«Հրապարակ». Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դիվանագիտական պատերազմ է

«Հրապարակ». Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում դիվանագիտական պատերազմ է

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտն արդեն Ազգային ժողովի օրակարգում է, ՍԴ-ի կողմից դրական եզրահանգումից հետո այն պետք է վավերացնի ԱԺ-ն։ Նշենք, որ կոնվենցիայի վավերացումիւց հետո Միջազգային քրեական դատարանի որոշումները պարտադիր են դառնալու ՀՀ-ի համար։ Զրուցել ենք սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ: Ո՞րն է այդ կոնվենցիայի վավերացման հակառուսականությունը։

«Ես կարծում եմ, որ հակառուսական տարրը շատ ակնհայտ է, որովհետեւ Հռոմի ստատուտի վավերացումը նշանակում է, որ Հայաստանն իր վրա վերցնում է այդ ստատուտով նախատեսված բոլոր միջազգային պարտավորությունները։ Դրա մեջ մտնում է նաեւ Միջազգային քրեական դատարանի որոշումների կատարումը, անկախ նրանից, թե ՀՀ քաղաքացին տվյալ վեճի կողմ հանդիսանո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե Միջազգային քրեական դատարանը որոշում է կայացնում ինչ-որ անձի կալանավորելու կամ ձերբակալելու վերաբերյալ, եւ այդ անձը գտնվում է ՀՀ տարածքում, ապա ՀՀ-ն ունի միջազգային իրավական պարտավորություն՝ այդ անձին հանձնելու համապատասխան մարմիններին` այնպես, ինչպես կորոշի Միջազգային քրեական դատարանը։ Հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր տվել է Պուտինի նկատմամբ, դա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանի ստատուտի վավերացումից հետո Պուտինն այլեւս չի կարող մտնել ՀՀ տարածք, քանի որ պարտավոր են նրան կալանավորել եւ հանձնել համապատասխան մարմիններին։ Այսինքն՝ հակառուսական ուղղվածությունն անզեն աչքով տեսանելի է»։

Կա՞ հնարավորություն ստատուտը վերապահումներով վավերացնելու կամ Միջազգային քրեական դատարանի որոշումները չկատարելու՝ հարցրինք սահմանադրագետին։ «Ոչ, նման հնարավորություն իրավաբանորեն գոյություն չունի։ Ընդհանրապես, միջազգային բազմակողմ պայմանագրերի հետ կապված՝ ընդունված պրակտիկա է, որ թույլատրվում է վերապահումների ինստիտուտը, եւ դա նախատեսված է նաեւ Վիեննայի միջազգային պայմանագրերի մասին կոնվենցիայով, բայց Միջազգային քրեական դատարանի կանոնադրության հետ կապված՝ վերապահումներ ընդհանրապես թույլատրելի չեն, եւ դա ուղղակիորեն սահմանված է Հռոմի ստատուտի 120-րդ հոդվածով։ Դա ունի բացատրություն՝ կապված կոնվենցիայի բնույթի հետ, եւ ակնհայտ է, որ եթե ՀՀ-ն վավերացնում է, ապա իրավական նման հնարավորություն՝ ինչ-որ ձեւով խուսափելու նման վիճակից, ինչի մասին մենք խոսեցինք, ՀՀ-ն չի ունենալու։ Եթե հիշում եք, Պուտինը Հարավաֆրիկյան Հանրապետությունում հրավիրված էր ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Քանի որ ՀԱՀ-ը ե՛ւ ստորագրել, ե՛ւ վավերացրել էր Հռոմի ստատուտը, հնարավորություն կար, որ ՀԱՀ-ը կոնսուլտացիաներ անցկացներ Միջազգային քրեական դատարանի հետ՝ կապված այդ ձերբակալման օրդերի հետ, եւ այդ բանակցությունների արդյունքում կա ՀԱՀ գերագույն դատարանի մի որոշում… ըստ այդ որոշման՝ շատ հստակ է, որ Միջազգային քրեական դատարանը կոմունիկացիայի ժամանակ ՀԱՀ կառավարությանը հստակ ասել է, որ ՀԱՀ կառավարությունն ու ցանկացած այլ պետություն, որը վավերացրել է Հռոմի ստատուտը, պարտավոր է ձերբակալել Պուտինին, եթե Պուտինը գտնվում է իրենց երկրի տարածքում»,- պատասխանեց Պողոսյանը։

ՀՀ-ն դեռեւս նախկին իշխանությունների օրոք ստորագրել էր ստատուտը, սակայն այն չէր վավերացրել, Պողոսյանին հարցրինք՝ ի՞նչն էր պատճառը, որ ՀՀ-ն չէր վավերացնում, դրա համար լուրջ հիմքեր կայի՞ն, չէ՞ որ այն ժամանակ Պուտինի նկատմամբ նման որոշում չկար։

«ՀՀ Սահմանադրական դատարանն իսկապես նման որոշում կայացրել է, հարցը մտել է ՍԴ, եւ 2004 թվականին ՍԴ-ն որոշել էր, որ Հռոմի կանոնադրությունը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը` 2 առումներով։ Առաջինը․ որ դրանով խախտվում է հանրապետության նախագահի՝ ներելու իրավունքը, եւ երկրորդը, որն ավելի կարեւոր էր, դրանով ստացվում էր, որ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են ոչ թե միայն ՀՀ դատարանները, այլ կա նաեւ այլ դատարան, որը կարող է արդարադատություն իրականացնել։ Դրանք էին այն հիմնական պատճառները: Այդ ժամանակ, բնականաբար, Պուտինի ձերբակալման վերաբերյալ որեւէ մեկը չէր էլ կարող մտքի ծայրով անցկացնել, ՍԴ-ի այդ հիմնավորումը կոնյունկտուրայի հետ կապ չուներ: Եվ ես ուզում եմ ասել, որ այսօր արդարադատության իրականացման հետ կապված նույն հակասահմանադրականությունը տեսնում եմ ստատուտը վավերացնելու պարագայում, բայց ՍԴ-ն, խախտելով ՍԴ-ի մասին օրենքը, գործը քննության ընդունեց եւ համաձայնություն տվեց վավերացմանը՝ արհամարհելով այն փաստը, որ Սահմանադրության հոդվածն արդարադատության իրականացումը վերապահում է բացառապես ՀՀ դատարաններին: Գտավ, որ այդտեղ որեւէ հակասություն չկա։ Ասեմ նաեւ, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ նման պրակտիկայի հետ առնչվել է․ շատ-շատ երկրներ, երբ վավերացնում էին Հռոմի կանոնադրությունը, նախօրոք փոփոխություններ կատարեցին իրենց սահմանադրությունում եւ ուղղակի վերապահում արեցին, որ որոշակի հարցերով՝ մարդկության դեմ կատարած հանցագործություններ, ցեղասպանություն, ագրեսիա եւ այլն, արդարադատության իրականացումը կարող է վերապահվել Միջազգային քրեական դատարանին։ Մենք մեր սահմանադրությունում նման դրույթ չունենք, եւ, իմ խորին համոզմամբ՝ այն, ինչ որոշել է ՍԴ-ն, ուղղակի հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- պատասխանեց Պողոսյանը։

Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ իշխանությունների հակառուսական կեցվածքի միակ դրսեւորումը չէ, վերջին օրերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան վիրավորանքներով են միմյանց հետ խոսում,  Նիկոլ Փաշինյանը «Լա Ռեպուբլիկային» տված հարցազրույցում մի շարք հակառուսական հայտարարություններ արեց, նրա կինը մեկնեց Կիեւ․ տպավորություն կա, որ Հայաստանը կտրուկ հակառուսական գիծ է բռնել։ Սա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ «Ես կիսում եմ Ձեր տպավորությունը․ իսկապես Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերություններում դիվանագիտական պատերազմի իրավիճակ է։ Հակառուսականությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը, եւ դա ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ ե՛ւ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, ե՛ւ Արցախի՝ առավել եւս»,- պատասխանեց Պողոսյանը։