Ի՜նչ Ագրարային համալսարան, ի՜նչ Պլանի գլուխ․․․

Ի՜նչ Ագրարային համալսարան, ի՜նչ Պլանի գլուխ․․․

«Պլանի գլխում Ագրարային համալսարան ենք սարքել, երեկոյան կոշիկներով դասի են գնում. այ, սա է պրոբլեմը»,- նոյեմբերի 16-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: Չէ, եղբայր, դա չէ պրոբլեմը: Պրոբլեմը քո կիսագրագետների կառավարությունն է։ Էկոնոմիկայի նախարարդ ԿՎՆ-շչիկ է, ամբողջ օրը հումորային սկետչերով է հանդես գալիս, ՊԵԿ ղեկավարդ կոմպլեքսավորված ջահել է, մնացածի մասին էլ չասեմ: 
Ղրիմի կամրջի պայթյունից հետո դրեցիք՝ ամբողջ երկրով հայտարարեցիք, թե մենք մեր բաժինը կարգին ստուգել ենք, խնդիր կա՝ ձեզ մոտ ստուգեիք, չթողնեիք։ Հիմա ռուսները որոշել են ձեր ու մեր քթից բերել, Հայաստանի տնտեսությունն էլ ծնկի բերել։ Կհարցնեք՝ ո՞նց, ասեմ․ ուրեմն Հայաստանից Ռուսաստան՝ Մոսկվա, բեռները հասնում են նորմալ պայմաններում, 3-4 օրում, բայց ի՞նչ նորմալ պայման այս իշխանության համար, ռուս գործընկերները հասկացել են, որ մեր երկիրը ոչ մի պատասխանատվություն չի կրում ու արտահանողների վրա էլ, մեղմ ասած, թքած ունի, այնպես, որ անցել են բեռների ստուգման հատուկ ռեժիմի: 

Եթե նախկինում օրը 350-400 բեռնատար էր հատում Լարսի անցակետը, հիմա այդ թիվն իջել է մինչեւ 50-ի, Հայաստանից ՌԴ սահմանը մոտ 250 կիլոմետր է, եւ այդ հատվածում այս պահին կանգնած է 4-5 հազար բեռնատար՝ 22 տոննա բրուտտոյանոց մեքենա: Եթե մի քանի տարի առաջ մեկ բեռնատար մեքենայի ծախսը 1800 դոլար էր, հիմա այդպիսի մեքենան արժե 5 200-5 500 դոլար, իսկ հատուկ ռեժիմով բեռնատարը (սառնարանով) նախկինում 2 400 դոլարից թանկացել է եւ հասել 7 հազար դոլարի: Թանկացումը բեռնափոխադրողների ժլատության արդյունք չէ ամենեւին, ոչ էլ դոլարի կուրսի արդյունքում է, ուղղակի երկրում մեքենա չկա, բոլորը Վրաստանում հերթի մեջ կանգնած են, իսկ 3-4 օր տեւող ճանապարհն էլ հմուտ վարորդը հիմա լավագույն դեպքում անցնում է 15-18 օրում: Ընդ որում, հետ եկող մեքենաներն այդ ճանապարհն առաջվա պես 3 օրում են գալիս․ նման խնդիրներ ունեն միայն Հայաստանից արտահանվող ապրանք տեղափոխողները: 
Ջերմոցների տերերը բառացիորեն լացում են՝ ոչ մի ապրանք տեղ հասցնել չի ստացվում, գնում են Լարսն անցնում, մեքենան բացում, ամբողջը փչացած է լինում։ Պատկերացնո՞ւմ եք․ մի կողմից՝ 2 անգամ ավելի շատ վճարում են տեղափոխելու համար, մյուս կողմից՝ անգամ այդ գնով գնորդին չի հասնում, ամբողջ տարվա աշխատանքը ջուրն է գնում: 

Հիմա գանք Ագրարային համալսարանին․ եթե համալսարանը ջերմոցներով ու դաշտերով շրջապատված լինի, դրա ուսանողը ձեր փնթի եւ անկարող իշխանության գործողությունները ո՞նց է շտկելու։ Կասեք՝ ի՞նչ անենք, ռուսները խնդիրներ են ստեղծում։ Կասեմ, թե ինչ անեք՝ գործ արեք, ԱԺ-ում հերթական հիմարությունն ասելու փոխարեն շփվեք վրացական իշխանությունների հետ, առաջարկեք մեր սահմանին լրացուցիչ ստուգում իրականացնել, պայմանավորվեք շուտ փչացող ապրանքների համար այլ ռեժիմով ստուգման մեխանիզմներ կիրառելու մասին, մեր ՊԵԿ-ի կողմից երաշխիքներ տվեք, որ ապրանքը ստուգված է, պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա: Բիզնեսը երանի է տալիս այն օրերին, երբ կաշառքով կարողանում էր հարց լուծել, ապրանքը տեղ հասցնել։

Հիմա երկիրը ձեր անմեղսունակության հետեւանքով 182 միլիոն հարկից է զրկվում ամեն տարի, բիզնեսը՝ իր եկամուտներից, իսկ Ձեզ Ագրարային համալսարանի շենքը հանգիստ չի տալիս: Ինձ չեք լսում՝ ձեր թիմակից Խաչատուր Սուքիասյանին լսեք, որ խորհրդարանում Վահան Քերոբյանին ասում էր. «Ստեղ ի՞նչ եք անում, գնա Լարսը բաց, արա՜»: