Մոտ մեկ շաբաթ է Հ1-ն անդրադառնում է հարցին` միակողմանի

Մոտ մեկ շաբաթ է Հ1-ն անդրադառնում է հարցին` միակողմանի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտարարություն է տարածել` Հանրային հեռուստաընկերությանն, ըստ էության, կողմնապահության մեջ մեղադրելով: 
«Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։ Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։ Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին», - ասված է հայտարարության մեջ: 

Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ եկեղեցականները մշտապես եղել են Հանրայինում, որ հեռուստաընկերությունը երբևէ չի խուսափել նրանց հարթակ տրամադրելուց, սակայն վերջին շաբաթվա ընթացքում Իրան-Իսրայել հակամարտության պատճառով չեն հասցրել եկեղեցու ներկայացուցիչներին հարթակ տրամադրել. «Ի՞նչ ասեմ…. իսկ ո՞վ ասաց, որ նրանց հարթակ չենք տալիս: Ես պայմանավորվել էի, որ պետք է հրավիրեմ, բայց եղավ Իրանի խնդիրը: Իրենք հարյուր անգամ մեր եթերում եղել են: Նրանք էլ պետք է լինեն օբյեկտիվ` երբ նախընտրական արշավից առաջ մի ուժի օրհնում են, դա օբյեկտի՞վ է, թե՞ քաղաքական դիրքորոշում: Երբ օբյեկտիվություն են պահանջում, նախ պետք է իրենք իրենցից պահանջեն: Ոչ մի խնդիր չկա նրանց եթեր կանչելու, կկանչենք: Ե՞րբ է խնդիր եղել, որ իրենք եթերով խոսեն», - ասում է Պետրոս Ղազարյանը: 
Բայց կոնկրետ հարցեր են քննարկվել հաղորդման ժամանակ` եկեղոցուն վերաբերող ու ոչ մի եկեղեցական ներկա չի եղել, դրանից է եկեղեցականների դժգոհությունը. «Չգիտեմ ինչն է իրենց դժգոհության առիթը, բայց եթե օբյեկտիվությունն ու հավասարությունն իրենց հետաքրքիր է, թող ուրիշ ալիքներ էլ նայեն, չե՞ն տեսնում այլ ոչ օբյեկտիվություն և միակողմանի քարոզ, հեչ չե՞ն տեսնում, բա թող պահանջեն, թե՞ միայն իրենց մասով է օբյեկտիվությունը հետաքրքրում», - ասաց Ղազարյանը:

Եսայի քահանա Արթենյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Պետրոս Ղազարյանի վերոնշյալ հայտարարությունները զուտ արդարացումներ են, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն. «Դրանք Պետրոս Ղազարյանի արդարացումներն են, իսկ իրականությունն այն է, որ մոտ մեկ շաբաթ է Հանրային հեռուստաընկերությունը հարցին անդրադառնում է միակողմանի: Կարծում եմ` կարող էին հավասարությունը պահելու առումով նաև Մայր Աթոռի կարծիքը հաշվի առնել, սակայն այդպես չի եղել: Մեկ անգամ Պետրոս Ղազարյանի հարցազրույցի շրջանակում Չախոյան ազգանունով մեկի հետ է եկեղեցու մասին զրույց եղել, փոդքասթ տաղավարում` Տիգրան Հակոբյանի հետ է քննարկել: Այս ընթացքում մի քանի առիթ են ունեցել եկեղեցու մասին խոսելու, կարծում եմ` կարող էին գոնե մեկ հոգևորականի հրավիրել տաղավար: Հ1-ի կողմից միայն մեկ անգամ է առաջարկ եղել` Տաթև Դանիելյանի կողմից, ցանկացել են բանավեճ կազմակերպել, սակայն ՔՊ-ից այդպես էլ ոչ ոք չի համաձայնել եթերին մասնակցել», - նշեց նա: 

Ինչո՞վ է պայմանավորված Հանրայինի այդ կողմանակալ վերաբերմունքը` եկեղեցու հանդեպ. «Այդ հարցին իրենք կարող են միայն պատասխանել: Առաջին հերթին փորձում են եկեղեցու ասածները խեղաթյուրել: Ասում են բաներ, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունի, անգամ Մայր Աթոռին մեղադրել են կեղծիքներ տարածելու մեջ»: Իսկ եթե այժմ լինի առաջարկ կգնա՞ք Հ1. «Եկեղեցին միշտ է պատրաստ եղել»: