որ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքն էլ է երկրորդ պլան մղվել: Միքայել Մինասյանն իր դեմքով է խոսում, իր լեզվամտածողությամբ, իր բառապաշարով, տեղը եկած տեղը ինքն էլ է աներոջը «Սերժ» ասում: Մարդ այսպիսի փեսա պետք է ունենա, ոչ թե աներձագ Հրաչի պես… Իսկ Հրաչի փեսան երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու չի պատասխանում Միքայել Մինասյանի մեղադրանքներին, թե բա՝ ես պարտավոր չեմ ապացուցել, որ ուղտ չեմ: Իսկ ո՞վ է դա անելու նրա փոխարեն, երբ արդեն հրաժարական է տալիս ՊԵԿ ու ՊՆ վերնախավը: Ո՞վ պետք է ապացուցի, որ Փաշինյանը «չկա» կոռուպցիոն գործարքներում, եթե արդեն նույն Միքայել Մինասյանի հեռուստաեթերներից հետո արագ չեղարկվել է նրան կալանավորելու որոշումը, որն իր հետ բերելու է նաեւ նրա նկատմամբ հետապնդումը չեղարկելուն: Բա չեք ասի՝ աներձագն ու Աննան դատի են տվել Միքայել Մինասյանին՝ լո՞ւրջ: Նիկոլի դուխը չի՞ հերիքում, որ սիրելի աներձագին ու կնոջն է նետել մարտադաշտ: 

Եվ վերջում, ինչպես ընդունված է, համաճարակային դիմակախաղի մասին: Դնում եք, չէ՞, դիմակ: Իսկ գիտե՞ք, որ դիմակային համաճարակն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը: Իրականում դիմակով կարելի է պաշտպանվել կորոնավիրուսից, բայց դիմակը դարձնել պաշտամունք ու ողջ ազգին պարեցնել դիմակի շուրջ, խորհուրդ չի տրվում: Բայց մենք սիրում ենք պրոբլեմներ ստեղծել եւ լուծել դրանք: Որեւէ պրոբլեմ հնարելու, ստեղծելու համար Փաշինյանը, գիտեք, ձեռքը գրպանը չի տանում: Ուզածդ պրոբլեմ լեզվի ծայրին է: Այդպես էլ այս դիմակահանդեսը: Կորոնավիրուսի գեներալները՝ Ավինյան Տիկոն ու Թորոսյան Արսենը, բողոքում են՝ պարոն Փաշինյան, էս բառադի ժողովուրդը դիմակ չի դնում, ի՞նչ անենք: Ո՞նց թե չի դնում, որ լավ գազ տաք, կդնեն: Ու էս բառադի գեներալները գազ են տալիս՝ 800 նոր դեպք՝ մեկ օրում… բառադի ժողովուրդ է, սոսկում է նոր թվից, խեղճանում, գլուխը քաշում պատյանի մեջ… Ու մեկ էլ նույն օրը լուր է տարածվում, որ մի ուրիշ բառադի հարսանիք է արել, բառադի մարդիկ հավաքել գլխին, խմել են, երգել-պարել… Բառադի ժողովուրդն էս որ լսում է, գլուխն էլի պատյանից հանում, է, դիմակը պոկում դեմքից, «ջիգյարով» մի հատ քրֆում ու… Աստված չանի էդ պահին բառադի Իոաննիսյանը մի բառադի ոստիկանի հետ «ռաստ» գա…

Շատ խելացի եւ իմ կողմից հարգված մի մարդ օրերս ինձ բավականին մատչելի բացատրեց, որ կորոնավիրուսը պետք է հաղթահարել ոչ թե դուխով, այլ՝ խելքով: Դրա համար, ասաց նա, երկրին լուրջ մենեջեր է պետք: Հայաստանի նման եւ նույնիսկ մեզնից ավելի թույլ կարողությամբ երկրներում կորոնավիրուսը հաղթահարել են ճիշտ ռազմավարությամբ ու հստակ մարտավարությամբ: Մեզ մոտ ո՛չ մենեջեր կա, ո՛չ ռազմավարություն եւ ո՛չ էլ, մանավանդ՝ մարտավարություն: Այդ պահին ում խելքին ինչ փչում՝ պարետատան որոշում են դարձնում ու գնում առաջ: РАЗГИЛЬДЯЙСТВО - անկարգություն, թափթփվածություն է բոլոր առումներով: Վարչապետն էլ ոչ մեկին մոտ չի թողնում կորոնավիրուսին, ղեկն առել է ձեռքն ու դեպի ուր է քշում՝ ինքն էլ չգիտի: Մինչդեռ մեր հարեւան Վրաստանում եւ եվրոպական մի քանի մանր ու միջին երկրներում խելացի կառավարման շնորհիվ հաղթահարվեց ճգնաժամը: Այդ երկրների ղեկավարներն արդեն մտահոգված են նոր ալիքի ներթափանցում թույլ չտալու խնդրով, իսկ Հայաստանը դեռ պիկն է բարձրանում: Բա փո՞ղ, հարցնում եմ: Այսօր աշխարհում ի՞նչն է շատ՝ փողը, փող՝ ինչքան ուզես, կա, մարդ է պետք, որ այդ փողը վերածի առողջության: Թե չէ, բառադի-բառադի խոսելով, ժողովրդին էլ իրենց նման բառադի դարձնելով, ոչինչ չեն կարողանալու անել: Մտքիս մեջ ասի՝ որ այդքան հեշտ է, ինչո՞ւ ինքդ չես առաջարկում դա: Բայց ինքս էլ լավ գիտեի այդ հարցի պատասխանը՝ Նիկոլը կթողնի՞, որ գործի գլուխ խելացի մարդ կանգնի: Սա է նրա բնույթը: Նիկոլի վիճակը հիմա ծանր է, «խոտակերները» քչացել են, շատացել են «գիշակերները»: Ժողովուրդը հասկացել է, որ սա արդեն հնի ու նորի, ներկաների ու նախկինների հարց չէ, սա իր լինել-չլինելու հարցն է, որ Նիկոլը տապալել ու շարունակում է տապալել, միայն այն պատճառով, որ ինքը բնույթով է այդպիսին: