Ինչպես Արմեն Աշոտյանը «լվաց» Բժշկականի փողերը

Ինչպես Արմեն Աշոտյանը «լվաց» Բժշկականի փողերը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք են առաջադրել փողերի լվացման հոդվածով։ Աշոտյանը պատրաստվում էր ուղևորվել Եվրոպա, որտեղ պիտի մասնակցեր Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի քաղաքական հանձնաժողովի նիստին, սակայն օդանավակայանում արգելել են լքել երկիրը, քանի որ քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։ Եվ միայն օրեր անց Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահումն ու փողերի լվացումը։ Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Աշոտյանին ուզում են մեղադրանք առաջադրել 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռքբերված գույքի մասով, որով մեղադրանք էր առաջադրվել բժշկականի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին և համալսարանի արհմիության ղեկավար Մարթա Սիմոնյանին։ 2018-ին Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները 4 տարի շարունակ տարբեր իրավապահ մարմիններով պտտվելուց հետո ի վերջո հանգրվանել են Քննչական կոմիտեում ու վերածվել քրգործի։ 

2015-ին ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ եւ կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել է, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։

Գնումը ԵՊԲՀ ռեկտորի եւ արհմիության նախագահի ստորագրությամբ է իրականացվել, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման, եւ իշխանությունը գտել է, որ սա լավ առիթ է ՀՀԿ փոխնախագահին, ով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր, հետապնդելու համար։
Մենք պարզել էինք նաեւ, որ 2015 թվականին հյուրատան յուրաքանչյուր սենյակի համար քաղաքացիները եւս վճարել են մոտավորապես այնքան, ինչքան համալսարանն է վճարել՝ 53-55 հազար դոլար։ Սակայն առավել ուշագրավ է փողերի լվացման մեղադրանքը, որն աշխարհում տեռորիզմի մեղադրանքին զուգահեռ է գնում, սա առաջադրվել է Աշոտյանին վարկաբեկելու, միջազգային գործընկերների աչքում հեղինակազրկելու համար։

Ըստ գործող Քրեական օրենսգրքի՝ փողերի լվացում է համարվում «Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, տեղաբաշխումը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), կամ գույք ձեռքբերելը, կամ տիրապետելը, կամ պահելը, կամ օգտագործելը, կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)»։

Ստացվում է, որ փողերի լվացումը ապօրինի ճանապարհով ստացված գույքի կամ եկամուտների օրինականացումն է, ավելի կոնկրետ` դրանց ապօրինի ծագումը թաքցնելը, որն արվում է բազմաթիվ գործարքների միջոցով, այնպես, որ իրավապահները չկարողանան պարզել, թե ի սկզբանե ինչպես է ձեռք բերվել գույքը, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ գույք կամ եկամուտ է ունեցել Աշոտյանը, քանի որ նա ընդամենը եղել է հոգաբարձուների խորհրդի նախագահը, որն ունի կոնկրետ լիազորություններ, իսկ գույքը ձեռք է բերել Բժշկական համալսարանը։ Թանկ է ձեռք բերել, թե էժան, սա հարցի մյուս կողմն է, սակայն մինչ այժմ հրապարակված տեղեկությունը որևէ կերպ չի հուշում, թե այստեղ կարող էր փողերի լվացում լինել։ 

Աշոտյանն իրեն նման մեղադրանքի առաջադրումը բացատրում է նրանով, որ Եվրոպայում «փողերի լվացում» տերմինը շատ սուր է ընկալվում, և նման հանցագործության մեջ մեղադրվելն արդեն իսկ արատավորում է մարդուն, իսկ Աշոտյանը երկար տարիներ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է եղել, Եվրոպայում մեծ կապեր ունի։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում փողերի լվացման համար նախկինում մեղադրվել է նախկին ԱԳ նախարար, այժմ սկանդինավյան երկրներում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ 2007թ․ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ «Վահան Շիրխանյանը և Ալեքսանդր Արզումանյանը գտնվել են Մոսկվայում և համաձայնության գալով 2005-ից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լևոն Մարկոսի հետ` կասկածելի ծագում ունեցող գումար են տեղափոխել Հայաստան»: Ըստ ԱԱԾ-ի, այդ գումարը կազմում էր 60 հազար դոլար, Արզումանյանը մոտ 6 ամիս կալանավորված էր, հետագայում ազատ արձակվեց, իսկ տարիներ անց ՄԻԵԴ-ում նրա իրավունքների ոտնահարումն արձանագրվեց, եւ Հայաստանը նրան վճարեց 2500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։