Փաշինյանը «գնում է» մնալու համար․ քաղաքագետ

Փաշինյանը «գնում է» մնալու համար․ քաղաքագետ

Փաշինյանը «գնում է» մնալու համար․ քաղաքագետ

Հայաստանում ինչ-որ չափով նախընտրական շրջան է սկսվել հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Թեմայի շուրջ «Հրապարակ» թերթը  խոսել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, ԵՊՀ Միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ։

- Պարո՛ն Մարգարով, հունիսի 20-ին նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մի դաշտում իմքայլական իշխանություններն են, մի դաշտում՝ Հայրենիքի փրկության շարժումն է, մի դաշտում՝ «Ազգային -Ժողովրդավարական բևեռը», կա նաև այլ կուսակցությունների համագործակցություն՝ Հայ կառուցողական, «ժառանգություն», ԱԻՄ, Պահպանողական կուսակցություն և այլն, կան նաև այլ կուսակցություններ, որոնք դեռևս որևէ կոնսոլիդացիայի մեջ չեն՝ «Քաղաքացու որոշում», «Արդար Հայաստան» կուսակցություն, Սյունիքից հիմնադրված «Վերածնվող Հայաստան» կուսակցություն՝ խոշորացված համայնքների ղեկավարներ, Սյունիքի նախկին մարզպետ, «Լուսավոր Հայաստան»։ Շանսերն ինչպե՞ս եք գնահատում, եթե առանձին-առանձին անդրադառնանք՝ թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության տարբեր հատվածների։

- Նախ գնանք ցիկլի սկզբից։ Հաջորդ ընտրությունները սկսվում են նախորդ ընտրություններից անմիջապես հետո։ Նախորդ ընտրություններից հետո մենք ստացանք իրավիճակ, երբ որ քաղաքական դաշտում ի հայտ եկավ նոր դերակատարի մենաշնորհ։ Այսինքն՝ մայիսյան փոփոխություններից հետո խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացանք սահմանադրական մեծամասնություն, որը ձեռք է բերել «Իմ քայլը» դաշինքը։ Մնացած երկու կուսակցությունները, որ մուտք են գործել, խորհրդարանական քաղաքականության մեջ ռեալ նշանակություն չէին կարող ունենալ, որովհետև գործող քաղաքական ուժը հնարավորություն է ստացել փոփոխելու և՛ Սահմանադրությունը, և՛ սահմանադրական օրենքները։ Այսինքն՝ այս գերմեծամասնություն (supermajority) կոչեցյալը ստացել է իրավիճակի արտացոլումը  քաղաքական դաշտում 2018 թվականից հետո։ Ի՞նչ է փոխվում դրանից հետո, և ի՞նչ շանսեր են ստեղծվում ձեր ասած  քաղաքական ուժերի համար։ Քաղաքական ուժերի շանսերը մեծ հաշվով պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ՝ ռեսուրսները և ընտրություններին մասնակցելու կազմակերպչական պատրաստակամությունն ու համապատասխան ձայներ ստանալը։ Այս տեսանկյունից մենք ունենք մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, որը տեսականորեն 2,5 տարվա ընթացքում պետք է ձևավորեր սեփական քաղաքական ներկայացուցչությունը Հայաստանի մասշտաբով, և որը պետք է իրեն թույլ տար հանդես գալ որպես կազմակերպված քաղաքական ուժ։

Դրա հետ միասին նաև ունենք խորհրդարանական այլ կուսակցություններ, որոնք նույնպես ունեն ներուժ՝ մասնակցելու համապետական ընտրություններին, ազդելու տարածաշրջանային ծածկույթում, հնարավորություն՝ ազդելու ընտրազանգվածի վրա (լավ իմաստով) քարոզարշավի միջոցով։ Մենք ստիպված ենք անդրադառնալ այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմություն իշխանության նկատմամբ՝ մեկ-միասնական կամ առանձին-առանձին։ Իրենց համար հիմնական խնդիրը, որ լինելու է, պայմանավորված է և՛ գործող, և՛ գուցե նոր Ընտրական օրենսգրքով։ Որովհետև մի բան է հաղթահարել 3 % ընտրակա շեմը, մի բան է 5 %-անոց շեմը, բացարձակապես 3-րդ բան է հաղթահարել շեմը, եթե ստեղծվում է կուսակցությունների միավորում։ Այսինքն՝ մենք դեռևս ունենք որոշակի նորմեր, որոնք պարունակում են միջին մակարդակի բարիեր (5 տոկոս)։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական մոնոպոլիայի պարագայում ընդամենը երեքն են հաղթահարել։ Եթե մենք հիմք ընդունենք հարցումների արդյունքում այն սոցիոլոգիական տվյաները, որ ստացել ենք մոտ 2 շաբաթ առաջ, ՔՊ-ն ունի մոտավորապես 30 տոկոս ձայն, 40 տոկոս են կազմում մարդիկ, որոնք չեն կողմնորոշվել։ Արդյո՞ք այս ձայների համար գնալո՞ւ է պայքարը, թե՞ ոչ, թե՞ այդ մարդիկ ունեն որոշում, բայց չեն կողմնորոշվում, այսինքն՝ դա ընդդիմադի՞ր դաշտ է, թե՞ ոչ։ Ըստ էության, ելնելով ներկա նկարագրված իրավիճակից՝ իշխանության համար կարևոր է լինելու։ Ունենալով ոչ բարձր մասնակցության բարձր տոկոսը՝ դրա շնորհիվ մեծացնել սեփական ներկայացուցչությունը ընտրությունների ժամանակ, ընդդիմությանն անհրաժեշտ է որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու։  Եվ երկրոդը, կազմակերպել ընտրարշավը, որը տեսականորեն բավականին ագրեսիվ նպատակն է լինելու ձեռք բերել այն ձայները, որոնք կողմնորոշված չեն։    

Ինչ վերաբերում է այլ դաշտին, որոնք նշել եք, նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ իրենց ընտրական պոտենցիալն այդ պահին այդքան էլ մեծ չէ։ Այսինքն՝ նրանք 1 տոկոսի, 1,5 տոկոսի շրջանակներում էին։ Տեսնենք՝ ինչի շնորհիվ է կարող մեծանալ իրենց ընտրական բազան, որն այսօր այդքան էլ ակնհայտ չէ։ Նույնիսկ եթե այն մի փոքր մեծացել կամ նվազել է, դա գործող 5 տոկոսանոց բարիերի պայմաններում, թույլ չի տալիս հաղթահարել ու մուտք գործել խորհրդարան։ Եթե իշխանությունը մտածում է, որ իր վարկանիշն ընկել է և չի կազմելու նախկին 70 տոկոսը, բայց ուզում են մեծացնել սեփական կողմնակիցների կոալիցիան, տեսականորեն իրենց շահերից կարող է բխել բարիերի նվազումը և գործողությունների իրականացումը, որը նպաստելու է իրենց դաշնակիցների մուտք գործելուն, որը հետագայում թույլ կտա ձևավորել կոալիցիա։ Բայց արդյո՞ք նրանք կարիք կամ ցանկություն ունեն ձևավորել կոալիցիա, այլ հարց է։ Եթե մենք հավատում ենք 30 տոկոսի առկայությանը, այլ կուսակցությունների օժանդակությանը և ոչ այնքան լավ դրսևորումը, ապա սա թույլ է տալիս մտածելու, որ  իշխող քաղաքական ուժը կարող է շարունակել իր տեղը խորհրդարանում՝ որպես հիմնական քաղաքական ուժ։ Եվ հիմնական հարցն այն 40 տոկոսի մեջ է։ Մյուս հարցն այն է, թե այս կամ այն քաղաքական ուժերը միավորվելով կկարողանա՞ն պայքարել, հանդես գալ որպես իրական ընդդիմադիր բևեռ իշխանությանը։ Այս դեպքում պայքարը, այսպես ասենք, լինելու է բավականին թեժ։ Իշխանության կողմնակիցներն այն կորիզն են, որ ունեցել է Փաշինյանը։ Նաև այն թևն է, որն առկա է այն օժանդակող կառույցների և անձնանց մեջ, որոնք Փաշինյանի շուրջն են, այսինքն՝ այն անձանց բիզնես շահերը, որոնք համընկնում են Փաշինյանի շահերի հետ։ Բայց կան նաև լրացուցիչ ռեսուրսներ կամ նաև այն ընտրազանգվածը, որը հակված է քվեարկել «կողմ», որոնք դեմ են այլ քաղաքական ուժերին, այսինքն՝ նեգատիվ քվեարկությունը։ Կա նաև ընտրազանգված, որը ներկա իշխանություններին չի դիտարկում որպես այլընտրանքային, որպես այն քաղաքական ուժ, ում չեն տեսնում որպես Հայաստանի համար ապագա։ Հետաքրքիր է նաև, երբ որ մենք դիտարկում ենք հարցման արդյունքները, տեսնում ենք, որ հարցվածների կեսը համաձայն է եղել այն դրույթի հետ, որ «երկիրը չի գնում ճիշտ ուղղությամբ»։  Եթե ընդդիմությունը կարողանա հավաքագրել, մոբիլիզացնել և օգտվել այս ընտրազանգվածից, իրենց շանսերը մեծանալու են։ Բայց եթե նայում ենք մյուս 30 + տոկոսին, որը համաձայն է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ, իշխող ուժի պոտենցալ ընտրազանգվածն է, որին իշխանությունը կարող է օգտագործել սեփական ռեսուրսը մի փոքր ավելացնելու համար։   Այս սահմանափակ ինֆորմացիայի պայմաններում կարող ենք նախնական ենթադրություններ անել։ Եթե իշխանությունը գնաց ընտրության, սա ոչ միայն ընդդիմության ազդեցության տակ է իրականացվում, այլ երևի թե կա ներքին հաշվարկ, համոզմունք, որ չահպանելով այս գերմեծամասնությունը՝ դուրս գալ որպես հարաբերական մեծամասնություն ստացող քաղաքական ուժ։  

- Մոտ երկու ամիս առաջ «Իմ քայլը» հայտարարություն տարածեց, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա հանրության շրջանում, բայց այս անգամ, կարծես, ավելի հաստատուն հայտարարեցին։ Ի՞նչ փոխվեց «Իմ քայլի» դիրքորոշման մեջ։

- Ինչպես նշեցի, մի կողմից արտաքին միջամտությունը՝ ընդդիմության քայլերն էին, որոնք դժվարություններ էին ստեղծում իշխանությունների համար, մյուս կողմից՝ սեփական լեգիտիմությունը վերահաստատելու հնարավորությունը։ Ելնելով հաշվարկներից, որ կարող են իրենց լեգիտիմությունը վերահաստատել՝ գնացին այս քայլին։ Ընդդիմության կողմից իրականացվող ակցիաները չէին կարող ազդեցություն չունենալ այս որոշման վրա։ Հիմա արդեն ընդդիմությունը ստիպված է մտածել՝ արդյո՞ք այն, ինչը որ տեղի է ունենալու, հանդես է գալու որպես իր ցանկալի արդյունք։ Ընդդիմությունը բնականաբար չէր ցանկանում Փաշինյանին տեսնել որպես  վարչապետ այս հատվածի համար, բայց մյուս կողմից Փաշինյանը չի պատրաստվում թողնել իր պաշտոնը նույնիսկ պաշտոնանկության ժամանակ։ Փաշինյանը «գնում է» մնալու համար։ Եվ այս քաղաքական թատրոնը (լայն իմաստով) ստանում է մի փոքր այլ սցենար, որտեղ իմպրովիզները քիչ են, ավելի շատ են գրված, սպասվող դերերը տարբեր դերակատարների համար։

- Գլխավոր շտաբի հայտարարությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ այս որոշման վրա՝ որպես ներքին ազդեցություն, և ԳՇ հայտարարության վերաբերյալ հայտարարությունները՝ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որ «հետևեք ժողովրդավարության պահպանմանը», ԵԽԽՎ-ն ու ԵՄ-ն արդեն հղում արեցին Սահմանադրությամբ զինված ուժերի չեզոքության պահպանմանը, Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներն անթույլատրելի համարեցին «ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանության հրաժարականի» պահանջը։ Եթե հաշվի առնենք այս ներքին ու արտաքին կետերը, ո՞րն ավելի մեծ ազդեցություն ունեցավ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու այս որոշման վրա։

- Եթե մենք փորձում ենք դիտարկել ԳՇ պետի և ավելի քան 20 գեներալների կողմից ստորագրած փաստաթուղթը, դա իհարկե բացասական ազդանշանն էր իշխանության համար։ Բանակը որպես կարևոր կառույց, որն ունի վստահության բավական բարձր աստիճան, հայտնում է իր քաղաքական դժգոհությունը, և անվստահությունը ոչ պրոֆեսիոնալ իշխանությանը։ Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, այն բնականաբար պետք է լիներ այս ոգու մեջ, որովհետև միջազգային կազմակերպությունները, որոնք իրենց համարում են ժողովրդավարական կամ ժողովրդավարական երկրների միասնությունը, ունեն հստակ մոտեցում բանակի և քաղաքական իշխանության միջև փոխհարաբերությունների մասին։ Բանակը քաղաքացաիական վերահսկողության տակ է։ Բանակը, բացի հայտարարությունից, չգնաց այլ գործողությունների։ Քաղաքական առումով տրամաբանական էր, որ Գասպարյանը պետք է ազատվեր, որովհետև իշխանությունները չէին կարող իր հետ աշխատել։ Մենք անդրադառնում ենք քաղաքական տեսանկյունից, իսկ իրավական տեսանկյունից արդեն դատարանները կորոշեն։ Մենք մեր տարածաշրջանում ավանդույթ չունենք, երբ որ բանակը անմիջականորեն ներգրավվում է քաղաքականության մեջ։  Մենք լատինամերիկյան երկիր չենք, ոչ էլ Թուրքիան ենք, որտեղ բանակի միջոցով իրականացվում էին համապատասխան գործողություններ, որոնք բերում էին իշխանափոխության։  Արդյո՞ք ԳՇ հայտարարությունն ազդեց իշխանության որոշման վրա, դա գուցե էլեմենտներից մեկն է եղել ամբողջ այս պատմության մեջ։ Բայց ես կարող եմ ենթադրել, որ հիմնական գործոնները նրա մեջ էին, որ օրվա իշխանության հաշվարկը ցույց տվեց, որ ունի որոշակի շանսեր՝ պահպանելու իշխանություն։ Իսկ այն բոլոր ճնշումները, որ տեղի են ունենում պոստնոյեմբերյան իրադարձություններից հետո, ցույց տվեց, որ այս իշխանությունը լավ թե վատ կարող է դիմադրել։ Բայց հիշեք Վրաստանի դեպքը, երբ «Վրացական երազանքը» եկավ իշխանության։ Կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ ընտրություններից մի քանի օր առաջ ի հայտ եկան որոշակի տեղեկություններ, որոնք էականորեն փոխեցին քաղաքացիների դիրքորոշումները։

- Ի՞նչ տեղեկություններ։

- Այնտեղ կադրեր էին ի հայտ եկել բանտում խոշտանգումների մասին։ Ինչ տեղեկություն է ի հայտ գալու, սկզբունքորեն կարևոր չէ։ Խնդիրն այն է, որ լրատվամիջոցները կարող են դեր խաղալ ու տրամադրել համապատասխան տեղեկությունը, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Վրաստանում թվում էր, թե բալանսը պահպանվում է, բայց վերջին շաբաթվա մեջ փոխվեց։ 

- Վրաստանում էլ խորը քաղաքական ճգնաժամ է։ Եվրոպական Միությունը բանագնաց գործուղեց Դանիելսենի դեմքով, Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելը նաև Վրաստան այցելություն կատարեց։ Արդեն երկրորդ անգամ է Դանիելսոնն այցելել Վրաստան, որ մի սեղանի շուրջ «նստեցնի» իշխանությանը և ընդդիմությանը։ Բայց ո՛չ Շառլ Միշելը Հայաստան եկավ, ո՛չ էլ ԵՄ-ն գործուն քայլեր կատարեց։ Մարտի 1-ին լիարժեք ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ինչո՞ւ Եվրոպան Վրաստանի դեպքում այսպես գործեց, իսկ Հայաստանի դեպքում ավելի չեզոքություն դրսևորեց, եթե հաշվի չառնենք ԵՄ-ի ու ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները։ 

- Ես չեմ կարող ենթադրել՝ ինչպիսին է եղել աշխատանքային հանդիպումների գրաֆիկը ԵՄ ղեկավարների մոտ։ Բայց եթե մենք նայում ենք Վրաստանի ճգնաժամին, դա պոստընտրական շրջանի ճգնաժամից դուրս գալը որոնելու եղանակների շղթան է, որտեղ առաջին ջութակի դերը խաղում է Միացյալ Նահանգները։ ԱՄՆ դեսպանատանը հանդիպում էին ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները։ Եվրաչինովնիկների այցելությունը Վրաստան ցույց է տալիս տվյալ երկրի կարևորությունը Միության համար։ Վերջիվերջո, Վրաստանը ասոցացման պայմանագիր է ստորագրել, այլ ոչ թե դրա ընդլայնված տարբերակը, ինչպես Հայաստանը։ Իսկ Հայաստանի հետ կապված նույն Եվրամիությունը քաջ գիտակցում է, որ այսօր Հայաստանում հիմնական խնդիրները կապված են անվտանգության, Ղարաբաղի հարցի հետ, և որոնք կապված են սպասվող ընտրությունների և դրա արդյունքների հետ։  Գուցե դրանից հետո իրավիճակն ավելի ակտիվ զարգանա։ Երկրորդը, երևի թե նրանք գիտակցում են, որ կան այլ քաղաքական բնագավառներ, որոնք այստեղ ավելի ակտիվ են և որոնք ավելի մեծ նշանակություն ունեն մեր ներքին քաղաքական կյանքում, քան թե նույն Եվրամիությունում։