Քննչականը Աշոտյանի դեմ ցուցմունք տվող է փնտրում

Քննչականը Աշոտյանի դեմ ցուցմունք տվող է փնտրում

Մենք այսօր գրել էինք, որ երեկ ձերբակալվել է Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, ում մարդիկ գիտեն որպես Կաթողիկոսի բժիշկ։ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ հաջորդն ինքն է լինելու՝ Նարիմանյանին ձերբակալել են իր դեմ ցուցմունք կորզելու նպատակով։ Սակայն երեկ ուշ երեկոյան պրոֆեսոր Նարիմանյանը ազատ է արձակվել։ Ըստ ամենայնի, նրան ոչ թե ձերբակալել էին, այլ բերման ենթարկել՝ հարցաքննելու նպատակով։ 

Մենք  գրել էինք, որ չի բացառվում, որ Քննչական կոմիտեն ստացել է իրեն անհրաժեշտ ցուցմունքները եւ բաց է թողել բժշկին։ Մեր աղբյուրն ասում է, որ Միքայել Նարիմանյանը փափուկ, մեղմ մարդ է, նրա նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրել։ Բացի այդ՝ լուրջ առողջական խնդիրներ ունի․ վերջերս ծանր ինսուլտ էր ստացել։ Իսկ Կոմիտե գնալուց առաջ հրաժարվել է նախկին փաստաբանից, որը ծառայություններ էր մատուցում նաեւ Արմեն Աշոտյանին։ 

Քիչ առաջ մեզ հաղորդեցին, որ քննչական գործողություններ իրականացվել են ոչ միայն Նարիմանյանի, այլ այդ գործին որեւէ կերպ առնչություն ունեցող անձանց նկատմամբ, մասնավորապես արհմիության այդ շրջանի նախագահ Մարտա Սիմոնյանին են տարել։ Այսինքն, ինտենսիվ գործողություններ են իրականացվում, ինչից հասկանալի է, որ հրահանգ է իջել Աշոտյանին ձերբակալելու։ Սակայն, մեր աղբյուրը հաղորդում է, որ Նարիմանյանն, այնուամենայնիվ ուղիղ ցուցմունք չի տվել Աշոտյանի դեմ, դա է պատճառը, որ ցուցմունքի փնտրտուքը շարունակվում է։ Իսկ տարեց պրոֆեսորին, որը առողջական լուրջ խնդիրներ ունի, բաց են թողել ժամանակավորապես՝ ասելով, որ կամ գրավ են կիրառելու իր նկատմամբ՝ 40 միլիոն դրամի չափով, ինչը նրա համար մեծ գումար է, կամ՝ պետք է ցուցմունք տա Աշոտյանի դեմ։ Թե շաբաթ-կիրակի օրերին այս ակտիվ քննչական աշխատանքներն ինչով է բացատրվում, ինչից է Փաշինյանը վրդովվել, որ հրահանգել է արագացնեն քննությունը, պարզ չէ։