Երեւան-Փարիզ-Վաշինգտոնը՝ ընդդեմ Բաքու-Մոսկվայի

Երեւան-Փարիզ-Վաշինգտոնը՝ ընդդեմ Բաքու-Մոսկվայի

Ապրիլի 14-ին Հայաստան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիան ներկայացնող համանախագահ Բրիս Ռոքֆեյլը։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իսկ երեկ տեղեկացանք, որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀՀ վարչապետն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Էնդրյու Շոֆերին:

Ինչ խոսք, համանախագահների այցերը բավական հետաքրքիր ու ինտրիգային կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կանխագուշակել էր ԵԱՀԿ Մինսկի եռանախագահության մայրամուտը։ Դրանից շատ չանցած՝ եռանախագահությունում Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Խովաեւը նշանակվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ։ Կարելի է ասել, որ Արեւմուտքը, ըստ էության, կասկածի տակ է դնում Լավրովի խոսքերը, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն՝ հակառուսական կատաղության մեջ, որոշել են ոչնչացնել Մինսկի խումբը։

Եվ այս այցերը կարելի է Խովաեւի նկատմամբ դեմարշ համարել, նոր պաշտոնի նշանակման առնչությամբ, քանի որ եթե Ռուսաստանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահությունն այլեւս աշխատանքային ձեւաչափ չէ, ապա Փարիզը եւ Վաշինգտոնն ազդակ են ուղարկում, որ համամիտ չեն Ռուսաստանի հետ եւ պատրաստ են աշխատել այդ ձեւաչափում՝ առանց Մոսկվայի։ Սակայն օրեր անց ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Ռոքֆեյլը Հայաստան է այցելել ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ որպես «Արեւելյան գործընկերության հարցով Ֆրանսիայի ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ», ինչի մասին արձանագրել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Ուշագրավ է, որ Երեւանը մինչ այժմ կարծես թե չի ուղղել պաշտոնական հաղորդագրություններում այս «վրիպակը» եւ չի ավելացրել ֆրանսիական ԱԳ նախարարության հավելյալ պարզաբանումը։ Ու հիմա, որպեսզի կարողանանք հասկանալ, թե, վերջիվերջո, ինչ է կատարվում Մինսկի խմբի համանախագահության «խոհանոցում», պետք է փորձենք ավելի հստակ պատկերացնել իրականությունը՝ ընդունելով այն ելակետը, որ մինչ այս պահը որեւէ մեկը չի հայտարարել, որ Մինսկի խումբը լուծարվում է, եւ այն ֆորմալ առումով կա՝ գործում է։

Ըստ էության, Ռուսաստանի դիրքորոշումը հայաստանյան լսարանի համար հստակեցրել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ գրեթե կրկնելով Լավրովի հնչեցրած թեզիսները եւ փորձելով համոզել, որ Մոսկվան քաղաքական իմաստով չի ոչնչացնում «եռյակին», խնդիրները պետք է այլ տեղ փնտրել։

Ի դեպ, ԱՄՆ պետդեպարտամենտն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի կնքման եւ ղարաբաղյան հակամարտության խնդիրների լուծման հարցում, այդ թվում նաեւ այն հնարավորությունների շրջանակներում, որ ընձեռում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փաստացի առոչինչ է, դա էլ է հայտնի։ Ու չնայած ե՛ւ Երեւանը, ե՛ւ Բաքուն պատրաստակամ են հարաբերություններ նորմալացնել, խաղաղության համաձայնագիր կնքել, այսպես ասած, ռուսական հովանու ներքո, սակայն, մյուս կողմից՝ Մոսկվան ու Բաքուն հայտարարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն ի վիճակի չէ այլեւս հարցեր լուծելու, իսկ ահա Երեւանը, Վաշինգտոնն ու Փարիզը կարծում են, որ այդպես չէ։ Ու այս ամենի մեջ արդեն որոշակի խառնաշփոթ եւ վտանգներ կան։ Քանի որ Երեւանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի հետ կապված հարցերում կանգնած է Ամերիկայի եւ Ֆրանսիայի կողքին, իսկ նրանք խոսում են համանախագահության ապագայի մասին, սակայն չեն նշում, որ խումբը 3 համանախագահ ունի, երրորդ համանախագահը Ռուսաստանն է ներկայացնում։

Սա, ինչ խոսք, վտանգավոր է, որովհետեւ, ըստ էության, փորձ է արվում չեղարկել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերակատարումը, մինչդեռ Ղարաբաղում խաղաղ կյանքը կանգուն է ռուս խաղաղապահների շնորհիվ, ու դեռ հայտնի չէ, թե Երեւանի այս կեցվածքը Մոսկվան ինչպես է ընդունելու։ Թեեւ, եթե անկեղծ լինենք, Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիեւ վերջին հանդիպումից հետո ակնհայտ է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանն իրար հետ լեզու կգտնեն, գնդակը կմնա Երեւանի դաշտում, եւ Երեւանի պահվածքը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ։