Վա՜յ պարտվածներին

Վա՜յ պարտվածներին

Այս արտահայտությունն առաջին անգամ հնչել է 390 թվականին (մ. թ. ա.): Իսկ պատմությունն այսպիսին է. գալական ցեղերից մեկը հարձակվում է Հռոմի վրա եւ գրավում համարյա ողջ քաղաքը: Ողջ մնացած բնակիչները, զինվորներն ու սենատը պատսպարվում են Կապիտոլիում անունը կրող միջնաբերդում: Գալերը կես տարի պաշարման մեջ են պահում միջնաբերդը, սակայն գրավել չեն կարողանում: Միջնաբերդում սով է սկսվում, իսկ գալերն էլ չեն կարողանում գրավել այն: Արդյունքում պայմանավորվում են որպես պաշարումը վերացնելու փրկագին՝ Բրենոսին վճարել 327,45 կիլոգրամ ոսկի: Սակայն ոսկին կշռելիս հռոմեացիները նկատում են, որ գալերի օգտագործած կշռաքարերը ճշգրիտ չեն: Բայց երբ բողոքում են Բրենոսին, վերջինս կշռաքարերով լի կշեռքի թաթին է դնում նաեւ իր ծանր երկաթե սուրը եւ բացականչում. «Վա՜յ պարտվածներին»: 

Բացականչության իմաստն ավելի քան հասկանալի է՝ հաղթողն է թելադրում պայմանները: Իսկ պարտվածները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած ողբերգական շրջադարձի: Սակայն անտիկ շրջանի այդ դրաման դրանով չի ավարտվում. նոր հավաքագրված զորքով պաշարվածներին օգնության է հասնում Մարկ Կամիլոս անունով զորահրամանատարը եւ ազատագրում քաղաքը: Ավանդությունն ասում է, որ վերջինս հասնում է ոսկու կշռման գործողությանը եւ իր թուրն էլ դնում է մյուս կշռաթաթին՝ հայտարարելով. «Հայրենիքը պետք է ազատագրել ոչ թե ոսկով, այլ երկաթով՝ աչքի առաջ ունենալով աստվածների տաճարները, իսկ մտքում՝ մեր կանանց, երեխաներին եւ հայրենի հողը»: Ահա այսպիսի ուսուցողական պատմություն 2400 տարիների խորքից: 

Հիմա գանք մեր օրերը: 2020 թվականի պատերազմում մենք կրել ենք խայտառակ պարտություն: Հաղթող երկիրը համարյա ողջ Արցախը ստանալուց հետո էլ շարունակում է թելադրել իր պայմանները: Եվ որպեսզի մենք ենթարկվենք իր կամքին՝ անընդհատ խնդիրներ է ստեղծում մեզ համար: Ծանր խնդիրներ՝ մարդկային զոհերով, գերեվարվածներով ու վիրավորներով: Սահմաններից պատառներ է պոկում զենքի ուժով, մասնավոր ընկերության համացանցային քարտեզով կամ իր ունեցած թղթային քարտեզներով: Իսկ մենք, պարտության խորհրդանիշ Փաշինյան Նիկոլի ղեկավարությամբ ընկած «վա՜յ պարտվածներին» խոսքի տրամաբանության մեջ, մեծ հաշվով, ոնց որ թե դուրս գալ չենք ուզում: Եթե դուրս գալու անհաղթահարելի ցանկություն լիներ, ապա կհայտնվեր համապատասխան կամքը, եւ կգտնվեին դրա ուղիները: Իսկ առաջին քայլը կլիներ Փաշինյան Նիկոլին պաշտոնից հեռացնելը: 

Այլընտրանքը նիկոլական «խաղաղ դարաշրջանի մեկնարկն» է եւ դրա արդյունքում՝ պետության վասալային կախվածությունը թուրք-ադրբեջանական տանդեմից: Իսկ ժամանակի ընթացքում՝ ամբողջությամբ որպես պետություն վերանալը: Այսպիսին է ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, այլեւ բանակի ու իրավապահ համակարգի ղեկավարության, ինչպես նաեւ ազգաբնակչության առնվազն 80 տոկոսի ցանկությունը: «Վա՜յ պարտվածներին»: