Վրացական կողմը կարող է թեյ ու սուրճ դնել, իր ետեւից կամացուկ փակել դուռը, երեկոյան էլ բանկետ կազմակերպել

Վրացական կողմը կարող է թեյ ու սուրճ դնել, իր ետեւից կամացուկ փակել դուռը, երեկոյան էլ բանկետ կազմակերպել

Հարցազրույց վրաց հայտնի քաղաքագետ Գելա Վասաձեի հետ

- Վերջին շրջանում Թբիլիսին ակտիվացրել է միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական երկխոսության հարցում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է «խաղաղ հարեւանության նախաձեռնության» մասին, վերահաստատել է Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղ երկխոսությանը նպաստելու պատրաստակամությունը, նրա նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ Թբիլիսիում հոկտեմբերին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետների հանդիպումը։ Ինչո՞վ կբացատրեք Վրաստանի ակտիվությունն այս փուլում եւ ի՞նչ հեռանկար եք տեսնում այս համատեքստում։

 - Անկեղծ ասած, Թբիլիսիի գործունեությունը՝ հայ-ադրբեջանական ուղեգծի վրա, միջնորդություն չէի անվանի։ Միջնորդությունը ենթադրում է ակտիվ մասնակցություն կարգավորման գործընթացին, երկու կողմերի համար ընդունելի առաջարկների մշակում, բանակցությունների ձեւաչափի նախաձեռնություն եւ միջնորդի մասնակցությամբ աշխատանքային խմբերի ստեղծում։ Այս ամենը Վրաստանի կողմից դեռ հասանելի չէ։ Կան միայն բարի ցանկություններ ու առաջարկներ՝ բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար, որտեղ վրացական կողմը կարող է թեյ ու սուրճ պատրաստել եւ իր ետեւից կամացուկ փակել դուռը, դե իսկ երեկոյան էլ բանկետ կազմակերպել։ Ո՞վ գիտի, գուցե հենց այս ձեւաչա՞փն է բացակայում հայ-ադրբեջանական բանակցություններում, թեեւ, իհարկե, կցանկանայի տեսնել Վրաստանի ավելի ստեղծագործական դիրքորոշումը՝ երկու կողմերին ուղղված առաջարկություններով թե՛ կարգավորման ոլորտում, թե՛ եռակողմ համագործակցության ձեւաչափում։ 

- Ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն՝ ճգնաժամ են ապրում։ ՌԴ-ն Երեւանին մեղադրում է հակառուսականության եւ արեւմտյան ազդեցության դաշտ մտնելու մեջ, հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ Վրաստանի համար սա ծանոթ պատկեր է։ Կարելի՞ է ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդության կառուցողական հայտ ներկայացրած Վրաստանում հաշվի են առել նաեւ այս գործոնը։

 - Չնայած Ռուսաստանի կողմից վրացական երկու տարածաշրջանների օկուպացմանը՝ Թբիլիսիի եւ Մոսկվայի այսօրվա հարաբերությունները դժվար թե կարելի է անվանել թշնամական։ Ուստի կասկածում եմ, որ Մոսկվան դեմ կլիներ նման ձեւաչափին, ավելին՝ Ռուսաստանի Դաշնության համար Վրաստանի միջնորդությունը շատ ավելի ընդունելի է, քան՝ Բրյուսելի կամ Վաշինգտոնի միջնորդությունը։

- Բայց նույն՝ «3+3» ձեւաչափը Թբիլիսիի համար անընդունելի է․ պաշտոնական պատճառաբանությունը հետեւյալն է՝ քանի դեռ Վրաստանի օկուպացված տարածքները չեն ապաօկուպացվել Ռուսաստանի կողմից, եւ Մոսկվան չի ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Վրաստանը չի մասնակցի այդ ձեւաչափին։ Իսկ ի՞նչ է տալու, ըստ Ձեզ, այս ձեւաչափը՝ առհասարակ, եւ ո՞ւմ համար է այն առավել նախընտրելի եւ ո՞ւմ համար՝ առավել ոչ շահեկան։

- Այս ձեւաչափն առաջին հերթին անհրաժեշտ է Ռուսաստանին եւ Իրանին․ Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու գործիք, Իրանին՝ որպես տարածաշրջան մուտք գործելու գործիք։ Ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երեւանը չեն ցանկանում անհարկի լարվածություն Մոսկվայի եւ Թեհրանի հետ, ուստի համաձայնել են մասնակցել այս ձեւաչափին, հատկապես, որ այն խորհրդատվական է։ Վրացական իշխանությունների համար նման ձեւաչափի մասնակցելը հղի է ներքաղաքական ռիսկերով, Իրանը գործնականում ազդեցություն չունի Վրաստանի վրա, եւ Մոսկվան ամեն ինչ հիանալի հասկանում է, ուստի Վրաստանի համար իմաստ չունի այդ ձեւաչափին մասնակցելը։

- Եթե դիմենք պատկերավորությանը, ապա Հարավային Կովկասը նման է մի մեծ կլոր սեղանի, որն առատ է ու ճոխ, բայց որի շուրջ դեռեւս անհնար է նստել ու խաղաղ ընթրել։ Մենք լավ թամադայի՞, թե՞ հաճելի ու խաղաղ սեղանակցի կարիք ունենք՝ ներկա իրողությունների պայմաններում։

 - Ցանկացած սեղանի շուրջ թամադա է պետք, բայց եթե կողմերը հարգեն միմյանց, ապա մեզ մոտ թամադան կփոխվի տարբեր հարցերում։ Օրինակ, եթե խոսքն էներգետիկայի մասին է, ապա, անկասկած, մեզ պետք է ադրբեջանցի թամադա, ժամանակակից թվային տեխնոլոգիաների դեպքում՝ հայ թամադա, լոգիստիկայի հարցում՝ վրացի թամադա եւ այլն։ Կարեւոր է, որ յուրաքանչյուրը, ով կգլխավորի սեղանը տարբեր թեմաներով, ելնի ընդհանուր շահերից եւ չընդհատի միմյանց։ Դժվար է, բայց հնարավոր է։

- Ի դեպ, հոկտեմբերի 8-ին էլ Թբիլիսիում Ղարիբաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանի համաձայնության պարագայում Երեւանի ու Բաքվի համապատասխան կառույցների ղեկավարները կարող են երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ անցկացնել Վրաստանում։ Բաքվում էլ օրերս կայացավ «Վրաստանի միջնորդական դերը տարածաշրջանային հարաբերություններում» թեմայով կլոր սեղանը, որին մասնակցել եք նաեւ Դուք։ Ի՞նչ սպասել այս իմաստով։

 - Մշտապես գործող աշխատանքային խմբերը պարզապես խիստ անհրաժեշտ են մեր իրավիճակում, ինչո՞ւ նրանք չեն հանդիպում Թբիլիսիում։ Ընդ որում, դա պետք է լինի ինչպես կառավարության մակարդակով, այնպես էլ տարբեր ոլորտների փորձագետների մակարդակով: Այսօր մենք պետք է ձեւավորենք հարավկովկասյան տարածաշրջանի նոր կերպար, ռեգիոն՝ առանց պատերազմների եւ համագործակցության դաշտով։

- Իսկ ի՞նչ եք կոնկրետ ակնկալում Հայաստանից եւ Ադրբեջանից՝ այս գործընթացի շրջանակում։

 - Ակտիվ մասնակցություն եւ բոլոր հարցերի վերացում, որոնք շատ առումներով երկարատեւ թշնամանքի անմիտ հետեւանք են։ Կողմերը պետք է սկսեն առաջնորդվել հարաբերություններում ողջամիտ եսասիրությամբ․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսօր շատ ավելի ընդհանուր շահեր կան, քան թշնամանքի հիմքեր, որոնք որքան էլ դժվար լինեն, պետք է թողնել անցյալում։

- Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված ի՞նչ կանխատեսումներ ունեք։ Որքանո՞վ են կողմերը պատրաստ դրան՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերություններում շարունակվող լարվածությունն ու փոխվստահության պակասը։

 - Շրջանակային խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, միայն քաղաքական կամք է անհրաժեշտ։ Սակայն վերջնական կարգավորման գործընթացը պահանջում է ծանր, ջանադիր աշխատանք, որը կտեւի տարիներ եւ գուցե՝ նույնիսկ տասնամյակներ: Բայց պետք է հիշել՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլից: Եվ հիմա եկել է այս քայլին դիմելու ժամանակը։

Արա Ալոյան