«Մեղսագրենք՝ թող գնա». վաճառված երեխաների գործով կարող է հայտնի անուն հնչել

«Մեղսագրենք՝ թող գնա». վաճառված երեխաների գործով կարող է հայտնի անուն հնչել

Անցյալ տարի ԱԱԾ-ն սկսել էր քննել 2016-2018 թվականներին 30 երեխաների Իտալիայի քաղաքացիներին ապօրինաբար որդեգրության տալու գործը: Որպես մեղադրյալ՝ անցնում էին Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը, եւս 2 հոգի: Եվ ահա՝ նոր գործ է հայտնվել, որի մասին Քննչական կոմիտեն օրերս հաղորդագրություն տարածեց։ Այս անգամ 114 երեխայի վաճառքի, փողերի լվացման, հանցավոր համագործակցություն ստեղծել-ղեկավարել-մասնակցելու հոդվածներով: 

Բոլոր որդեգրումները՝ մեկ վարույթում

Գործերը միավորվել են մեկ վարույթում: ՔԿ հաղորդումից պարզ է դառնում, որ 2005-2019 թվականներին Հայաստանում գործել է երեխաների վաճառքի մաֆիա՝ կառավարության, արդարադատության նախարարության, սոցապի, ծննդատների, ոստիկանության, այլ մարմինների մասնակցությամբ, որը 114 երեխայի «արտահանել» է օտար երկրներ՝ խաբելով նրանց ծնողներին: Խոսվում է ոմն «ներկայացուցչի» մասին, որը որդեգրմամբ զբաղվող արտասահմանյան ընկերությունների ու հայկական կողմի միջեւ կապավորն էր, եւ որի միջոցով փոխանցվել է 1 մլն 800 հազար եվրո եւ 26 հազար ԱՄՆ դոլար: Այդ կապավորը, ըստ ՔԿ-ի, փողերի լվացում է կատարել․ ստացել է 1 մլն 290 հազար եվրո՝ որպես անհրաժեշտ ծախսեր, եւ տարբեր անձանց բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430 հազար եվրո, իսկ ավելի քան 402 հազար եվրո գումար կանխիկացրել է, որի գերակշիռ մասում նշված է եղել՝ անձնական կարիքների համար: «Նշված անձին մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55 հազար եվրո գումար, ...հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73 հազար եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի»,- հայտնում է նախաքննության մարմինը: Թե ով է կապավորը՝ չի նշվում: Մերձքննչական շրջանակից տվյալ ունենք, որ նա հանրությանն անհայտ է, սակայն թելերը տանում են դեպի միանգամայն հայտնի անձնավորություն: 

Թե քանի մարդ է մասնակցել, քանի նոր մեղադրյալ է անցնում 114 երեխայի վաճառքի գործով, ովքեր են նրանք, ՔԿ-ն չի հայտնում: Իսկ 30 երեխայի վաճառքի գործով մեղադրյալների փաստաբանները չգիտեն, թե ինչու են միավորել երկու գործերը, ինչ կապ ունեն իրենց պաշտպանյալներն այս ամենի հետ:  

«ՔԿ-ն կտրվել է իրականությունից». Լուսինե Մարտիրոսյան

Արշակ Ջերջերյանի փաստաբան Թեհմինե Հովսեփյանը մամուլից է իմացել նոր գործի մասին: Իտալական որդեգրմամբ զբաղվող ընկերությունների օրինական գրանցված ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ նույնպես: Նրան հարցրինք, թե իր պաշտպանյալն ինչ կապ ունի այս նորահայտ «բանդայի» հետ: «Անուշ Գարսանցյանի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով քննիչների միջնորդությունը կալանավորման վերաբերյալ՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, մերժվել է: Այս գործով մեզ չեն կանչել: Մեզ չեն ծանոթացրել նյութերին, չեմ կարող ասել, թե իմ պաշտպանյալը դրանց հետ կապ ունի, թե չունի: Այդ հանցակազմը, որը կոմիտեն է նկարագրում, չի կարող կապ ունենալ այն հոդվածների հետ, որը նշել է կոմիտեն»: Փաստաբանի գնահատմամբ, ՔԿ-ում չեն կարդացել իրենց նշած հոդվածների դիսպոզիցիաները: «Քննչական կոմիտեն մանիպուլյացիա է անում, որպեսզի թվեր նկարի, կտրվել է իրականությունից»:

«Հո Իտալիայի կառավարությունն էլ հանցագործ չէ՞». Սամվել Դիլբանդյան

Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանին եւս զարմացրել է ՔԿ հաղորդագրությունը: «Մտածել են՝ նայենք, Քրեական օրենսգրքում ինչ հոդվածներ կարանք գտնենք, մեղսագրենք՝ թող գնա: Հանցավոր համագործակցություն ստեղծել-ղեկավարելը՝ 223-րդը, ամենաչկիրառվող հոդվածներից է: Թե քանի մեղադրյալ կա ընդհանուր այս գործում, չգիտեմ, բայց Ռազմիկ Աշոտիչի հետ այս ամենն ընդհանրապես կապ չունի: Կինը գալիս է, ծննդաբերում է, գնում է, 3-5 օր հետո այդ երեխային տանում են մանկատուն, ու էդ պրոցեսներով գնում է դրա որդեգրումը: Այս մարդն ընդհանրապես կապ չունի: Այնտեղ, որտեղ որ մայրը հրաժարվում է, օրենքով ծննդատան ղեկավարը պետք է այդ փաստը հաստատի: Նա օրենքով սահմանված իր պարտականությունն է կատարում ընդամենը»: Դիլբանդյանը նկատում է. «Փաստորեն, Հայաստանում կառավարության, ոստիկանության, նախարարների, ՏԻՄ մակարդակով բանդա է գործել, ու ոչ ոք ոչինչ չի՞ լսել: Աբսուրդ, էլի»: Ձեր կարծիքով, ի՞նչ «ներկայացուցչի» մասին է խոսքը: «Իտալիան երկու կազմակերպություն ունի՝ կառավարության կողմից հաստատված, որոնք զբաղվում են օտարերկրյա որդեգրումներով, եւ ունի իր ներկայացուցիչն այստեղ: Իտալացին, որն ուզում է երեխա որդեգրել, դիմում է այդ կազմակերպություններից մեկին, պաշտոնապես գումար է մուծում կազմակերպությանը, որն էլ գործում է իր ներկայացուցչի միջոցով: Ներկայացուցիչն անմիջական որդեգրողին չի տեսնում: Հիմա հո Իտալիայի կառավարությունն էլ հանցագործ չէ՞»,- հարցնում է փաստաբանը:  

Դատախազությունը պարզում է արտերկրում գտնվող «վաճառված» երեխաների վիճակը

Եթե 114 երեխա են գնել, ուրեմն 114 գնորդ պետք է լինի՝ ոչ միայն «վաճառող», նաեւ տուժողներ պետք է լինեն, սակայն ո՛չ գնորդների, ո՛չ երեխաների, ո՛չ տուժողների մասով մինչ օրս որեւէ տեղեկություն չի հրապարակվել, բացի այն, որ երեխաներից ոչ մեկը չի վերադարձվել Հայաստան: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին հարցրինք՝ դատախազությունը դիմե՞լ է Իտալիայի կառավարությանը՝ պարզելու, թե ովքեր են երեխաների գնորդները, ինչ համագործակցություն կա իտալական կողմի հետ: Նա պատասխանեց. «Նախաքննության շահերից ելնելով՝ չեմ կարող շատ տեղեկություններ հայտնել, սակայն կարող եմ վստահեցնել, որ քրեական գործով ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, այդ թվում նաեւ՝ արտերկրյա իրավապահ մարմինների հետ կոմունիկացիայի, քննչական հարցումներ ներկայացնելու եղանակներով՝ գործի բոլոր հանգամանքները պարզելու, իրականացված որդեգրումների օրինականության, այդ մեխանիզմներով արտերկրում գտնվող մեր երեխաների դրությունը, առողջական վիճակը պարզելու ուղղությամբ»: