Ունես 2 թշնամի՝ Ադրբեջան ու Թուրքիա, ինչի՞ ես երրորդին ավելացնում

Ունես 2 թշնամի՝ Ադրբեջան ու Թուրքիա, ինչի՞ ես երրորդին ավելացնում

Մեր զրուցակիցն է Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Սեւյանը։

- Համացանցում ադրբեջանական կողմն իր զինուժը մեր սահմանին կուտակելու մասին տեսանյութեր է տարածում։ Ի՞նչ կուտակումների մասին է խոսքը։

- Ադրբեջանական կողմի այդ ցուցադրական մանյովրները, տեխնիկան առաջ բերելը, գաղտնիությունը բացելը, եթե հիշում եք, նախկինում՝ 2016-ին, 4-օրյա պատերազմի ժամանակ իրենք նույնիսկ Ֆեյսբուքն էին փակել, ինտերնետն էին անջատել, որ իրենց շարժը չերեւա։ Իսկ հիմա, չգիտես ինչու, Ալիեւի պրոպագանդան է՝ նկարել ու տարածել։ Սրանից հանգում ենք 2 հետեւության․ կա՛մ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել մեզ մոտ, կա՛մ՝ ավելի վատ․ արդեն իրենց ձեռքերն ամբողջովին բաց են, ուզում են լայնամասշտաբ պատերազմ սկսել։

- Իրանի արտգործնախարարը վերջերս Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն չեն հանդուրժի։ Արդյոք Ադրբեջանը կգնա՞ պատերազմի, ինչին կհաջորդի հարձակումն Իրանի վրա։

- Այս պատերազմը ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի դեմ էր՝ պատերազմը սկսվել է, մշակվել է Իրանի համար։ Եթե հիշում եք, ասել էի, որ Ադրբեջանը խոստացել էր Արաքսի հովիտը տրամադրել ՆԱՏՕ-ի զորքին, որտեղից իրենք պիտի մխրճվեին Իրան։ Հիմա եկել է Ալիեւի խոստումների ժամանակը։ Ինքը տվել է Արաքսի հովիտներն Իսրայելին, բայց չի կարողանում Նախիջեւանից ՆԱՏՕ-ական զորքը մոտեցնել այդ տարածք։ Ինձ թվում է՝ իրենք կանեն այս հարձակումը, միջանցք կպոկեն։ Ոնց քարտեզին նայում եմ, իրենք կփորձեն հարձակվել Ջերմուկից, Վայքից դեպի Նախիջեւան, կկտրեն այդ միջանցքը։ Նախիջեւանը կմիանա Ադրբեջանին, Թուրքիային՝ Վայքի ու Ջերմուկի միջոցով։ Դա ամենանեղ տեղն է, իրենց համար հեշտ է՝ դաշտավայրային տարածք է, ու ոնց նայում եմ, դիմադրություն Հայաստանում չեն էլ պատրաստվում ցույց տալ։ Կստանանք մի քանի բան՝ այսօրվա խեղկատակ իշխանությունները կասեն․ դե, չկարողացանք պահել՝ պատերազմով վերցրին, բոլոր խնդիրները հասարակ, գյուղացի ժողովրդի գլխին են կոտրվելու։

- Իսկ Սյունիքն ի՞նչ վիճակում կհայտնվի, եթե այդ սցենարը հաջողվի։

- Ոնց որ Արցախն է, Սյունիքն էլ կհայտնվի նույն կարգավիճակում՝ շրջափակման մեջ, հետո կստիպեն, որ հայկական զորքերը դուրս բերվեն այդ հատվածից։

- Ադրբեջանական զինուժի կուտակումներն այս պահին կոնկրետ ո՞ր հատվածներում են։

- Իրենց բաց աղբյուրներից ենք տեղեկանում, որ կուտակումները Նախիջեւանում են, դեպի Ջերմուկի, Քարվաճառի կողմն արդեն բաց երեւում է՝ խոշոր հրետանային համակարգեր են առաջ բերում՝ մինչեւ 40 կմ-անոց հեռահար հրետանիներ։ Դրանք բերում են Սոթք, չեն բերում Վարդենիսի համար, դրանք հեռահար են՝ մինչեւ Սեւան խփելու են։ Նրանց զենքերը 20-40 կմ հեռահարության են։

- Հայաստանի գնած հնդկական զենքերը դրանց համարժե՞ք են։

- Եթե «Ինակա» հրթիռային համակարգի մասին է խոսքը, ապա խփում է 37 կմ հեռահարությամբ, 12 հատ, երկու ժամվա ընթացքում նորից է լիցքավորվում, ես չգիտեմ, որ դա բերել են, ինչի համար են բերել։ Եթե պատերազմ սկսվի Հայաստանում, այդ զենքն ի վիճակի չի լինի գործել, որովհետեւ որ րոպեին այդ զենքը դուրս բերվի մարտական առաջադրանք կատարելու, օդից կոչնչացվի։ Ի՞նչ իմաստ կար այդ երկաթն առնել-բերել։ Երկրորդը․ դա այն տրամաչափի զենք է, որ ոչ մի պետության սնարյադ չի կարող կրակել դրանից՝ միայն հնդկականը։ Ու, չգիտես ինչի, եթե դրա հրթիռները վերջանան, հնարավոր է Հնդկաստանում խցանումներ լինեն, եւ այդ զենքի հրթիռներն այդպես էլ տեղ չհասցվեն։

- Մեր դեմ հարձակման պարագայում ռուսական զորամիավորումները մեզ կաջակցե՞ն։

- Եթե այսօրվա քաղաքական խաղերին նայում ես՝ ոչ։ Ի՞նչ է նշանակում մեր վարչապետի կնոջ՝ հենց հիմա Ուկրաինայում լինելն ու Ուկրաինային օգնություն տանելը։ Կամ՝ ամսի 11-ին Հայաստանն ինչի՞ համար է ՆԱՏՕ-ի զորքերի հետ Հայաստանում զորախաղեր անցկացնում, որ ՀԱՊԿ-ից երեք անգամ հրաժարվեց։ Ես հիշում եմ․ մեր խեղկատակ վարչապետն ասում էր՝ ՀԱՊԿ-ի զորքերը գան, զորավարժություն անեն, Ադրբեջանը կջղայնանա։ Հիմա ՆԱՏՕ-ի զորքերը որ գան, զորավարժություն անեն ու գնան, Ադրբեջանը չի՞ ջղայնանալու։ ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական կարմիր բերետներն են գալու ու մնան։ Մոռանում ենք, որ ՆԱՏՕ-ի առաջին զորքը տարածաշրջանում՝ Թուրքիան է։

- Այսինքն՝ կարծում եք, որ ՆԱՏՕ-ական զորքի տեղակայումն արդեն իսկ սկսվե՞լ է Հայաստանում։

- Արդեն սկսում են․ երեք անգամ մերժեցին ՀԱՊԿ-ին՝ Հայաստանում զորավարժություն անցկացնել, թույլ չտվեցին, ռուսական զորավարժությունները Հայաստանում վտանգ էին դիտարկում։

- ՆԱՏՕ-ի անվան տակ թուրքական բանա՞կն է մտնելու Հայաստան։

- Իհարկե, ՆԱՏՕ-ի առաջին բանակը տարածաշրջանում Թուրքիան է, այլ երկիր չկա։ Երկրորդ վտանգն այն է, որ հարեւան Իրանը միշտ դեմ էր օտարերկրյա ուժերին, հիմա ո՞նց ենք փորձում մեր միակ հարեւան Իրանի վրա դրսից ուժեր բերել ու նրանց վնասել։ Դրա պատասխանն ո՞վ է տալիս։ Ես արցախցի եմ, արցախցիներն ամենավատ շրջանի համար մի լավ խոսք ունեն․ «Քարն ընկնում է գլխին, ասում է՝ պահո, էս ի՞նչ եղավ»։ Անում ենք, հետո մտածում քայլերը։ Բոլորս էլ գիտենք՝ Թուրքիա-Ռուսաստան հացահատիկային գործարքը Ռուսաստանը մերժեց, ինչի՞ չօգտվեցինք դրանից։ Ունես երկու թշնամի՝ Ադրբեջան ու Թուրքիա, ինչի՞ ես երրորդին ավելացնում՝ հանձին Ռուսաստանի։

- Հնարավո՞ր է, որ Իրանի դեմ հարձակման պարագայում Հայաստանի տարածքը դառնա ռազմական գործողությունների դաշտ։

- Ասել եմ, որ ես վախենում եմ, որ գա մի օր, երբ Արեւմուտք-Իրան պատերազմում Հայաստանի վարչապետը հրաման տա հարվածել իրանցիներին։ Բայց մի քիչ ուրախ էլ եմ, որովհետեւ սրանք ի վիճակի չեն տարածաշրջանում հարց լուծել, իրենք մարիոնետկաներ են։ Իրենք առաջնորդվում են այսպես․ չկա պետություն՝ չկա պատասխանատվություն։ Իրենք գնալու տեղ չունեն, իրենք այնպիսի խաղ խաղացին, որ երկրագնդի վրա չկա մի պետություն, երեւի բացի Ադրբեջանից, ուր իրենք կարող են գնալ։ Եթե ոչ, իրենք պատասխանատվություն պիտի կրեն, բայց իրենց համար ամենահեշտ ձեւը սա է․ չկա պետություն՝ չկա պատասխանատվություն։ Բայց, համենայնդեպս, Հայաստանն ուզում են իջեցնել Բաթումիի կարգավիճակին՝ քաղաք-պետություն, Վատիկանի նման։ Փորձեք՝ Երեւանից դուրս եկեք ու տեսեք՝ մարդիկ շա՞տ են․․․ Այս մարդիկ կործանում են Հայաստանը, մինչեւ այսօր դպրոցներում գիրք չկա, այս մարդկանց սովորած, խելացի, գրագետ մարդ պետք չէ՝ անխելքին հեշտ է ղեկավարելը։