Արայիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձները՝ Բակո Սահակյանին

Արայիկ Հարությունյանի և Սերժ Սարգսյանի  շնորհավորական ուղերձները՝ Բակո Սահակյանին

Այսօր իր ծննդյան 59-ամյակն է նշում Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Ծննդյան օրվա առթիվ Արցախի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ:

Մեծագույն պատասխանատվությամբ, երկրի ղեկավարին բնորոշ լայնախոհությամբ, սթափ մտածողությամբ և հավասարակշիռ մոտեցումներով Դուք տարիներ շարունակ Ձեր ջանքն եք դրել հանուն Արցախի:

Ձեր կյանքի լավագույն տարիները անմնացորդ ծառայություն են Հայրենիքին և հայ ժողովրդին, արժանի` խորին հարգանքի և գնահատանքի:

Լինելով Արցախյան շարժման առաջամարտիկներից` Դուք ազատամարտի առաջին իսկ օրերից Ձեր անուրանալի ներդրումն եք ունեցել Արցախի սրբազան հողի ազատագրման, պաշտպանության, ապա նաև կանոնավոր բանակի ձևավորման, Արցախի Հանրապետության կայացման և արցախցիների անվտանգության ու բարօրության ապահովման գործում:

Այսօր էլ նույնպիսի պատվախնդրությամբ շարունակում եք Ձեր առաքելությունը` կարևորելով մեր ժողովրդի միասնականությունը, Արցախի հիմնախնդրի խաղաղ և արժանապատիվ լուծումը, Արցախի զարգացումն ու անցնցում ընթացքը դեպի ապահով հանգրվան, որում ես Ձեզ անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»:

 

Բակո Սահակյանին իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել նաև Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը․ 

«Մեծարգո՛ Բակո Սահակի,

Ձեր ծննդյան տոնի առթիվ ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս։

Նախագահի պաշտոնում ծավալած Ձեր գործունեությունն իր ծանրակշիռ դերակատարությունն է ունեցել Արցախում ներքին միասնականության պահպանման և կայուն զարգացման գործում: Եվ այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ այս առումով Ձեր կառավարման շրջանն Արցախի պատմության մեջ լավագույնն էր, քանի որ այդ ընթացքում հանրապետությունում գրանցված սոցիալ-տնտեսական առաջընթացի բարձր ցուցանիշները լավ հիմք են ապագայում ևս ավելի համարձակ ու հավակնոտ ծրագրերի իրականացման համար:

Պարո՛ն նախագահ,

Ավելի քան մեկ տասնամյակ հնարավորություն եմ ունեցել Ձեզ հետ աշխատելու՝ զբաղեցնելով երկրի վարչապետի, պետական նախարարի պատասխանատու պաշտոնները: Շնորհակալ եմ, որ վստահել եք, որ աջակցել եք բոլոր նախաձեռնություններում՝ հաճախ նաև Ձեր անձնական ներդրումն ունենալով մեր երկրի համար անչափ կարևոր տնտեսական նախագծերի իրականացման գործում:

Համոզված եմ՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար տարիներ կծառայեցնեք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Մաղթում եմ Ձեզ ընտանեկան երջանկություն, բարօրություն և քաջառողջություն:

Հ.Գ. Ի լրումն ասվածի՝ առանձին հղումով հանրության դատին եմ ներկայացնում մեր համատեղ աշխատանքի արգասավոր արդյունքը՝ միջազգային հեղինակավոր փորձագետների կատարած ուսումնասիրությունը Արցախի կառավարության 2007-2017 թթ.-ի գործունեության և արձանագրած ցուցանիշների վերաբերյալ»,- գրել է նա: