Ինչի՞ մեջ է մեղադրվում դատավոր Բախշիյանը․ նա կալանավորել է Փաշինյանի աջակցին

Ինչի՞ մեջ է մեղադրվում դատավոր Բախշիյանը․ նա կալանավորել է Փաշինյանի աջակցին

Երեկ, մինչեւ ուշ գիշեր Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ-ի կողմից անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը։ ԲԴԽ-ն, ի վերջո, թույլ է տվել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ իրավապահները հետաքրքրություն են ունեցել որոշ ժամանակ առաջ, երբ կալանավորման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի աջակցի նկատմամբ։ Իրավապահներն առավել սեւեռվել են նրա ուղղությամբ, երբ Բախշիյանը Աշոտ (Երկաթ) Մինասյանի կալանավորումը փոփոխել է գրավով եւ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։

Մենք փորձեցինք կապ հաստատել դատավորի հետ, նա ասաց, որ այս պահին զբաղված է, չի կարող խոսել։ Մեր պնդումներին, թե ինչպես է վերաբերվում ընթացող պրոցեսներին իր նկատմամբ, պատասխանեց․ «Շատ բացասական եմ վերաբերվում»։

«Հրապարակ»-ը զրուցեց նաեւ Բախշիյանի փաստաբանի հետ, վերջինս տեղեկացրեց, որ  Բախշիյանի նկատմամբ պրոցեսներ են սկսվել ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար․ «Դատավորն իր լիազորություններից է օգտվել, նա իրավասու է եղել փոխել ամբաստանյալի խափանման միջոցի կարգը։ Ամբաստանյալը, որը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, չի ներկայացել դատական նիստին, դատարանը փոխել է խափանման միջոցը եւ կալանավորել։ Ի դեպ, դատարանի այդ որոշումը չի էլ բողոքարկվել դատախազության կողմից, բայց ամիսներ անց մեկ էլ հանկարծակի դատախազությունը գտնում է, որ ապօրինի կալանավորում է եղել, եւ մտնում է ԲԴԽ։ Վերջինս փոխանակ ապահովեր դատավորի անկախությունը, որ չի կարելի միջամտել դատավորի գործունեությանը, դրեց եւ բավարարեց դատախազության ապօրինի միջնորդությունը։ Արդարադատությունը վտանգվեց, սա գնահատում եմ շատ ծանր հետևանքով հղի ապօրինություններ»։

Փաստաբանը նաեւ հայտնեց, որ նախկին ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը, ինչն էլ խախտվել է ամբաստանյալի կողմից։

Հարցին, թե խոսքը Փաշինյանի աջակցին կալանավորելու մասի՞ն է, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի։

Ավելի ուշ մենք նաեւ տեղեկություն ստացանք, որ ամբաստանյալին, որին կալանավորման որոշում է տվել Բախշիյանը, երկու շաբաթ անց փոխել է խափանման միջոցը` այս անգամ ազատ արձակելով։

Նշենք, որ մինչ այս պահը դեռեւս որեւէ դատավորի չի մակագրվել դատավորի կալանավորման միջնորդությունը, փաստաբանը նաեւ ասաց, որ կալանավորման միջնորդության վերաբերյալ եւս տեղեկություն չունեն։

Նշենք, որ այսօր, ի պաշտպանություն դատավորի, մի խումբ փաստաբաններ հավաքվելու են Աջափնյակի նստավայրի դիմաց։ Փաստաբան Ամրամ Մակինյանը տեղեկացնում է, որ այնտեղ են հավաքվելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումների դեմ․ «Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` «ոչ» ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին...
...Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով»։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են գտնվում նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի և Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը։