Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում հողամասի անօրինական վարձակալության հետ կապված սկանդալը չի հանդարտվում 

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում հողամասի անօրինական վարձակալության հետ կապված սկանդալը չի հանդարտվում 

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ կարգալույծ է հռչակվել Երուսաղեմի Հայոց պատրիարքության միաբան Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը։ Այդ մասին հրապարակվել է հատուկ հայտարարություն՝ պատրիարքության Դիվանատան բլանկով եւ կնիքով։ Համաձայն այդ հայտարարության, Պարետ Երիցյանը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում գործող կանոններին դեմ, կամ ինչպես հայտարարությունում է նշված, «անհավատարիմ» ընթացք է որդեգրած եղել, այն է՝ «Կովերի պարտեզ» հողատարածքի հետ կապված գործարքի առնչությամբ դրսեւորելով մի շարք «խարդախություններ» եւ «խաբեբայություններ»։ Իսկ ի՞նչ է եղել իրականում։ 

2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյան արքեպիսկոպոսը, Լուսարարապետ Սեւան Ղարիբյան արքեպիսկոպոսը եւ Կալվածոց տեսուչ Պարետ Երիցյան ծայրագույն վարդապետը, ստորագրել են պայմանագիր հրեական ծագմամբ ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ, որով Ռուբենշտեյնին 99 տարով վարձակալության է տրվում «Կովերի պարտեզ» պատրիարքապատկան կալվածը, որը գտնվում է Երուսաղեմի Հայկական թաղամասի հարավ-արեւմտյան հատվածում։ Գործարարը այդ հողամասի վրա պետք է կառուցի հյուրանոց եւ դրա եկամտի չնչին մասը տրամադրի Պատրիարքին։ 

Պատրիարքը եւ Պարետ Երիցյանն այս առնչությամբ բանակցությունները վարել եւ գործարքն ամբողջականացրել են առանց Միաբանության ժողովի համաձայնության, ինչը հակասում է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում գործող կանոններին, ըստ որոնց, նմանատիպ պայմանագրերը պետք է ստորագրվեն միայն Միաբանության ժողովի քննությունից եւ վավերացումից հետո։ Այս պատճառով, 2021 թվականի աշնանը Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծառայող յոթ հոգեւորականներ հայտարարությամբ են հանդես եկել, որով դատապարտել են հողամասի փոխանցումը՝ հյուրանոցի կառուցման համար, իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ս․ Հակոբյանց միաբանության 12 անդամներ հանդես են եկել համատեղ կոմյունիկեով, պահանջելով հետ կանչել պայմանագիրը։ 

Հայ հանրությունն էլ ընդվզել էր այդ գործարքի դեմ եւ սկսել էին հնչել կոչեր՝ պատրիարք Մանուկյանին եւ Պարետ Երիցյանին կարգալույծ անելու վերաբերյալ։ Այս պայքարը շարունակվում է մեկ ու կես տարի եւ կարգալուծության որոշում է կայացվում միայն Պարետ Երիցյանի նկատմամբ։ Սակայն, ինչպես կարծում է Իսրայելում Հայաստանի հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, դա բավարար չէ։ Նա առաջարկում է ոչ միայն եկեղեցական կարգ ու կանոններին հետեւել, այլ նաեւ քաղաքացիական։ Այսինքն, Երուսաղեմի Հայոց պատրիարքության Ս․ Հակոբյանց միաբանությունը պետք է նախ Իսրայելի Ոստիկանություն ներկայացնի պաշտոնական գանգատ, անհապաղ տեղեկացնի ԱՄՆ դեսպանատանը եւ Կենտրոնական հետախուզության վարչությանը փողերի լվացման ենթադրյալ հանցագործության կատարման մասին, գործված Պարետ Երիցյանի կողմից, որպեսզի սկսվի համապատասխան հետաքննություն, քանի որ Պարետ Երիցյանը ունի ամերիկյան քաղաքացիություն։ Պետք է վարձել ամերիկացի իրավաբան, ով կդիմի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո եւ ԱՄՆ Հարկային վարչություն, խնդրելով արգելափակել Պարետ Երիցյանի հետ կապված բանկցային հաշիվները, եւ դիմեն Ինտերպոլ, եթե Պարետ Երիցյանը փորձի դիմել փախուստի եւ թաքնվել իրավապահների տեսադաշտից։ 

Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, սակայն, կարծես թե հանձնվելու տրամադրություններ չունի եւ հակադարձ նամակ է գրել պատրիարք Նուրհան Մանուկյանին եւ Միաբանությանը, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնել իր կարգալուծության հանդեպ, ներկայացրել որոշ տեղեկություններ, որոնցից դատելով, եւ ունեցած տեղեկատվությունը նկատի առնելով, կարելի է ասել, որ նման գործարքները հնարավոր չէ առանց պատրիարքի իրականացնել, եւ ապա կատարել բացահայտում, ըստ որի, պատրիարքը փորձել է Պարետ Երիցյանի միջոցով իրականացնել ամենայն հավանականությամբ վանքապատկան 35 հազար դոլար ընդհանուր արժեքով թանկարժեք իրերի անօրինական վաճառք, խոստանալով որպես միջնորդավճար տալ 5 հազար դոլար, սակայն մերժում է ստացել։ Ընդ որում, նման բան պատրիարքը առաջին անգամը չէ, որ արել է։ 

Արդյոք պատրիարք Նուրհան Մանուկյանը, արքեպիսկոպոս Սեւան Ղարիբյանը կենթարկվեն պատասխանատվության՝ դեռ հայտնի չէ, սակայն պարզ է, որ խնդիրը չափազանց լրջացել է եւ ամենայն հավանականությամբ առաջիկայում կլինեն զարգացումներ։