Ինչո՞ւ այլ ուժեր եւս չեն ներգրավել որպես երրորդ անձ

Ինչո՞ւ այլ ուժեր եւս չեն ներգրավել որպես երրորդ անձ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքների քննության վեճի մասով։

Սա առնվազն տարօրինակ որոշում է, թե ինչու է ՔՊ-ն որպես երրորդ անձ ներգրավվում այդ գործընթացին։ Եվ եթե ՔՊ-ն ներգրավվել է, ինչո՞ւ ընտրությանը մասնակից մյուս ուժերը եւս չեն ընդգրկվել որպես երրորդ անձ։

Հիշեցնենք․ ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու դիմում է ներկայացրել 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ ՍԴ-ն որոշում է կայացրել բոլոր 4 դիմումները միացնել եւ մեկ միասնական վարույթում քննել։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում, հարցին, թե նորմա՞լ է, որ ՔՊ-ին երրորդ կողմ են ներգրավել, իսկ մյուս կուսակցություններին՝ ոչ, ասաց․ «Շատ հետաքրքիր բան եք ասում։ Ուրեմն Սահմանադրական դատարանի մասին օրենքը հետեւյալ կերպ է ձեւակերպումը տալիս․ եթե կուսակցությունը կամ դաշինքը գտնում է, որ վեճի քննության արդյունքը կարող է ազդեցություն ունենալ իր օրինական շահերի վրա, ապա կարող է դիմել, կամ ՍԴ-ն կարող է իր նախաձեռնությամբ երրորդ անձ ներգրավել։ Տվյալ դեպքում, երբ ուսումնասիրում ենք Սահմանադրական դատարանի որոշումը, այնտեղ ձեւակերպումն այն է, որ, փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացվել է նման դիմում։ Այսինքն՝ վերջիններս գտնում են, որ այս վեճը կարող է իրենց օրինական շահերի վրա ազդեցություն ունենալ»։

Այս տեսանկյունից Վարդեւանյանը տրամաբանության եւ օրենքի հետ խնդիր չի տեսնում։ Բայց նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու մյուս ուժերի վերաբերյալ եւս նման գործընթաց ՍԴ-ի կողմից չի նախաձեռնվում։ Վարդեւանյանի համար անհասկանալի է նաեւ, թե ինչպես է ստացվոմ, որ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն է ստանձնել նման տեղեկատվության հրապարակման գործողությունը կամ պարտականությունը։
«Արդարադատության նախարարի պաշտոնակատարը չի գտնվում արձակուրդում, որքանով որ ես փորձեցի պարզել, նա չի հանդիսանում կուսակցական, չի հանդիսանում պատգամավորության թեկնածու։ Այս պայմաններում ինչպե՞ս է ստացվում, որ վերջինս ստանձնել է նման լուրերը հայտնելու գործառույթ»,- զարմանում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը։
Մեր դիտարկմանը, թե գուցե նախարարն անձա՞մբ է ՔՊ-ի շահերը ներկայացնելու դատարանում, Վարդեւանյանն ասաց․ «Եթե ինքն է հանդես գալու, ես դրան միանշանակ դրական եմ վերաբերվում, քանի որ դրա լույսի ներքո էլ ավելի հիմնավոր կդառնա այն, որ մենք խոսում ենք վարչական ռեսուրսի չարաշահման մասին։ Ավելին, դա նաեւ ուղղակիորեն կհաստատի այդ պնդման վերաբերյալ կասկած ունեցող անձանց համար, որ տվյալ դեպքում ՔՊ կուսակցությունը եւ գործադիր իշխանությունը սերտաճած են»։

Վարդեւանյանը տեղեկացրեց նաեւ, որ այս գործով առաջին նիստը ՍԴ-ում նշանակված է առաջիկա ուրբաթ օրը, այսինքն՝ վաղը, հուլիսի 9-ին, ժամը 11։00-ին։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն էլ այս թեմայով ասաց, որ կուսակցությունը կարող է իր նախաձեռնությամբ որպես երրորդ անձ ներգրավվել, եթե ենթադրում է, որ դա կարող է ազդել իր իրավունքների վրա։
«Այլ հարց է, որ եթե դատարանը համարի, որ պարտադիր ազդում է, ապա դատարանը պետք է ներգրավեր իրենց։ Հիմա ինձ մոտ շատ բնական հարց է ծագել՝ ստացվում է, որ դատարանը վստահ համոզված է, որ իր որոշումը մյուս ուժերի վրա չի՞ ազդելու, որ մյուսներին չի ներգրավում։ Չէ՞ որ այստեղ միայն մանդատների հարց չէ, պետտուրք վերադարձնելու հարց է, բյուջեից ֆինանսավորում ստանալու եւ այլն։ Վերջիվերջո, կուսակցությունները ծախս են արել, նախընտրական հիմնադրամներ են ձեւավորել, եթե անվավեր ճանաչվեցին ընտրությունները, այդ ամբողջը զրոյացվում է, ճի՞շտ է։ Այսինքն՝ արդյոք սա նշանակո՞ւմ  է, որ ի սկզբանե ՍԴ-ն ունի հստակ դիրքորոշում, թե ինչպիսի որոշում է կայացնելու»,- իր զարմանքն է արտահայտում պարոն Հարությունյանը։