Դեմոկրատները ո՛չ են ասել Իսրայելի օգնության օրինագծին․ դեմոկրատ Բայդենը դեմ է

Դեմոկրատները ո՛չ են ասել Իսրայելի օգնության օրինագծին․ դեմոկրատ Բայդենը դեմ է

ԱՄՆ Սենատի դեմոկրատները արգելափակել են հանրապետականների ջանքերը՝ Կոնգրեսի զույգ պալատների հավանությանն արժանացնել Իսրայելին անհապաղ օգնություն տրամադրող օրինագիծը, գրում է Ամերիկայի Ձայն-ը։
Նախագիծն անցած շաբաթ ստացել էր Ներկայացուցիչների տան հավանությունը, ուր մեծամասնությունը հանրապետականներն են։ Այդ նախագծում, սակայն, որևէ օգնություն նախատեսված չէ Ուկրաինային։

Հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալն մտահոգված է. «Ժամանակն էական նշանակություն ունի, և շատ կարևոր է, որ Սենատը գեթ մեկ օր չհետաձգի այս կարևոր օգնության տրամադրումը Իսրայելին»:

Ըստ դեմոկրատների, կարևոր է Իսրայելին, բայց նաև Ուկրաինային ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, շարունակել մարդասիրական օգնությունը աշխարհի տարբեր հատվածներում, ամրապնդել երկրի սահմանային անվտանգությունը, Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հակազդել Չինաստանին:

Այս ամենը ներառված է 106 միլիարդ դոլար արժողությամբ նախագծում, որը նախագահ Բայդենն անցած ամիս ուղարկել էր Կոնգրես՝ հաստատման:

Դեմոկրատները քննադատել են հանրապետականներին, թե վերջիններս շահարկում են մերձավորարևելյան ճգնաժամը՝ Իսրայելին տրամադրվող աջակցությունը պայմանավորելով ԱՄՆ հարկային ծառայության ֆինանսավորման կրճատմամբ: Հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների տան հաստատված օրինագիծը նախատեսում է Իսրայելին տրամադրել 14,3 միլիարդ դոլար աջակցություն՝ նույնչափ կրճատելով հարկային ծառայության բյուջեն։

Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականները գլխավորապես կողմ քվեարկեցին փաստաթղթին, դեմոկրատները՝ դեմ։ Սպիտակ տունն արձագանքել է, թե նախագահ Բայդենը պատրաստվում է վետո կիրառել այդ օրինագծի նկատմամբ: Սենատում հույս ունեն իրենց օրինագիծը ներկայացնել արդեն այս շաբաթ: